«Մասնավոր բուհեր, ընդհանուր առմամբ, ընդունելության հայտ է ներկայացրել 26 դիմորդ, որից երեքը՝ Եվրասիա համալսարան: Դա կանխատեսելի էր. ծնողներն ինքնահաստատվում են իրենց երեխաների ընդունելություններով՝ նախապատվությունը տալով պետական բուհերին: Այդպես ծնողը մտածում է երեխայի ընդունվելու, ոչ թե՝ մասնագիտական որակներ ձեռք բերելու մասին»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց Եվրասիա համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
Նրա խոսքով՝ համալսարանը ոչ բոլոր դեպքերում է տալիս շուկայի պահանջարկին համապատասխան մասնագետներ, քանի որ առկա է դասախոսական կազմի վերապատրաստման խնդիր. «Գործնական հմտություններ հաղորդելու տեսակետից մեր կրթական ծրագրերն ամբողջությամբ բարեփոխված չեն: Միաժամանակ, համալսարանը համալրվել է երիտասարդ մասնագետներով, ովքեր վերապատրաստվել են եվրոպական կրթական հաստատություններում»:
Ռեկտորի համոզմամբ՝ դիմորդների շրջանում առկա է նաեւ մասնագիտական կողմնորոշման խնդիր, ինչը պետք է լուծել դեռեւս դպրոցական տարիներին: Եվրասիան ներկայումս ուշադրություն է դարձնում իրավական եւ տնտեսական գծով մասնագետների պատրաստմանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ