«Ցանկացած պետություն՝ լինի ժողովրդավարական, թե ավտորիտար, այնտեղ միայն մեկ սուբյեկտ իրավունք ունի ուժ, բռնություն կիրառել ժողովրդի դեմ եւ դա կոչվում է իշխանություն: Հայաստանում նոր տենդենցներ են ուժեղանում, հստակեցվում. ինչ-որ մարդիկ ասում են՝ իմ ռեստորանում, իմ փողոցում, իմ քաղաքում ես եմ որոշողը, թե ով պետք է ուժ կիրառի: Սա մարտահրավեր է՝ ուղղված հասարակության եւ իշխանության դեմ: Որոշ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է նշանակում պետություն, պետականություն ասվածն ու ում ուզում ծեծում են՝ փոքր-մոքր օլիգարխներն էլ ասում են՝ լավ է անում: Ինչ է պետության իշխանությունը չի՞ տարածվում կոնկրետ ռեստորանի վրա»,- «Հարսնաքարի» ողբերգական դեպքի վերաբերյալ խոսելիս, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Մեկնաբանելով Aravot.am-ի հարցն այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ նոր բոյկոտ է սկսել ժողովուրդը, ռեստորաններում, սրճարաններում մերժում է վերջինի արտադրանքը՝ «Նոյը», «Բջնին», Գրիգորյանը ասաց. «Ես կողմնակից չեմ այսպիսի բոյկոտներին: Նույնը կարող եմ զուգահեռ անցկացնել թուրքական ապրանքների մասով: Պետք չէ բոյկոտել մեր օլիգարխների ապրանքը: «Հարսնաքարի» դեպքն ինձ վրա կատաստրոֆիկ տպավորություն թողեց, եւ ես Ռուբեն Հայրապետյանի դիրքորոշումը չզգացի»,-ասաց քաղաքագետը՝ զարմանալով, թե ինչու Ռուբեն Հայրապետյանը, որպես ռեստորանի սեփականատեր չի ասում, որ այլեւս նման բաներ չեն կրկնվի: «Չէ՞ որ նրա ասած խոսքից շատ բան է կախված: Ինչու նա չի խոսում: Ի վերջո՝ ամբողջ երկիրը նրա անունն է շոշափում: Ցավոք, փոխարենը՝ այդ դեպքից անմիջապես հետո օլիգարխներից մեկը Հայրապետյանին ասաց, թե՝ ախպեր ջան, քո թիկունքին կանգնած եմ: Չեմ հասկանում, որն է իր թիկունքը, ուրեմն սպանե՞ն մարդկանց»,-հարցնում է Գրիգորյանը՝ հավելելով, որ այս երեւույթները մարտահրավերներ են:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ