Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաճախակի հնչող այն սպառնալիքներին, թե պատերազմի դեպքում Հայաստանը կպարտվի, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսպես արձագանքեց. «Արդեն 18 տարի է՝ Ալիեւները, հատկապես Իլհամ Ալիեւը (հայրը բավական դիվանագետ ու խելացի մարդ էր, էդքան չէր հայտարարում պատերազմի մասին) խոսում են պատերազմից: Ալիեւների ժամանակաշրջանը պատմության մեջ մտել է որպես Հայաստանին անընդհատ շանտաժելու, պատերազմական սպառնալիքի մեջ պահելու ժամանակաշրջան: Սակայն պետք է չմոռանանք, որ նույն Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը այն մարդն է, որը 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրեց զինադադար Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ եւ խնդրեց, որ դադարեցնեն ռազմական գործողությունները: Դա հենց նույն մարդն է, որը դե ֆակտո եւ դե յուրե ճանաչեց Լեռնային Ղարաբաղի գոյության փաստը: Սաֆար Աբիեւը, մարդ, որը ադրբեջանական բանակին պարտության բերեց, ստորագրեց կապիտուլյացիայի մասին համաձայնագիրը, եւ հիմա ինքը, էսպես ասած, թափահարում է իր բռունցքները եւ սպառնում հայերին: Իսկ ադրբեջանական իշխանությունները անընդհատ հայտարարում են, որ իրենց նավթով հարուստ երկիրը ահռելի գումարներ ծախսելով զենք եւ զինամթերք գնելու վրա եւ ունենալով մեծ մարդկային ռեսուրսներ՝ կարող են մի քանի օրվա ընթացքում ոչ միայն «վերագրավել» Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ հասնել մինչեւ Երեւան: Երեւի Իլհամ Ալիեւը մոռացել է, որ 1991-94 թվականներին Հայաստանի եւ ԼՂՀ համեմատ Ադրբեջանը եւս ուներ մեծ բանակ եւ ավել շատ զենք, բայց դա չփրկեց ադրբեջանցիներին, որոնք ոչ միայն պարտվեցին Լեռնային Ղարաբաղում իրենց կողմից սանձազերծած պատերազմում, այլ նաեւ կորցրեցին Լեռնային Ղարաբաղը շրջապատող մի քանի շրջաններ»: Ըստ քաղաքագետի՝ մեծ բանակ եւ մեծաքանակ զենք ունենալը ամենեւին է հաղթանակի գրավական չէ: «Գոնե 20-րդ դարի ընթացքում մենք ունենք մի քանի օրինակներ, երբ խոշոր տերությունների կողմից նախաձեռնված պատերազմներում հենց նույն խոշոր տերություններն էլ պարտվել են, օրինակ՝ 1965 թվականին Վիետնամ ներխուժած ամերիկյան զորքերը 1973 թվականին պարտություն կրեցին եւ հեռացան այդ երկրից: 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմում փոքրիկ Իսրայելը կարողացավ ջախջախել իրեն շրջապատող բոլոր արաբական երկրների զորքերին, ինչպես նաեւ վերջիններիս որպես օգնություն զինվորներ եւ զինամթերք տրամադրած մահմեդական երկրներին: Նույնպիսի փաստի հետ առնչվեց նաեւ Խորհրդային Միությունը, երբ 1979 թվականին զորքեր մտցրեց Աֆղանստան, սակայն 1989 թվականին գլխիկոր դուրս բերեց իր զորքերը այդ երկրից: Ովքեր էլ այս պատերազմներում սատարեին, միեւնույն է՝ Վիետնամը, Իսրայելը ու Աֆղանստանը հաղթելու էին, քանի որ այս երկրներում ժողովուրդն էր պայքարում օտար հարձակվողների դեմ: Այնպես որ՝ մենք չպետք է վախենանք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունից, եւ «հզոր» Ադրբեջանին եթե պետք լինի, մեկ անգամ եւս կհաղթենք, եթե վերջինս փորձ կատարի հարձակվել ԼՂՀ կամ Հայաստանի վրա»,- նախազգուշացնում է քաղաքագետը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ