Ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանն իր կարիերան սկսել է լուսանկարչությունից, այնուհետև իր տաղանդն արտահայտել ֆիլմերի միջոցով: Իր գլուխգործոցներից է «Նանա» ֆիլմը (չորսամյա աղջկա մասին, որը հայտնվում է անտառում և հենց այդտեղ էլ ծավալվում է ֆիլմի ամբողջ գործողությունը): Ֆիլմը 2012 թվականին «լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին (Ֆրանսիա): Սակայն մինչ ֆիլմի որոշ մանրամասներին անցնելը, ցանկացանք զրուցել ռեժիսորի հետ տեղի ունեցած կինոփառատոնի մասին:
Վալերի, ի՞նչ տպավորություն ունեք այս տարվա «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի մասին:
Ֆիլմերի ընտրությունը և, առհասարակ, փառատոնի կազմակերպվածությունը բավականին լավն է:
Նկատել եք արդյո՞ք որոշ թերություններ թե՜ փառատոնի հետ կապված, թե՜ մարդկային շփման մեջ:
Ես մի փոքր ուշ` հուլիսի 10-ին եմ ժամանել Երևան և հասցրել եմ միայն տեսնել մայրաքաղաքի կենտրոնն ու հյուրերին, որոնք իրոք շատ շատ են (ժպտում է-հեղինակ):
Ի՞նչ կարևորություն և նշանակություն ունի փառատոնը Ձեզ համար:
Այն ինձ համար կարևոր է երկու իմաստով. կինոյի և զգացմունքային առումով, քանի որ կիսով չափ հայ եմ, կիսով չափ ֆրանսիացի:
Ինչպիսի՞ ծրագրեր ունեք կապված հաջորդ տարվա «Ոսկե ծիրանի» հետ: Պատրաստվո՞ւմ եք կրկին գալ Հայաստան:
Վստահ չեմ` կկարողանա՞մ արդյոք նորից գալ Հայաստան, որովհետև իմ հաջորդ ֆիլմը դեռ պատրաստ չէ: Առհասարակ չեմ պլանավորում ֆիլմեր պատրաստել փառատոների համար, դա ուղղակի իմ աշխատանքն է:
Իսկ ներկա պահին ի՞նչ ֆիլմ եք պատրաստում նկարահանել:
Դեռ ֆիլմի սցենարն եմ գրում: Այդ ֆիլմը ևս ֆիզիկական փոփոխությունների հետ է կապված, որը 13 տարեկան աղջնակի մասին է և ցույց է տալիս, որ այդ տարիքի երեխաներին պետք է սովորեցնել` ինչպես ուղղորդել ու իրագործել իրենց երազանքները` ապրելով սեփական մարմնում:
Անդրադառնալով «Նանա» ֆիլմին, կարծես այնքան էլ զգայուն չեք դաժանության նկատմամբ:
Բռնությունն ու դաժանությունը մեր կյանքի մասն են կազմում, իսկ երեխաները նույնպես կարող են դաժան լինել, քանի որ իրենց համար կյանքում ամեն ինչ նույնն է, և կյանքի ու մահվան հարցն այնքան էլ կարևոր չէ: Իսկ եթե բռնությունը ճնշվում է, շատ վատ դրսևորումներ է ունենում հետագայում:
Հաճախ ֆիլմ դիտելիս մարդիկ որոշ կարծրատիպեր կամ սպասումներ են ունենում` հետագա ընթացքի վերաբերյալ: Դուք ինչպե՞ս եք կառուցում Ձեր ֆիլմերը:
Իսկապես այդպես է, սակայն չպետք է ինչ-որ բանի սպասել ֆիլմում, այլ կյանքն ու ֆիլմը պետք է ապրել քայլ առ քայլ: Ինչ վերաբերում է «Նանա» ֆիլմին, այն իրական պատմություն չէ և իրականի ու հեքիաթի միջև բաժանարար գիծը միախառնված է: Ես կինոյում սիրում եմ յուրահատուկ խոսքը, երկխոսություններն ու հետաքրքիր ընթացքը: Ուստի դիտողներին թույլ եմ տալիս ազատ որոշել, թե ինչ նայել, այսինքն` դիտողն ինքն է ֆիլմը կառուցում:
Ելենա Չոբանյան