Հայաստանում նույնիսկ աղբն է ստվերում, մեզ մոտ աղբն են գողանում ու ստվերային մշակմամբ զբաղվում: Այսօր նման կարծիք հայտնեց «Քլին լենդ» (մաքուր աշխարհ) ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը՝ Ամերիկյան համալսարանում «let’s do it!Armenia» էկոլոգիական շարժման կողմից կազմակերպած կոնֆերանսի ժամանակ: «Քլին լենդը» Հայաստանի մի շարք քաղաքներում զբաղվում է աղբի վերամշակմամբ եւ այն որպես երկրորդային հումք` արտահանմամբ: Ընկերությունը գործի անցնելուց առաջ ուսումնասիրել եւ պարզել էր, որ հավաքվող աղբի ծավալը միանգամայն կբավարարի այստեղ աշխատելու համար, սակայն ընթացքում աղբը պակասություն է արել, ինչից էլ ընկերությունը հետեւություն է արել. «Դա նշանակում է, որ ստվերում գործող բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք տեսակավորում են աղբը եւ անորակ աղբը հանձնում են գործարաններին: Տանում են ստվերում գործող կազմակերպություններ, որոնք իրենց տանը փորձում են ձեզ համար ստեղծել, օրինակ` մանրաթելեր, եւ այն, ինչ օգտագործվում է տարբեր ոլորտներում, ընդ որում՝ ոչ հիգիենիկ պայմաններում են աշխատում»:
Տիկին Ավետիսյանի խոսքերով, ընկերությունը մինչ օրս միայն միլիոններ է ներդրել եւ առայժմ եկամուտի մասին չի մտածում, իրենք 25 տարվա բացառիկ իրավունք են ստանձնել աղբի հավաքման եւ տեսակավորման ուղղությամբ, բայց ստվերային կազմակերպությունները վնասում են գործին, ինչի արդյունքում ներկայումս Գյումրիում եւ Վանաձորում աղբի տեսակավորման գործարանների աշխատանքները դադարեցվել են: Տիկին Ավետիսյանի ներկայացմամբ` ինքն առաջին անգամ ամաչել է հայ լինելուց, երբ ստանձնել է «Քլին լենդում» պաշտոնը եւ հասկացել, թե հայերն ինչ ցածր կրթական մակարդակում են եւ ընդհանրապես զուրկ աղբահավաքման կուլտուրայից:
Քննարկման մասնակիցներն էլ առաջարկություններ արեցին, թե ինչպես կարելի է մարդկանց շահագրգռել` աղբն ինքնակամ հանձնելու: Մասնակիցներից մեկը եվրոպական օրինակը բերեց, երբ պլաստիկ շշերը սպառողները որոշակի գնով հանձնում են սուպերմարկետներին:
Կարդացեք նաև
«let’s do it! Armenia» էկոլոգիական շարժումը նպատակ ունի Հայաստանի բնության գրկում եւ պատմամշակությային վայրերում ու դրանց հարակից տարածքներում կուտակված աղբը մեկ օրվա ընթացքում հավաքել եւ տեսակավորել: Այս տարվա սեպտեմբերի 15-ին շարժումը նախատեսում է իրականացնել «Հայաստանն առանց աղբի» համահայկական կամավորական նախաձեռնությունը: Շարժման համակարգող Արսեն Գասպարյանն էլ կոնֆերանսի ընթացքում հորդորեց, որպեսզի համահայկական աղբը հավաքելու համար բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, աջակցեն` ով ինչով կարող է` սկսած ձեռնոցներից մինչեւ աղբահավաք մեքենաներ:
Այս քննարկմանը հրավիրված էր նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որն այդպես էլ չժամանեց, իսկ թե ինչո՞ւ, կազմակերպիչներն էլ չիմացան: Դահլիճում շշնջում էին` նախարարին մաքուր բնությունը չի հետաքրքրում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ