Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբիոնները չեն փակվում, այլ միավորվում են

Հուլիս 20,2012 13:45

«Առավոտ» օրաթերթի հուլիսի 17-ի համարում «Ամբիոննե՞ր են փակվել» վերնագրով լուր էր տպագրվել: Այն կապված էր ՀՏՊՀ-ում 3 ամբիոնների փակման, պրոռեկտորի աշխատավարձի, դեկանների նշանակման հետ:

Նույն օրը ՀՏՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից ստացվել է հերքման հետեւյալ տեքստը:

«Տեղեկությունը, թե բուհում 3 ամբիոն է փակվել՝ առանց հարցը գիտխորհրդում քննարկելու, ամբողջությամբ ապատեղեկատվություն է, քանի որ նախ՝ բուհում ոչ մի ամբիոն չի փակվել եւ խոսքն ընդամենը ամբիոնների խոշորացման մասին է, որը վերաբերում է մի քանի ամբիոնների, եւ հետո՝ բուհի կառուցվածքի հաստատումը, ինչպես նաեւ դրա փոփոխությունը վերապահված է բուհի խորհրդին, այլ ոչ թե գիտական խորհրդին: Եվս մեկ անգամ ընդգծենք,  որ խոսքն ամբիոնների միավորման մասին է, այսինքն՝  որոշ ամբիոններ միավորվում են, որեւէ առարկա չի վերանում, որեւէ աշխատողի կրճատում չի լինում:  Ամբիոնների միավորումը շարունակական ծրագիր է եւ միտված է բուհի կառուցվածքի բարեփոխմանը: Ինչ վերաբերում է «անցանկալիներից ազատվելու» մասին դիտարկմանը, ապա դեռ նոր միավորվելիք ամբիոնի վարիչի ընտրություն չի եղել, հետեւաբար, անհասկանալի է՝ ումից ենք ազատվում եւ ով է անցանկալի:

ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի աշխատավարձը 800 000 դրամ չէ: Ոչ միայն նրա, այլեւ մյուս պրոռեկտորների աշխատավարձերը  մի քանի հարյուր հազար դրամով պակաս են Ձեր մատնանշած թվից: Բացի այդ, բուհի ռեկտորի եւ պրոռեկտորների աշխատավարձերը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամանակ որեւէ փոփոխություն չեն կրել, եւ նրանք այսօր ստանում են այնքան աշխատավարձ, որքան հաստատված է եղել նախկինում: Բուհի աշխատակազմի ղեկավարը Լավրենտի Միրզոյանը չէ, նա այստեղ չի աշխատում եւ առհասարակ աշխատակազմի ղեկավարի հաստիքը համալսարանից վերացվել է 2011թ.-ի վերջից:  «Դաշնակցական Զաքար Կիրակոսյանի դեկան դառնալու մասին» Ձեր տեղեկատվության վերաբերյալ նշենք, որ նախ՝ դեկան չեն դառնում, դեկան ընտրվում են բուհի գիտական խորհրդում, եւ հետո՝ մենք ձեզանից ենք իմանում նրա կուսակցական պատկանելության մասին: ՀԱԿ ակտիվիստ Զոյա Թադեւոսյանին ամբիոնի վարիչ «դարձնելու» համար Հովիկ Աբրահամյանին «բարեխոսելու» մասին պարզաբանենք, որ ամբիոնի վարիչի ընտրությունը տեղի է ունենում ոչ թե համալսարանի խորհրդում, այլ գիտական խորհրդում, որի կազմում Հովիկ Աբրահամյանն ընդգրկված չէ, նա մեր բուհի խորհրդի նախագահն է: Առհասարակ բուհը կրթօջախ է, որտեղ մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քաղաքական հայացքներով կամ քաղաքական պատկանելությամբ, այլ նրանց մասնագիտական պրոֆեսիոնալիզմով:

Ձեր հրապարակած մյուս տեղեկությունը, թե ռեկտորի հարսը նրա պաշտոնավարման ժամանակ աշխատանքի է ընդունվել բուհ, ապա դա եւս ապատեղեկատվություն է, քանի որ ռեկտորի հարսը գիտությունների թեկնածու է, եւ մինչ Կորյուն Աթոյանի ռեկտոր ընտրվելն աշխատել է բուհում՝ բիզնեսի կազմակերպման ամբիոնում:  «Ռեկտորի բարեկամներին եւ տավուշցի ընկերներին»  աշխատանքի ընդունելու մասին դիտարկումը եւս սխալ է. համենայն դեպս անհասկանալի է՝ ում նկատի ունեք:

Հ. Գ. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ընտրվելուց ի վեր բուհում շատ դրական փոփոխություններ են կատարվել եւ դեռ կկատարվեն, եւ ուրախ կլինեինք, որ դրանք Ձեր կողմից չանտեսվեին: Հավելենք նաեւ, որ հարցի շուրջ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը պատրաստ է նաեւ հարցազրույց տալ Ձեր թերթին»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031