Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Օսկանյանը դնի իր թեկնածությունը, ես սա շատ լուրջ առաջխաղացում կհամարեմ Հայաստանի համար»

Հուլիս 20,2012 17:56

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին` Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ընտրապայքարը չի ծավալվի երեք նախագահների միջև: «Հասարակությունը առաջ է գնում, ավելի զարգացած է, և նորից վերադառնալ անցած նախագահներին ու այսպես ասած, ռեանիմիացիա անել նրանց, կարծում եմ, հասարակությունը գիտակցում է, որ դրա կարիքը չկա, եթե իհարկե չլինեն արտառոց զարգացումներ Ղարաբաղի հետ կապված: Այսինքն, եթե ֆորս մաժորային իրադրություն ստեղծվի, միգուցե կարիք կլինի վերադարձնել հին նախագահներից որևէ մեկին: Ֆորս մաժորային իրադրություններում հասարակությունը փորձում է այդ պահին անհապաղ ինչ-որ լուծում գտնել այդ իրադրության համար:Այդ ժամանակ հնարավոր է հասարակության հիշողությունը կարճ լինի և մոռանա այն բացասականը, որը եղել է նախկինում և որոշում կայացնի տվյալ պահի դրությամբ, պահը փրկելու համար:Միայն այդ ժամանակ է հնարավոր հին նախագահներից որևէ մեկի վերադարձը»:

Վահան Խաչատրյանի կանխատեսմամբ, նորմալ ընտրությունների դեպքում կմրցեն Սերժ Սարգսյանն ու ինչ-որ մի նոր ուժ: Իսկ թե ով կլինի այդ ուժը, ԳԱԼԱ-ի սեփականատիրոջը հասած տեղեկություններով, Վարդան Օսկանյանն է: «Եթե Վարդան Օսկանյանը դնի իր թեկնածությունը, ես սա շատ լուրջ առաջխաղացում կհամարեմ Հայաստանի Հանրապետության համար և կողջունեմ էդ քայլը», – ասում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանն էլ, թե Վարդան Օսկանյանին շատերը քննադատում են` համարելով Ռոբերտ Քոչարյանի կադրը, ԳԱԼԱ-ի սեփականատերն այսպես է արձագանքում. «Ես կասեմ, որ Հայաստանը շատ փոքր պետություն է` փոքրաթիվ ազգաբնակչությամբ և եթե մենք խորը նայենք, թե ով ում կադրերից է, կամ այլ կերպ ձևակերպեմ, թե ով ում հետ է աշխատել և եղել իշխանություն որոշ ժամանակով, ապա մենք կհասկանանք, որ շատ քիչ մարդիկ կան: Մենք ունեցած ռեսուրսից պետք է ընտրենք ինչ-որ մեկին: Նույն տրամաբանությամբ էլ կարելի է մտածել, որ ինչ-որ մեկն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի կադրերից է: Մենք ունենք էն, ինչ-որ ունենք, և անտեսել մոտ 15 տարի իշխանությունում աշխատած ու չկոռումպացված մարդուն, մենք այդպիսի շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ: Մենք շատ քիչ մարդիկ գիտենք, որոնք որ եղել են իշխանության մեջ և չեն փչացել էդ իշխանությունից: Վարդան Օսկանյանին համարում եմ էդ մարդկանցից մեկը, նա այն մարդն է, ով լուրջ հեղինակություն ունի միջազգային ատյաններում, լուրջ ներդրում ունի Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, շատ լավ է հասկանում տնտեսությունից, վերջին իր նկատառումներն ու տնտեսական հոդվածներն են սա ցույց տալիս: Ցանկացած մարդու կարելի է կապել այս կամ այն նախագահի հետ, մանավանդ այն մարդուն, ով եղել է իշխանության մեջ: Մենք չենք կարող յուրաքանչյուր նախագահի հետ սրբել, այսպես ասած, իր հետ աշխատած բոլոր մարդկանց և ստեղծել նոր սերունդ: Չկա այդպիսի բան, կա դինամիկա և դինամիկայի մեջ պետք է նայել»,- ասում է ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Նա հիշեցնում է, որ Միխայել Սահակաշվիլին ևս եղել է Շեվարդնաձեի կադրը, բայց Սահակաշվիլու ու Շեվարդնաձեի ղեկավարած Վրաստանի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031