Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պետք է միավորվեր խորհրդարանական ընտրություններից առաջ

Հուլիս 20,2012 13:24

Ասում է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, ով ներկայումս ընդդիմության միավորման համար «քաղաքական պայման» չի տեսնում

– Հավանական համարո՞ւմ եք ընդդիմության միավորումը նախագահական ընտրություններից առաջ՝ նկատի ունենալով նաեւ այն, որ դեռ հստակ գործընթաց չկա, բայց տարբեր ուժեր արդեն իսկ տարբեր ամբիցիաներ են խաղացնում:

– Դժվար է կանխավարկածային բաներ ասել: Ճիշտ է, հիմա նման խնդիրներ առաջադրվել են, բայց կոնկրետ ռազմավարությունը կամ դրա հետագա ընթացքն ինչպիսի՞ն կլինի, համենայնդեպս, այդ մասին քաղաքական ուժերը դեռ չեն խոսում: Առավել եւս, նկատեմ, որ այս պահին միավորման քաղաքական պայմանը չի երեւում: Եթե նման խնդիր լիներ, այդ գործընթացը պետք է սկսվեր Ազգային ժողովի ընտրություններից առաջ:

Ամեն դեպքում, մենք դրական ենք համարում ցանկացած համաձայնություն, որը տեղի է ունենում քաղաքական դաշտում կամ կարող է լինել:

– Իշխող Հանրապետականի մոտ մտավախություններ չի՞ առաջացնում ընդդիմության հնարավոր միավորումը: Եթե ընդդիմությունը միավորվեց, նախագահական ընտրություններում իշխանությանը լուրջ պայքար է սպասվելու:

– Բնականաբար, նախագահական ընտրություններին մեր միակ մտահոգությունն այն է, որ ավելի լավ ընտրություններ անցնեն: Մնացած բոլոր դեպքերում, մենք ինքներս էլ կարծում ենք, որ ինչքան այլընտրանքային մոտեցումներ ձեւավորվեն հենց նախագահական ընտրությունների կապակցությամբ, հասարակությունն ավելի լայն հնարավորություն կունենա կողմնորոշվելու առումով:

– Այսինքն՝ եթե ընդդիմությունը միավորվի, դա ձեզ՝ իշխանությանը, չի՞ վախեցնում:

– Մեզ որեւէ բան չի վախեցնում, որովհետեւ բավականին լուրջ, վճռական ենք: Մեր ունեցած պատասխանատվության եւ քաղաքական կապիտալի շրջանակներում, կարծում ենք, ընտրությունները պիտի անցնեն շատ դրական: Բնականաբար, քաղաքական դաշտում դեռեւս չկա այն ուժը, առավել եւս այն լիդերը, որը կկարողանա որոշակիորեն առավել գործընթացներ կազմակերպել:

– 2008-ին, երբ ընդդիմությունն առավելապես միասնական էր, առաջին նախագահը լուրջ այլընտրանք հանդիսացավ: Հիմա նրա գործոնն իշխանությանը չի՞ կաշկանդում:

– Եթե վերցնենք զուտ կուսակցական հայեցակարգով, շատ լավ կլինի, որ ոչ մեկն էլ չմասնակցի, միայն ՀՀԿ թեկնածուն մասնակցի: Բայց եթե նայենք պետության շահերից՝ ինչքան նման գործոններ լինեն, այնքան ավելի Հայաստանի դիրքերը կամրանան միջազգային ասպարեզում: Դա անհրաժեշտություն է մեր պետության համար: Էլ չեմ ասում, որ ավելի վճռական կդառնա նաեւ մեր հասարակությունը: Իսկ արդյունքները գնահատում ենք հետեւյալ կերպ՝ ես չեմ կարծում, որ նախագահական ընտրություններին մասնակցելը հենց միայն առիթ է նախագահ դառնալու համար: Դա պայքարի ձեւ է, որի ժամանակ քաղաքական թիմերն ավելի ներկայանալի են դառնում հասարակությանը: Նաեւ փորձ է, փորձաշրջան է՝ քաղաքական դաշտում ավելի ամրանալու:

– Թեեւ պաշտոնական ներկայացումների համար դեռ վաղ է, բայց իբրեւ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուներ շրջանառվում են եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, եւ Վարդան Օսկանյանի, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի. նրանցից ո՞ւմ եք համարում գործող նախագահին ամենալուրջ այլընտրանք:

– Բոլորին էլ պիտի ընդամենը դիտարկել որպես նախագահի թեկնածուներ: Իսկ, ընդհանուր, պետության զարգացման առումով, կրկնեմ, մենք շատ վճռական ենք. այն քաղաքական կապիտալը, որն ունի ՀՀԿ-ն, եւ այն համարումը, որն ունի երկրի նախագահը՝ թե ժողովրդի մեջ, թե արտաքին աշխարհում, համոզիչ է մեզ համար: Ավելի ուշադիր, վճռական աշխատելու դեպքում եւ ընտրությունները լավ կանցնեն, եւ հաջողությունն ի նպաստ Սերժ Սարգսյանի կլինի:

– Այսինքն՝ Դուք Սերժ Սարգսյանին այլընտրանք չե՞ք տեսնում:

– Բոլոր նրանք, ովքեր կդնեն իրենց թեկնածությունը, կլինեն այլընտրանք, ինչն էլ հնարավորություն կտա, որ քաղաքական դաշտն ավելի ակտիվ լինի: Ինչքան քաղաքական դաշտը ակտիվ է լինում, այնքան պետության առջեւ ծառացած խնդիրներն ավելի դյուրին են լուծվում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031