Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերոսի հայտնության նշանը

Հուլիս 20,2012 13:28

Մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, եւ որովհետեւ մեր ջրերը քիչ էին՝ ձիերը քիչ եղան, եւ որովհետեւ ձիերն էին քիչ՝ ձիավորները քիչ եղան, եւ որովհետեւ ձիավորները քիչ էին՝ մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքանը: Հիմա սա է մեր երկիրը… Այս տողերը ես վերհիշեցի տարիներ առաջ Գարուն ամսագրում տպագրած իմ մի էսսեից, որն անվանել էի Արարատյան երկիր, ուր ես փորձ էի անում փնտրել ժամանակի հերոսին խորհրդային լճացումներում ու չէի գտնում: Չէի գտնում եւ հեռանում էի դեպի մեր անցյալը, դեպի պատմություն, ուր կային հերոսներ, որ կամ բանահյուսվել էին, կամ հորինվել ժամանակների գրի մեջ, ինչպես արել էր Եղիշեն՝ մեր ազգի պառակտումը փառաբանող առաջին մունետիկը: Հեռանում էի պատմություն՝ մտածելով, որ առաջ եմ գնում, ոչ թե ետ, քանի որ կարծես թե մեր բոլոր առաջնորդներն ու հերոսները մնացել էին այնտեղ, իսկ ես հերոս էի փնտրում, որն ինձ եւ ջրերի ծնունդ մեր չհասկացված ամբողջ ցեղին առաջնորդեր դեպի այնտեղ, ուր Զվարթնոցի երեսունվեց սյուները պիտի որ միակամ ու միահաստատ լինեին, որ պահեին համընդհանուր կամքի գմբեթը՝ որպես մեր հավերժության անձնագիր: Քանի որ եթե միասնական կամքով չենք կնքում ու վավերացնում աշխարհին ներկայանալու մեր իսկ անձնագիրը, կարող ենք վերածվել գետնաքարշ ու շարունակ գունաթափվող եւ սպառված մարդկանց աննպատակ երթի…

Եվ հիմա՝ հերոսի իմ փնտրտուքներից այսքան տարիներ անց, երբ Ղարաբաղի ազատագրումով արդեն ուրվագծվեց, դարձավ տեսանելի մեր ժամանակների հերոսի պատկերը, ու որին անմիջապես էլ հաջորդեց համընդհանուր կամքի անսպասելի անկումը, երբ սասանվեցինք առտնի հոգսերի առջեւ ու ճանապարհ բացեցինք օլիգարխատառապ եւ համմերահալած թվացյալ ապահովության խաբկանքին՝ որպես բնականոն շարունակություն մեր՝ արդեն սասանված կամքի, դարձյալ հայտնվեց ժամանակի հերոսը:

Եվ սպասված անսպասելիությամբ հայտնվեցին նրանք՝ բոլորիս սթափեցնող աշխարհածավալ զրնգոցով, հայտնվեցին ոսկե շախմատի մեր հինգ տղաները՝ մեր ժամանակների փնտրված հերոսի նշանը ճակատներին: Եվ պարզվեց, որ նշանն այդ անուն ունի եւ անունն է միասնական թիմ, որը հաղթանակի տանող համընդհանուր կամքի միակ արտահայտությունն է… Թե չէ պատմությունը դաժան է, որովհետեւ իր ծոցում պահում է նրանց միայն, ովքեր ապրեցին ու արեցին հանուն, իսկ նրանց, ովքեր գործեցին ընդդեմ, պատմությունը պատժում է՝ պատժում մոռացությամբ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031