Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում՝ Արցախում կայացած նախագահական ընտրությունների մասին: Օսկանյանի գրառումը ներկայացված է ստորև:
Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակի համար շնորհավորում եմ Բակո Սահակյանին: Շնորհավորում եմ Վիտալի Բալասանյանին ստացած ծանրակշիռ վստահության համար: Բնականաբար շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին:
Անկախ առկա թերություններից՝ այս ընտրություններում երկու դրական տեղաշարժ արձանագրվեց:
Նախ, ընտրարշավում ժողովուրդն ունեցավ այլընտրանքային թեկնածու, որն ի ցույց դրեց իշխանության թերությունները, ներկայացրեց այլընտրանքային ծրագիր, ինչին հասարակության զգալի հատվածը հավանություն տվեց: Սա նշանակում է, որ արցախցիները կարողացան ջարդել այն կարծրատիպը, որ իբր թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում՝ բարձրաձայնելով մեր իսկ խնդիրների մասին (այս կարծրատիպը կա նաև Հայաստանում):
Կարդացեք նաև
Երկրորդ, Վիտալի Բալասանյանը թեև հայտարարել է, որ ընտրությունները «ազատ էին, բայց ոչ արդար», սակայն իր ստացած քվեները համարել է լավ արդյունք՝ քաղաքական նոր կառույցի ստեղծման համար:
Իրոք, Արցախում լուրջ ընդդիմության առկայությունը էապես կարող է նպաստել պետության զարգացմանը և նրա միջազգային ճանաչմանը: Ժամանակն է, որ մենք բոլորս Հայաստանում և Արցախում գիտակցենք, որ ժողովրդավարության ամրագրումը շատ ավելի է նպաստում մեր անվտանգության և պաշտպանության ամրապնդմանը, քան պատերազմի սպառնալիքի շահարկումը և այդ համատեքստում մարդու իավունքների և ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը: