«Սիրիան իրենից ներկայացնում էր հանգիստ պետություն, դրա համար էլ հայերի մեծ մասը ձգտում էր գնալ այստեղից` այնտեղ: Այս վերջին ապստամբությունների կազմակերպիչները, ցավոք սրտի չհասկացան, որ պետք է վերջ տան: Մարդկությունը հանուն փողի. այս պատերազմն է գնում աշխարհում»,- այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Սիրիայում` աշխարհայացքի փոփոխության արդյունք է: Այն ինքն իրեն ոչնչացնում է. «Դրա հետեւանք է նաեւ այն, որ սիրիահայերի մի ստվար զանգված գալիս է այստեղ, եւ պարզվում է` մենք «էշի ականջում քնած ենք» ու նորից խնդրի առջեւ ենք կանգնում»:
Մանուչարյանի կարծիքով Սիրիայում ընթացող բախումները հեշտ ավարտ չեն լինելու եւ մարտահրավերները չեն դադարելու. «Այնտեղ կարող է շարունակվել բախումները, եւ լինեն դեպքեր, որոնց մասին մեր մտքով նույնիսկ չի անցել»:
Բանախոսի համոզմամբ`սիրիահայությունը կարեւոր ներուժ է լինելու այդ ընթացքում, դրա համար չարժի նրանց հանձնել այլ երկրների, քանի որ նրանք մարդիկ են, ովքեր կարող են բարձրացնել մեզ ու շատ բան գիտեն Սիրիայի մասին:
Առաջարկում է` ստեղծել սիրիահայությանը ընդունող մի կենտրոն, որտեղ ներգրավված կլինեն քաղաքացիները: Նա նաեւ տեղեկացրեց, որ մի շատ կարեւոր քայլ կատարել է Արցախը. «Ստեղծվել է դիմադրության մի օղակ, մի լուրջ բռունցք, ովքեր ստեղծել՝ իրենցից ներկայացնում են քաղաքական միավոր, որ պատրաստ է պահպանել իր գոյությունը: Այսօր աշխարհը մտել է ցանցային պատերազմի մեջ: Եթե Արցախը ակտիվ լինի, ապա կգոյատեւի»:
Երբ ասվում է միջազգային կառույց, ապա լրջության մասին խոսք գնալ անգամ չի կարող. Մանուչարյանի գնահատականն է Արցախի նախագահական ընտրություններին` միջազգային կառույցների տված կարծիքի մասին: Դրանք անմիտ կառույցներ են ու այն ինչ անում են` երկրագնդի քայքայման համար են անում:
Արցախում ինչ կատարվում է` լուրջ է. ստեղծվում է ալտերնատիվ մտքի ու կամքի կենտրոն:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ