Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու

Հուլիս 20,2012 13:43

Վանաձորցի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Կարեն Թումանյանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու:

– Երկու համապետական ընտրությունների միջեւ ընկած ՏԻՄ ընտրությունները խոստանում են լարված լինել: Ակնհայտ է, որ Վանաձորում ուժեղ կուսակցական պայքար կգնա: Դուք, լինելով անկուսակցական, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

– Դուք ճիշտ նկատեցիք, որ ՏԻՄ ընտրությունները հայտնվել են երկու համապետական  ընտրությունների ճիշտ մեջտեղում՝ թե ժամկետով, թե նշանակությամբ: ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ որոշ կուսակցություններ թվացյալ անզիջում ընտրապայքար էին տանում, բայց խորհրդարան անցնելուց հետո «հանգստացան» ու ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվեցին իրենց սկզբունքներից: Ընտրողները սա տեսնում են. ընդամենը մի քանի ամիս է անցել: Մարդիկ հասկացել են, որ կուսակցական պատկանելությունը ավելի հաճախ կապանքներ ու պարտադրանքներ է ստեղծում, քան թե օգնում իրականացնել խոստումները, նախընտրական ծրագրերը, կարճ ասած՝ խոսքի տերը լինել: Դրա համար էլ ես կարծում եմ, որ իմ անկուսակցական լինելը ավելի է ինձ մոտեցնում ընտրողին, վանաձորցուն եւ հակառակը՝ ավելի է հեռացնում ներկուսակցական ու միջկուսակցական խարդավանքներից ու վեճերից: Բայց սա պատճառ չէր լինի, որ ես իմ թեկնածությունն առաջադրեի, եթե Վանաձորում ամեն ինչ կարգին լիներ՝ մարդկանց բարեկեցության եւ համայնքային խնդիրների լուծման առումով: Իմ նախընտրական ծրագիրը, որը պատիվ կունենամ ներկայացնելու իմ համաքաղաքացիներին, ոչ միայն արտաքին եւ նյութական փոփոխությունների մասին է լինելու: Ես մտադիր եմ մեր քաղաքի ղեկավարումը իրականացնել բացառապես հիմնվելով բարձրագույն արժեքի՝ մարդու իրավունքների, կարիքների եւ ինչու չէ՝ նաեւ ցանկությունների վրա: Վանաձորը ոչ միայն ընտրյալների, այլեւ բոլոր քաղաքացիների համար պետք է դառնա աշխատանքի, հանգստի, մշակույթի, ուսման ու զվարճալիքների քաղաք:

– Պարոն Թումանյան, ո՞ւմ հետ եք խորհրդակցել Ձեր առաջադրման մասին: Ինչպես ընդունված է ասել՝ «դաբրոներ» ստացե՞լ եք:

– Ես խորհրդակցել եմ մեր քաղաքի համար մտածող, սրտացավ քաղաքացիների հետ: Բայց դրանք ոչ միայն իմ առաջադրվելու մասին զրույցներ էին, այլ՝ իմ ընկերների, համախոհների կողմից կոնկրետ առաջարկներ, թե ինչ պետք է փոխել եւ ինչպես: Ինչ մնում է «դաբրոներին»: Կարծում եմ՝ դրանց ժամանակը անցնում է: Թե «դաբրո» տվողները, թե ստացողները հասկանում են, որ ժողովրդի կամքի հետ պետք է հաշվի նստեն: Համենայնդեպս, Վանաձորի վերջին ընտրություններն այդ են ապացուցում: Ես, լինելով փաստաբան, մշտապես գործել եմ միայն օրենքի եւ արդարության տեսանկյունից: Ունեցել եմ գործեր, որոնք իշխանությանը այնքան էլ հաճելի չեն եղել, եղել են աղմկահարույց դատավարություններ, բայց ես իմ գործն եմ արել, իմ պաշտպանյալների հետ գնացել եմ մինչեւ վերջ՝ արդարության հասնելու համար: Այժմ էլ պատրաստվում եմ իմ ընտրողների, իմ համաքաղաքացիների, բոլոր վանաձորցիների համար ի սպաս դնել իմ ուժն ու եռանդը:

– ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդկանց մեջ ավելի են սրվում հարաբերությունները համայնքներում, հաճախ օգտագործվում են ուղղակի, անուղղակի ճնշումներ, թեկնածուները թշնամանում են: Ինչպե՞ս եք վարելու Ձեր քարոզարշավը, որ խուսափեք այս բոլորից:

– Այդպես է: Համաձայն եմ, որ հարաբերություններ են լարվում: Բայց այդ անառողջ մթնոլորտն առաջին հերթին ստեղծում են մի քանի մարդ՝ հենց թեկնածուները: Եթե նրանք լինեն իրենց չափի եւ օրենքների մեջ, եթե իրենք օրինակ ծառայեն իրենց իսկ համախոհների համար, ապա մենք կունենանք իրապես հավասար, արդար ու խաղաղ ընտրություններ: Մարդիկ հանգիստ կարող են ծանրութեթեւ անել, հարցնել, ճշտել, տեղեկանալ եւ ընտրություն կատարել, այլ ոչ թե ենթարկվեն շանտաժի, ճնշումների եւ այլն: Բայց ես կարող եմ մարդկանց պաշտպանել այդպիսի իրավիճակներից: Անձամբ ես էլ չեմ պատրաստվում որեւէ մեկի հետ թշնամանալ կամ հարաբերություններ սրել: Ինձ իմ մրցակիցներն ավելի քիչ են հետաքրքրում, քան իմ ընտրողները: Ես քիչ ժամանակ ունեմ: Պետք է հասցնեմ մարդկանց ներկայանալ եւ ներկայացնել իմ ծրագրերը: Իմ օրը չեմ վատնելու խարդավանքների ու բանսարկությունների վրա:

– Դուք հայտնի եւ հեղինակավոր փաստաբան եք, չե՞ք ափսոսում, որ կթողնեք Ձեր այդ գործունեությունը եւ կանցնեք համայնքի ղեկավարի աշխատանքին:

– Ոչ: Ես չեմ կորցնում իմ մասնագիտությունը, հակառակը, ես այն ներդնում եմ մի նոր գործունեության մեջ: Համոզված եմ, որ սրանից մենք բոլորս միայն շահում ենք: Եթե մինչ այդ մարդիկ ինձ դիմում էին, որ պաշտպանեմ նրանց իրավունքները, հիմա դիմելու կարիքը չի լինի: Ես ի պաշտոնե կդառնամ բոլորի շահերի պաշտպանը եւ կունենամ այնքան վստահորդներ, որքան Վանաձորի բնակչությունն է:

– Վանաձորցի ընտրողը հաճախ պատժում է այս կամ այն գործչին՝ թույլ տված աննշան թվացող վրիպումի համար: Ինչպե՞ս եք կարողանալու «գլուխ դնել» այսպիսի սկզբունքային ընտրողների հետ:

– Ես էլ եմ մի այսպիսի սկզբունքային ընտրող: Ես էլ եմ ընտրությունից ընտրություն, ինչպես Դուք եք ասում, պատժել նրանց, ովքեր երկու լարի վրա են խաղացել, ովքեր չեն կատարել իրենց խոստումները եւ այլն: Այսինքն՝ իմ քվեն չեմ տվել նրանց: Բայց ասեմ Ձեզ, որ այդպիսի սկզբունքային ընտրողի հետ «գլուխ դնելը» շատ հեշտ է: Գաղտնիքը մեկն է: Եվ դա գաղտնիք էլ չէ, պետք է ուղղակի ազնիվ լինես: Ինչքան ուզում ես ամպագոռգոռ բառեր  ու տերմիններ ասա, միեւնույն է, սուտն ու կեղծիքը դրանց մեջ կերեւան: Հիմա չէ, գոնե 4, 5 տարի հետո, այդպես չէ՞:  Այնպես որ, սկզբունքային ընտրող ունենալը միմիայն մեծ պատիվ է:

– Ընդունված է, որ ցանկացած թեկնածու ընտրությունների է գնում իր թիմով: Ո՞րն է Ձեր թիմը, Ձեր հենարանը:

– Ես դեռ չեմ առաջադրվել, այլ պարզապես հայտնել եմ իմ մտադրության մասին, եւ արդեն բազմաթիվ համախոհներ ունեմ: Բայց ուզում եմ շեշտել, որ նրանք ոչ թե իմ ինքնանպատակ հաղթանակի կողմնակիցն են, այլ համաքաղաքացիներ են, ովքեր ցանկանում են նոր Վանաձոր տեսնել՝ մեր հին ու բարի քաղաքի հենքի վրա: Այդպիսի մարդիկ շատ են: Նրանք տեսնում են այդ հնարավորությունը: Եվ ահա մենք միասին կազմում ենք մեր ծրագիրը, որտեղ իրենց անելիքն ու արժանի տեղն ունեն բոլոր վանաձորցիները:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031