Այսօր մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար էր, ցերեկվա անտանելի շոգին ասֆալտապատվում էին միանգամից մի քանի փողոցներ՝ Բաղրամյանը, Մաշտոցը, Քոչարը:
Խայտառակ էր վիճակը հատկապես Բաղրամյան փողոցում: «Խաչառ» ՍՊԸ-ն փողոցի կեսը փակել էր, մեքենաներն ու տրոլեյբուսները, խուսափելով վթարից, կամ անցնում էին փողոցի մեջտեղով շարված երկաթե ցուցանակների վրայով, կամ մտնում արգելված գոտի՝ ստեղծելով անորոշ վթարային իրավիճակ: Ցուցանակները հաստատ խանգարում էին, բայց աշխատակիցները պատմեցին, թե հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ քննադատել էին իրենց, որ քաղաքակիրթ երկրներում այդպես չեն աշխատում, իրենց էլ վերեւից կարգադրել են, թե պետք է քաղաքակիրթ աշխատեք, ոնց ուզում եք, ու հիմա իրենք ստիպված են անընդհատ հավաքել ու նորից շարել դրանք՝ կախված մեքենաների հոսքից:
Ասֆալտապատող ընկերության որեւէ ներկայացուցիչ չկար մոտակայքում, որ գոնե հասկանայինք, թե ինչ է կատարվում: Բանվորներից մեկն ասաց, թե՝ փողոցի վերջում են կանգնած շեֆերը կամ էլ գնացել են ուտել խմելու:
Կարդացեք նաև
Մինչեւ Օրբելի խաչմերուկ՝ Բաղրամյան փողոցը միակողմանի փակ էր: Իսկ Կամոյի դպրոցի դիմաց, ասֆալտապատմանը զուգահեռ, ինչ- որ փոսեր էին փորված, խողովակներ էին փոխում: Իբր քիչ էր, որ փողոցը ծանրաբռնված էր, դեռ մի բան էլ ամբողջ փողոցի երկայնքով տեխնիկա էր շարված : Հետաքրքիր է՝ «Խաչառը» ո՞ւմ էր ցուցադրում իր ունեցվածքը,նախագահականի՞ն, թե՞ Ազգային ժողովին…
Մինչեւ Մաշտոցի պողոտա հասնելը ահագին ժամանակ կորցրեցինք, վարորդները դանդաղեցրել էին ընթացքը, որ հանկարծ վթարներ չլինեին, իսկ դա խցանումներ էր առաջացրել: Ամերիկյան համալսարանի մոտ մի քանի մարդ էր կանգնած, նրանցից հավանաբար աշխղեկն էր ,որ հարցին, թե՝ ձեզ ինչպե՞ս ներկայացնենք, ասաց, թե ինքն ազգանուն չունի, ու դժգոհեց՝« Բա ինչ անենք, գործ է, պիտի անենք, բա առանց փակելու ո՞նց անենք»: Օրվա այլ՝ ավելի թեթեւ ժամի աշխատելուն էլ դեմ էր՝ «էսպես է հարմար, պիտի հասցնենք»: Թե ինչի՞ պետք է բնակիչներն ու երթեւեկությունը հարմարվեն ՍՊԸ-ի շահերին, աշխղեկը պատասխան չուներ: Փոխարենը աշխղեկը ստանձնել էր նաեւ ճանապարհային ոստիկանի դերը. նա կանգնել էր կիսափակ փողոցի մեջտեղում ու կարգավորում էր երթեւեկությունը, մեքենաներին ցուցումներ էր տալիս:
Նշենք, որ այստեղ, ճՈ ոստիկանի կարիք իսկապես կար, սակայն այդ գործն էլ էին ասֆալտապատողները ստանձնել: Ինչեւէ, այս փնթի աշխատանքից նեղված մի կերպ հասանք Մաշտոցի պողոտա, պարզվեց, որ էստեղ էլ ասֆալտապատում էր կատարում մեկ այլ ընկերություն: Սակայն ի տարբերություն «Խաչառի»՝ այս ընկերությունը փողոցը չէր փակել, երթեւեկությունն ազատ էր: Տեխնիկան փողոցի մեջտեղում էր. Պուշկին – Մաշտոց խաչմերուկում ընդմիջման ժամ էր ու մեքենայի վրա նստած բանվորը անխռով իր բրդուճն էր վայելում: Այդպես էլ չհասկացանք՝ ինչո՞ւ էր Բաղրամյանը փակ, Մաշտոցը՝ բաց…
Փորձեցինք զրուցել նաեւ այս ընկերության պատասխանատուի հետ: Աշխղեկ Կարեն Ալեքսանյանն ասաց, որ ինքը ներկայացնում է «Վահագն եւ Սամվել» կազմակերպությունը: Հարցին՝ Մաշտոցն ավելի ծանրաբեռնված փողոց է, այսքան խաչմերուկներ կան, ինչո՞ւ չեք փակում աշխատելիս՝ աշխղեկը ասաց. «Մենք ունենք ինժեների կողմից տրված աշխատանքային կատարման սխեմա ու դրա հիման վրա կարողանում ենք կազմակերպել աշխատանքը առանց փակելու»:
Մյուս փողոցը, որտեղ եւս եղանք արդեն հետաքրքրությունից դրդված, Հր. Քոչարն էր: Այդ պահին այնտեղ եւս աշխատանքներ էր կատարում «Սահակյանշին» ՍՊԸ-ն: Այստեղ եւս փողոցը բաց էր ասֆալտապատվում, իսկ ասֆալտի հատիկները թռչում էին մարդկանց դեմքերին, չնայած դրան՝ վիճակն ավելի բարվոք էր, քան Բաղրամյանում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ