«96-ին ահավոր վիճակ էր: Ռազմական կեղտոտ դիկտատուրա` փռչոտների, մորուքավորների` երկրապահ անվան շահարկումով: Բայց միավորվելով` մենք կարողացանք հասնել գերակայության: 96-ին ստիպեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռանալ, որովհետեւ 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը զգաց, որ ինքը ապօրինի նախագահ է: Այն, որ ասում են` իբր թե իր վրա ճնշում են գործադրել` դրանք հեքիաթներ են, ես ներսում էի, ամեն ինչ գիտեմ` ոչ մի ճնշում չի եղել: Պարզապես Լեւոնին մի բան էր պետք` արդարացնելու իր հեռացումը»,- այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա, հիմա էլ միավորվելու խնդիր ունենք` ապահովելու ընտրություններին հնարավորինս մոտ գործընթաց:
Ֆեյսբուքում «Ելք» խմբում իրականացվում է ստորագրահավաք Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: Այս առնչությամբ Պարույր Հայրիկյանն ասաց, որ «Ընդհանրապես որեւէ արտաքսյալի կամ փախած հայի վերադարձ ես համարում եմ ցանկալի երեւույթ: Ես կողմ եմ, որ Վանո Սիրադեղյանը ոչ թե վերադառնա, այլ մեջտեղ գա, եթե պետք է` դատվի, եթե վաղեմության ժամկետ կա` արդարացվի: Ես զարմանում եմ, գիտեք: Հայաստանում գործում է վաղեմության ժամկետ: Ինչ հանցագործություն էլ Վանոն կատարած լինի, վաղեմության ժամկետով ինքն արդեն այդ փուլն անցել է: Ոչ մի շարժում կազմակերպելու բան չկա, պարզապես պետք է, որ Վանոն չվախենա ու գա: Եթե գա ու դատեն` վաղեմության հոդվածներով ինքը կազատվի»:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ եթե հերթը իրեն հասնի Վանոյի վերադարձի տակ ստորագրություն դնելու` իհարկե կդնի. «Բայց ինքը ուզո՞ւմ է գա: Իրեն ո՞վ է խանգարում մեջտեղ գա: Ինձ ասում էին` գնացեք արտասահման, եթե ոչ` ձեզ սպասում է 10-15 տարվա սիբիրյան բանտարկություն, այն էլ` ռեցեդեվիստ` 88-ին: Ես ասում էի` չէ, ես արտասահման չեմ գնա, դուք գնացեք, սա իմ երկիրն է: Բայց ասում էին` քեզ մեկ ա տանելու ենք Սիբիր, հո Սիբիրն էլ քո երկիրը չի՞: Ես չգնացի, ստիպված օդանավով տարան Եթովպիա: Թող Վանոն, եթե հայրենասեր մարդ է, գա: Եթե հայրենասեր է, բայց վախենում է, թող իմանա, որ կա վաղեմության ժամկետ: Մի հատ նամակ գրի դատախազություն, ասի` այն, որ մարդկանց սպանություններ եմ կազմակերպել, կամ ինձ որ այդպիսի հարցում մեղադրում են` դրա ժամկետն անցե՞լ է, իրենք կասեն` այո, անցել է, որովհետեւ 10 տարի է առավելագույն ժամկետը, եւ ինքը հանգիստ կարող է վերադառնալ: Իսկ շարժումներով զբաղվելը` Պարույր Սեւակն էր ասում, զբաղվում են սեքսի այն տեսակով, որից երեխաներ չեն ծնվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ