Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավերժի ճամփորդը

Հուլիս 20,2012 14:04

Արցախ աշխարհը կորցրեց իր ամենանվիրյալ զավակին՝ Արցախին

Լուսանկարը՝ Մաքս Արշակ Սիվասլյանի:

Չգիտեմ՝ ինչպես կարելի է խոսել մի մարդու մասին, որ ավելին է, քան հասարակ մահկանացուներիս համար մարդ ասվածը, բնութագրել դժվար բնութագրելին եւ գնահատել նրա երկրային կյանքը, որ միայն բարոյական չափանիշների հսկայածավալ սար է հիշեցնում:

Արցախ Բունիաթյանին ճանաչելու պատիվն եմ ունեցել, սրանից 20 տարի առաջ, 1992թ. նրա Մարտակերտ գալու առաջին իսկ օրերին եւ բացառությամբ անազատության մեջ գտնվելուս վերջին մի քանի տարիների, հետը մշտապես շփվելու բախտառիթն ունեցած երջանիկներից եմ եղել:

Նա, համոզված եմ, Հիպոկրատի երդումը տված բժիշկներից ազնվագույնն էր, որ, իբրեւ իր մասնագիտությանը մինչեւ վերջ նվիրված անձնավորություն, իսկապես արժեւորեց մեր հող ու ջրի ամենաարժեքավոր գանձ հայ մարդուն, հատկապես նրա՝ կենաց-մահու կռիվ տված ժամանակահատվածում՝ արցախյան ազատամարտի հերոսական տարիներին, փրկելով հարյուրավորների կյանքը:

Բժիշկ Արցախի շնորհիվ ողջ մնացած քանի՜- քանի հայորդիներ կարող են հավաստել նրա գերմարդկային ջանքերով վերածնվածի իրենց կյանքն իսկական իմաստով եւ բովանդակությամբ լցնելու գաղտնիքը հենց նրանից էլ սովորած լինելը, ազատագրված հայկական հողում մնայուն արժեք ստեղծելու նպատակով մի նոր Հայաստան կերտելու գործին լծվելու դժվարությունները մեծագույն կամքով տանելու բանաձեւը:

Քանի՜ հարյուր հայ նորածնի լույս աշխարհ գալու առաջին իսկ վկան դառնալով, նրանց ազատ Արցախում սեփական ձեռքերի վրա բարձրացնելով՝ մեր աշխարհում առաջինը բարի գալուստ մաղթած այս, երգահանի խոսքերով՝ «տարօրինակ, տարօրինակ մարդ արարածն», իրոք, հայրենի ժողովրդին անսահման սիրով նվիրված ՄԱՐԴ էր:

Ազատագրական Բանակի լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի չխամրող հիշատակին խնկընծայված՝ Արցախ Բունիաթյանի «Օր, վաղն ինչ գույն ես ունենալու…» վերջին գրքով անգամ շարունակելի մարտակերտյան հերոսապատումը մեր նորագույն պատմության ամենավսեմ էջի՝ արցախյան գոյամարտի մի կարեւորագույն բաղկացուցչի առավել քան արժեքավոր տարեգրությունն է: Նրա ամենայն բծախնդրությամբ պահած բազում հուշատետրերի շնորհիվ մեզ հաջորդող սերունդներին հարուստ նյութ է ժառանգվել:

Արցախն իր մարտակերտյան տարիներին նվիրած յոթ հատորանոց մատենաշարի առաջին գրքի առաջին իսկ էջում, կանխավ սկսած լինելով պատերազմը բնորոշելու փնտրտուքը եւ այդպես էլ չգտնելով դրա սահմանումը, ազգիս պարտադրված գոյատեւման մաքառումը հատկանշում է Գարեգին Նժդեհի «Ներիր տէր, ներիր ինձ, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դեմ» խոսքերով:

Նրանք, ովքեր չգիտեն, որ մարդիկ պատերազմ են գնում կամավոր եւ որտեղից երբեք չեն վերադառնում, պետք է անպայման ճանաչեն մեր հայրենակիցներից մեծագույնների շարքում դասվելու արժանի այս մարդու իմաստալից կյանքն ու փորձեն հասկանալ, թե ի՛նչ է նշանակում մինչեւ հուսկ վերջին շունչն ու ամբողջ կարողություններն ազգին ի սպաս դնելու ընդունակ լինել:

Արցախ Բունիաթյան հայը շատ ավելին է արել հայրենիքի եւ իր ու այլոց զավակների համար, քան կարելի է թվարկել: Ինքը համեստորեն ծառայել է իր ժողովրդին՝ ջանալով ամեն օր եւ ամենուր պիտանի լինել ու բարձրացնել նրան: Երեւի այսպես կարելի է ամփոփել իր լավագույնս կատարած առաքելությունն աշխարհում:

Միայն ֆիզիկապես հեռանալով մեզնից՝ ինքը գնալով անգամ… եկավ համալրելու մեր անմահների հարամարտնչող «Մատյան գունդը», նաեւ հայոց հին աստվածների հանդեպ իր տածած պաշտամունքի մաքրությամբ ու սեփական օրինակով բոլորիս ի ցույց դրված ոգեղեն արժեքներով ապրելու բանաձեւի շնորհիվ ազգիս հավերժությունն ապահովելու պատգամը:

Արցախը՝ որպես սրբացյալ մարդ, թե սրբազան երկրամաս, բոլորիս պատվել է իր ժամանակակիցը լինելու իրողությամբ. մեզ մնում է խորապես գիտակցել սա եւ ձգտել արժանի դառնալ իր պատվիրանած՝ բառիս բուն իմաստով ան+հրաժեշտ կյանքով ապրելու համար անհրաժեշտին:

Հավերժի ճամփորդ է Արցախը. իր ընտրած դժվարին ճանապարհի եւ ոչ մի հատվածում չդավաճանեց հայ մարդու՝ դարեր ի վեր ուսած թանկարժույթներին: Եվ, հիրավի, «Բունիաթյան Արցախի մշտապայծառ կերպարն ամբողջական փայլով չի շողարձակի, եթե չհիշատակվի նրա կրկին տեւականացած ազգային-քաղաքացիական սխրանքը, երբ, դեռ խորհրդային կայսրության օրոք ու հակառակ վերջինիս ամբողջատիրական մամլիչի խեղդող ու խեղող ճնշմանը, գաղտնի խմբակի կազմում իր անփոխարինելի նպաստը բերեց ամենայն հայոց հերոսապետ Գարեգին Նժդեհի սրբաճյունի հայրենադարձմանն ու եռաանթեղմանը՝ ահա շուրջ երեսուն տարի շարունակվող նժդեհյան ուխտագնացությունների պատմությունն էլ անցած ու այս դարերում պսակելով «Նժդեհի Վերադարձը» եռերգությամբ» (Գարեգին Ղազարյան):

Միով բանիվ՝ Արցախը մեր այս փոքրիկ, բայց շատ ծանր աշխարհը շալակած տանողներից եղավ ու, հավատարիմ իր գոյատեսակին եւ արարչատուր ծրագրին, անմահացավ արդարեւ…

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ

20 հուլիս 2012թ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031