Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏԾՈ ՑԱՍՈՒՄԸ

Հուլիս 20,2012 13:57

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասնիններորդ

ԱՍՏԾՈ ՑԱՍՈՒՄԸ

Էսքանից հետո երեւի դուք էլ եք արդեն պատկերացնում՝ ինչ բարդ ու անիմանալի երեւույթ է գեղարվեստական գրականությունը, ավելի ճիշտ՝ գեղարվեստական արձակը, եւ գեղարվեստական ու ինքնակենսագրական արձակը՝ առավել եւս, որովհետեւ էստեղ, զանազան բարդություններից բացի, նաեւ անձնանունների խնդիրը կա. այսինքն, երբ մարդկանց անունները չես փոխում, էդ մարդկանցից ոմանք նեղանում են, չնայած, այդուհանդերձ, էս վեպիս ընթացքում հազվադեպ է անունների հետ կապված խնդիր առաջացել, որովհետեւ հերոսներս ամեն դատարկ բանից նեղացող չեն, առավել եւս՝ իրենց իսկ անուններից եւ նույնիսկ մականուններից, բայց,  այդուհանդերձ, երբեմն-երբեմն  անունների ու անվանումների հետ կապված խնդիր ծագում ու առաջանում է՝ ինչպես որ գրողների միության հետ կապված մեծատառի ու փոքրատառի խնդիրն  առաջացավ, եւ հիմա՝ էս պահին էլ է անունի հետ կապված խնդիր ծագել ու առաջացել, ավելի ստույգ՝ մի քանի օր առաջ առաջացավ, երբ Սեմերջյան Մանուկի մասին «Տրիումֆի» մեր խոսակցությունն էի հիշելով վերապատմում, եւ հիմա՝ երբ մտքիս կա վերստին էդ խոսակցությանը վերադառնալ եւ կիսատ  թողած տեղից էդ խոսակցությունը շարունակելով վերսկսել, հիմա վերստին Հայկունու անվան հետ կապված խնդրին եմ դեմ առնում. բանն այն է, որ երբ մենք իրական կյանքում Հայկունուն Հայկուն ենք ասում, մեր ու Հայկունի խոսակցություններն անհամեմատ անկեղծ ու բնական են ստացվում, եւ հիմա մտածում եմ, որ եթե մենք իրական կյանքում Հայկունուն ոչ թե Հայկուն ասեինք, այլ՝ Հայկունի, մեր ու Հայկունու միջեւ առաջացած ու տեղի ունեցած խոսակցություններն ամենեւին էլ բնական չէին ստացվի՝ ինչպես որ էս վեպիս Մանուկ Սեմերջյանին առնչվող խոսակցությունները Հայկունու մասով մի քիչ անբնական ստացվեցին, եւ հիմա Սեմերջյանի վերաբերյալ «Տրիումֆի» մեր էդ օրվա  խոսակցությանը վերադառնալով՝ արդեն ոչ թե Հայկունի պիտի ասեմ ու գրեմ, այլ բացառապես Հայկուն՝ ինչպես որ առօրյա կյանքում իր ընկերներն ու մերձավորներն են իրեն անվանում, եւ Սեմերջյան Մանուկի թեմային ու «Տրիումֆի» էդ օրվա խոսակցությանը վերադառնալով՝ պիտի կրկնվելով ասեմ, որ երբ Օրթախն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես էդ թվերին Մոսկվայում ապիրանտուրա էի սովորում», Հայկունն Օրթախին հարցրեց՝ «Սեմերջյան Մանուկն էդ թվերին է՞ր խաղում», եւ Անանիան ծիծաղելով ասաց՝ «էդ թվերին Մանուկը Երեւանում էր տեխնիկա ցույց տալիս, Աբոն՝ Մոսկվայում», եւ էդ պահին Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «դու լավ կանես՝ Ազատության հրապարակի քո ելույթը պատմես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «չեմ ուզում ռեգլամենտից շեղվեմ», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային ասաց՝ «դու որ չպատմես, ես կպատմեմ», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «դու ի՞նչ կպատմես», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային ասաց՝ «քո էդ միտինգի ելույթը», եւ Անանիան ավելի զարմացած Ջավախյանին ասաց՝ «բայց դու էդ ելույթս չես լսել», եւ Ջավախյանն Անանիային ասաց՝ «էնքան ես պատմել, որ արդեն անգիր գիտեմ», եւ Հայկունն Անանիային ասաց՝ «Ջավախյանի  համար էդքան պատմել ես, մեր համար գոնե մի անգամ չես ուզո՞ւմ պատմես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Հայկունին հարցրեց՝ «կարող ա՞ էդ ելույթս սկզբից մինչեւ վերջ պատմեմ», եւ Հայկունն իր վիսկիից կում անելով ասաց՝ «որ Ջավախյանին պատմել ես, մե՞զ ինչի չպիտի պատմես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ջավախյանին էդ ելույթս չեմ պատմել», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ես պատմել», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ինձ էդ ելույթի տպավորությունն ա պատմել», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ տպավորություն», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «իրա էդ ելույթը շատ ուժեղ տպավորություն ա թողել», եւ Հայկունն իր վիսկիից կում անելով հարցրեց՝ «ո՞ւմ վրա», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Ազատության հրապարակի ժողովրդի  վրա», եւ Հայկունը հարցրեց՝ «ի՞նչ տպավորություն ա թողել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «թող ինքը պատմի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով  ավելացրեց՝ «ինքը շատ ուժեղ ա պատմում», եւ Արիկը  փռթկացնելով  Ջավախյանին ասաց՝ «հերիք ա մարդկանց նվիրական զգացումները ծաղրի ենթարկես», եւ Հայկունն Արիկին զարմացած հարցրեց՝ «Անանիան  քեզ  էլ ա՞ էդ պատմությունը պատմել», եւ Օրթախը Հայկունին ասաց՝ «սաղիս էլ պատմել ա», եւ Արիկը Հայկունին ասաց՝ «երեւի քեզ էլ ա պատմել, բայց մոռացել ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ՝ ուշադիր չես լսել», եւ Անանիան  ժպտալով Արիկին ասաց՝ «լավ էլ ուշադիր լսում էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամենաուշադիրը Հայկունն էր լսում», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց էի լսում», եւ Անանիան փռթկացնելով  պատասխանեց ու ասաց՝ «կլանված», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ հիշում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Հայկունն ասում ա՝ չեմ հիշում, որ Անանիան էդ պատմությունը մի հետ էլ պատմի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ըսենց բառերով չեմ կարա պատմեմ», եւ Հայկունը ժպտալով Անանիային հարցրեց՝ «բա էդ  անգամ բառերով չես պատմե՞լ», եւ Անանիան մի քիչ մտածեց եւ ամոթխած ժպտալով ասաց՝ «էդ անգամ բառերն իրանք իրանց էին գալիս», եւ Հայկունն իր վիսկիից կում անելով հարցրեց՝ «այսինքն», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, էդ անգամ ֆորմի մեջ էի», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու նորից հարցրեց՝ «այսինքն», եւ Ջավախյանն Անանիայի փոխարեն ասաց՝ «ուզում ա ասի՝ մինչեւ մուսան չի գալի, չի կարում պատմի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային ասաց՝ «ադա՛, դո՛ւ պիտի  գրող ըլներիր, ոչ թե՝ մենք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ներողամտաբար ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մենք որ գրող էինք՝ դու ո՜ւր էիր», եւ հիմա երեւի դուք էլ զգացիք, որ Ջավախյանի ու գրողների միության թեմայից էս անցումս մի քիչ արհեստական ու անբնական ստացվեց, եւ դրա պատճառները մի քանիսն են. առաջինն այն է, որ Ջավախյանն սկսել  ու ամեն օր շարունակում է աջուձախ հարցազրույցներ տալ գրեթե բոլոր թերթերին, եւ չնայած էդ բոլոր հարցազրույցներում հետեւողականորեն նշում ու շեշտում է, որ ամենեւին մտադիր չի գրողների միությունից իր դուրս գալն ինքնառեկլամի վերածել, այդուհանդերձ, հաջորդ իսկ օրը միանգամայն նոր հարցազրույց է տալիս ոսկու շուկա այցելած հերթական լրագրողին, եւ, որ ամենակարեւորն է, իր էս նոր հարցազրույցներում ոչ թե Հովհաննես Թումանյանի ու Հրանտ Մաթեւոսյանի անուններն է տալիս, այլ՝ ձեր խոնարհ ծառայի, եւ նախավերջին հարցազրույցում եւս Անանյան Լեւոնին անդրադառնալով՝ նշել էր, որ Անանյան Լեւոնը ձեր խոնարհ ծառային էլ է զլացել էդ անթիվ ու անհամար մրցանակներից մեկնումեկը շնորհել, իսկ ամենավերջին հարցազրույցում էլ Մինասյան Ռուզանին ասել էր, որ իր էս դժվարին օրերին միայն ձեր խոնարհ ծառան է մշտապես իր կողքին ու իրեն նեցուկ եղել, եւ եթե առաջին դեպքում մի քիչ սխալվում է՝ մոռանալով, որ Անանյան Լեւոնի օրոք, այնուամենայնիվ, տարվա լավագույն գրքի մրցանակն ստացել եմ, երկրորդ դեպքում գրեթե չի սխալվում, որովհետեւ իր էս դժվարին օրերին իսկապես ու մշտապես իր կողքին եմ եղել, ավելի ճիշտ, իրենից մի քանի մետր հեռավորության վրա՝ ոսկու շուկայում իր արծաթավաճառ գործընկերների հետ բլոտ էի խաղում, բայց էս պահին ոչ միայն Ջավախյանի տված հարցազրույցներն են ինձ շեղում Սեմերջյան Մանուկի մասին «Տրիումֆում» տեղի ունեցած էդ օրվա մեր խոսակցությունից, այլեւ՝ իմ ու Ջանիբեկյան Կարենի երեկվա հանդիպումը, որովհետեւ երեկ Սունդուկյանի թատրոնի բուֆետ մտնելով՝ վերջապես հանդիպեցի Ջանիբեկյան Կարենին ու վերջապես իրենից կորզեցի իր էդ հերթական  երջանկության մասին գրելու իրավունքը, ավելի ճիշտ՝ Կարենին հանգամանալից ու մանրակրկիտ բացատրեցի, որ քանի որ երկար ժամանակ չէի հաջողացնում իրեն բռնացնել, ստիպված ինձնից լիքը բաներ եմ բստրել իր էս վերջին երջանկության մասին, եւ չնայած կարծում էի թե՝ Կարենը հեշտությամբ էդ իրավունքն ինձ կշնորհի, այդուհանդերձ, Կարենն ինձ երկարբարակ հարցուփորձ արեց, եւ երբ իր վերջին երջանկության մասին ինքնուրույն ու ինքնագլուխ բստրածներս մեկ առ մեկ պատմեցի, Կարենն աստիճանաբար լրջանալով՝ բավական երկար մտածեց ու ասաց՝ «բայց քո գրածն իրականությունից ահագին տարբերվում ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց ես գրել եմ, որ էդ ամեն ինչն ինձնից եմ բստրել», եւ Կարենը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ոչ մի պրոբլեմ չկա. հիմի քեզ իրականությունը կպատմեմ, դու իմ պատմածի հիման վրա ուղղումներ կկատարես ու իրականությանը կհամապատասխանեցնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «պատմի», եւ Կարենն սկսեց, եւ ես իրեն չէի ընդհատում ու ավելորդ հարցեր չէի տալիս, բայց իր հետ ուտող ու խմող երկու սեղանակիցները, որոնք, ըստ ամենայնի, նույնպես  էդ թատրոնի աշխատողներ էին, ժամանակ առ ժամանակ Կարենին ընդհատում ու Կարենի ասածները ճշտում էին, եւ շուտով հասկացա, որ Կարենի  էս վերջին երջանկության մանրամասները թատրոնում բոլորին են հայտնի, եւ երբ Կարենն իր վերջին երջանկության պատմությունը սկզբից մինչեւ վերջ պատմեց պրծավ, այնուհետեւ ժպտալով ինձ ասաց՝ «հիմի արդեն մեր մասին ամբողջ ճշմարտությունն իմացար. կգնաս, գրածդ կփոխես ու իրականությանը կհամապատասխանեցնես», եւ ես բավական երկար մտածեցի ու ասացի՝ «անհնարին բան ես ասում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «բայց ինչի՞ ա անհնարին», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ իմ գրածը քո պատմածից հետաքրքիր ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հըլը հարց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կկարդանք՝ կտենանք», եւ ես ուրախացած ասացի՝ «էրկու տարուց հազիվ տպվի», եւ Կարենը հարցրեց՝ «որտե՞ղ ա տպվելու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «թերթում», եւ Կարենը վախեցած հարցրեց՝ «ո՞ր թերթում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Առավոտում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու վրդովված  հարցրեց՝ «այսինքն, մեր մասին էդ գրածդ հոդված ա՞», եւ ես ասացի՝ «ասում եմ՝ վեպ ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «վեպն «Առավոտում» ի՞նչ գործ ունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «արդեն յոթ տարուց ավել ա՝ էդ վեպս ամեն շաբաթ «Առավոտում» շարունակաբար տպվում ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «յոթ  տարի ամեն շաբաթ տպվում ա ու մինչեւ հիմի չի պրծե՞լ», եւ ես ասացի՝ «հիմի տասներկուերորդ հատորն ա տպվում, բայց ես տասնչորսերորդն եմ գրում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չհասկացա», եւ ես զարմացած հարցրի՝ «չհասկանալու ի՞նչ կա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մեր մասին էդ գրածդ ո՞ր հատորի մեջ ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «տասնչորսերորդ» եւ ավելացրի՝ «ձեր մասին էդ գրածս էրկու տարի հետո հազիվ տպվի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա, որ մինչեւ հիմի էդ վեպդ աչքովս չի ընկել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որովհետեւ դու շատ զբաղված մարդ ես», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ եմ զբաղված», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կյանքով» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ամուսնանալով ես զբաղված», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «քանի սաղ եմ՝ ամուսնանալու եմ» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «չուզուղներիս  աչքն էլ հանելու եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ վեպդ ինչքա՞ն ա շարունակվելու», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քանի սաղ եմ՝ շարունակելու եմ» եւ ժպտալով ավելացրի՝ «չուզողներիս աչքն էլ հանելու եմ», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «ուզում ես ասես՝ էդ վեպն էլ քո կյանքն ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «ըտենց ա ստացվում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «յանի կարդացող կա՞», եւ ես ասացի՝ «թաքուբիր կարդում են», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞վ ա կարդում», եւ ես ասացի՝ «ում մասին որ գրում եմ, առաջին հերթին դրանք են կարդում» եւ ժպտալով ավելացրի՝ «էրկու տարուց դու էլ կսկսես կարդալ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրկու տարի հետո ով սաղ՝ ով մեռած» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ում մասին որ գրում ես, անուններն էլ ե՞ս նույնությամբ գրում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «անուններն էլ, ազգանուններն էլ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա չեն նեղանո՞ւմ», եւ ես ժպտալով ասացի՝ «էսքան վախտ որեւէ մեկի մասին որեւէ վատ բան չեմ գրել, որ նեղանան», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իսկական գրողներն իրանց հերոսների անունները փոխած են գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես իսկական գրող չեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իսկական գրող չես, բայց իսկական ու իրական մարդկանց մասին ես գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ մեր անունները փոխած գրես, երեւի ավելի ճիշտ կըլնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «օրինակ,  քեզ ի՞նչ անուն դնեմ, որ բռնի», եւ Կարենը բավական երկար մտածեց ու ասաց՝ «կարաս վաբշե անուն չգրես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարաս ուղղակի գրես դերասան, ընդ որում՝ կարաս էդ դերասանը մեծատառով գրես» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ըտենց անում են, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ոնց էլ գրեմ, կարդացողը միանգամից գլխի կընկնի, որ խոսքը քո մասին ա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց պիտի գլխի ընկնի», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ես մի քանի անգամ ամուսնացել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը դերասաններ կան, որ մի քանի անգամ են ամուսնացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց դու սաղի ռեկորդները խփել ես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝  «համ էլ՝ էդ մի քանի անգամ ամուսնացողներից ամենաերջանիկը դու ես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էլ ես ճիշտ ասում» եւ սեղանին թխկթխկացնելով ավելացրեց՝ «սատանի ականջը խուլ», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն գրել եմ» եւ ժպտալով ավելացրի՝ «որ աշխարհն էլ շուռ գա՝ էլ փոխողը չեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «աշխարհի շուռ գալը ո՞նց ես պատկերացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «երկրաշարժի պե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ավելի բեթար», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ավելի բեթարը ո՞րն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «օրինակ, Նոյի ջրհեղեղը», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «ա՛յ խելոք, էդ ոչ թե Նոյի ջրհեղեղն էր, այլ՝ Աստծունը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, Աստծո ցասումն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Աստված մարդկանց վրա շատ էր բարկացել ու, փաստորեն, բոլորին պատժեց», եւ ես ասացի՝ «բացի Նոյից», եւ Կարենն ասաց՝ «բացի Նոյի գերդաստանից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կենդանիների տեսակներից էլ մի-մի հատ պահեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Աստված, փաստորեն, ջրհեղեղի միջոցով աշխարհը կործանելով՝ ամեն ինչ արեց, որ երկրի վրա կյանքը շարունակվի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Ինքը հույս ուներ, որ աշխարհը կվերափոխվի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ինքը չէր մտածում, որ Նոյի հետնորդների մեջ էլ տականքներ կհայտնվեն»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031