Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմումներս անպատասխան մնացին

Հուլիս 20,2012 14:00

Կոմպոզիտոր Արփինե Կալինինան՝ «Կանթեղ» անսամբլի եւ իր առջեւ ծառացած կրթական խոչընդոտի մասին

Հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլն իրականացնում է Կոմիտասյան համերգաշար: Վերջերս կայացավ համերգաշարի 20-րդ համերգ-դասախոսությունը: «Առավոտը» զրուցեց «Կանթեղի» հիմնադիր, կոմպոզիտոր Արփինե Կալինինայի հետ:

– Պատմեք, խնդրեմ, համերգաշարի մասին:

– Հայ ժողովրդական երգ-երաժշտության գոհարները մեզ են հասել դեռեւս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից, դրանք մեր պատմության սեղմագրերն են, որոնք բացահայտում են հայերիս իսկական ինքնությունը: Դրանց հետ ծանոթանում ենք հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի թողած ժառանգության միջոցով:

Կոմիտասի ժառանգությունը լայն հանրությանը, մասնավորապես՝ երիտասարդներին ներկայացնելու եւ խորապես սիրելի դարձնելու նպատակով «Կանթեղը» նախաձեռնել եւ 2010-ից մինչ օրս իրականացնում է համերգ-դասախոսություններից բաղկացած ԿՈՄԻՏԱՍՅԱՆ լայնածավալ լուսավորչական hամերգաշար՝ հայ, նաեւ օտարազգի ունկնդրին (անհրաժեշտության դեպքում դասախոսությունը վարում ենք նաեւ ռուսերեն եւ անգլերեն) ներկայացնելով մեծն Կոմիտասի ստեղծագործությունները մշակութային օջախներում եւ ուսումնական հաստատություններում:

Կոմիտասի մեներգերը ժողովրդական, գեղջուկ երգերի մշակումներ են, որոնք Կոմիտասը կատարել է մեծագույն պատասխանատվությամբ (նա գրառել, այնուհետեւ մշակել է ժողովրդական երգերի մեղեդիները, ապա ներդաշնակել դաշնամուրով), մաքրել օտարածին տարրերից եւ հայ ժողովրդին վերադարձրել իր իսկ ստեղծածը՝ ադամանդների տեսքով: Համերգային հատվածներն ընդմիջվում են իմ՝ «Կոմիտասի մեներգերը» երաժշտագիտական աշխատանքից քաղված մատչելի հատվածներով եւ մեներգերի բանաստեղծական տեքստերով: Իմ այս երաժշտագիտական աշխատանքը, ստեղծագործություններիս հետ միասին, ներկայացրել եմ Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիա՝ արժանանալով բարձր գնահատականի՝ արդյունքում նվաճելով Ակադեմիայի մագիստրատուրայի սակավաթիվ ուսումնական տեղերից մեկը՝ որպես կոմպոզիտոր:

– Դուք արդեն երկրորդ անգամ եք ընդունվում ամենահեղինակավոր բուհերից մեկը եւ չեք կարողանում մեկնել սովորելու:

– Այո… Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում անվճար ուսումնական տեղեր չկան, եւ անգամ բրիտանացին պետք է վճարի ուսման համար: Այդ պատճառով ես մեծագույն ջանքեր եմ գործադրել… Հայաստանում դիմել եմ բոլոր հնարավոր հասցեներով… ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, «Լույս», «Հայաստան» համահայկական, «Համահայկական երիտասարդական», «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամներին, ՀՀ Ազգային ժողովի բոլոր կուսակցությունների խմբակցությունների ղեկավարներին, բազմաթիվ պատգամավորների, բարեգործությամբ զբաղվող գործարարների եւ այլն:

Չնայած նրան, որ ես մեր հանրապետությունից միակն եմ, որ արժանացել եմ ՌԴ արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող հեղինակավոր «Տրիումֆ» մրցանակին, չնայած մեր երաժշտական կյանքում իմ ղեկավարած «Կանթեղ» անսամբլի հնգամյա  ակտիվ  գործունեությանը, չնայած նրան, որ   իմ ստեղծագործական փաթեթում կան բազմաթիվ հայ, ինչպեսեւ  աշխարհահռչակ երաժիշտների եւ արվեստագետների, մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների   երաշխավորագրերը… միեւնույն է, չեմ կարողանում գտնել կրթաթոշակ ուսմանս վարձը մուծելու համար… «Լույս» հիմնադրամի համալսարանների ցանկում զարմանալիորեն եւ ցավոք ներառված չեն արվեստի մասնագիտացված բուհերը: Բազմիցս անդրադարձել եմ այս հարցին՝ նշելով, թե որքան կարեւոր է աշխարհի արվեստի մասնագիտացված լավագույն բուհերի ներառումը այդ ցանկում: Չէ՞ որ արվեստի լեզուն ընկալելի է բոլորին եւ կատարելագործումն այդ բուհերում հնարավորություն կտա մեր երկրին բարձրակարգ եւ նորովի ներկայացնել մեր հնամյա արվեստն աշխարհին, ուրույն դեր ստանձնել ժամանակակից արվեստի հոլովույթում: Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիան, բարձր գնահատելով իմ քննական արդյունքները, այս տարի իր կողմից պաշտոնական նամակներով դիմել է մեր հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, «Լույս», «Հայաստան», «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամներին, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, ինչպես եւ արտասահմանում գործող հիմնադրամներին՝ «Եվրազիա հաուզին» եւ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը» (վերջինս միակ կազմակերպությունն էր, որ դեռ անցյալ տարի ինձ 3000 ֆունտ էր տրամադրել՝ որպես կրթաթոշակի մաս. ես, սակայն, չստացա այն, քանի որ չկարողացա մեկնել՝ ամբողջական կրթաթոշակ չգտնելուս պատճառով): Նամակներով Լոնդոնի Ակադեմիան խնդրում է աջակցել ինձ՝ նշելով, որ ես նվաճել եմ ուսումնական սակավաթիվ տեղերից մեկը: Բոլոր նամակների երկրորդ բնօրինակները Լոնդոնի Ակադեմիան ուղարկել է նաեւ ինձ: Զարմանալի զուգադիպությամբ՝ Ակադեմիան դեռեւս ոչ մի պատասխան չի ստացել: Ոչ մի պատասխանի չեն արժանացել նաեւ իմ դիմումները՝ բացառությամբ ՀՀ նախագահի եւ վարչապետի աշխատակազմից ստացած պատասխանների, որտեղ նշվում է, որ «Լույս» հիմնադրամի ցանկում արվեստի մասնագիտացված բուհեր չկան:

Զրուցեց ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031