Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական ծուղակը

Հուլիս 20,2012 13:02

1995 թվականից սկսած՝ այն ամենը, ինչը Հայաստանում կապված է ընտրությունների հետ, զարմանալիորեն կրկնվում է: Մասնավորապես, կան կեղծ գաղափարներ, որոնց ընդդիմադիրները եւ հասարակության մի մասը իսկապես հավատում են. այդպիսի մի գաղափար է ընդդիմության միավորումը եւ միասնական թեկնածուով հանդես գալը:

Իրականում դա ծուղակ է, որի մեջ պարբերաբար ընկնում են ընդդիմադիրները, եւ դրան, իհարկե, մեծ հաճույքով նպաստում են իշխանության ներկայացուցիչները: Նրանց արտահայտած տեսակետները մոտավորապես հետեւյալն են. «Մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք» (կարծես թե պարզ չէ, որ նրանք այդպիսիք են միմիայն փողի եւ վարչական լծակների շնորհիվ), «բայց լավ կլինի, որ ընդդիմությունն էլ ուժեղ լինի, որովհետեւ ընդդիմությունը երկրի հարստությունն է» (փարիսեցիության դասական օրինակ), «իսկ դրա համար թույլիկ ընդդիմադիր խմբերը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան գործոն դառնալ»: Իսկ ընտրություններից հետո իշխանությունները, որպես կանոն, ասում են՝ «այ, տեսաք, մենք զգուշացնում էինք, բայց ընդդիմությունը չմիավորվեց, դրա համար էլ պարտվեց»: Բացառությունը թերեւս 96 թվականն էր, երբ Վազգեն Մանուկյանը կարողացավ ակումուլացնել ընդդիմադիր զանգվածի ողջ ատելությունը առաջին նախագահի հանդեպ, բայց դա էլ արդյունք չտվեց, որովհետեւ քաղաքականության մեջ ատելությունը, ինչպես եւ սերը, անցողիկ զգացմունքներ են:

Հիմա, հավանաբար, կլինեն ընդդիմադիր մի քանի թեկնածուներ, որոնցից ամեն մեկը կհայտարարի, որ հենց ինքն է միասնական թեկնածուն, իսկ մնացածը դհոլներ են ու հաճախորդներ: Բայց խնդիրը դա չէ. միասնական թեկնածուի փնտրտուքը եւ դրա շուրջ վեճերը սկզբունքային, մեթոդոլոգիական սխալ են: Այսօր պետք չէ ոչ ընդդիմադիր, ոչ էլ միասնական թեկնածու: Այսօր պետք է քաղաքական ուժ եւ թեկնածու, որը պոզիտիվ առումով ասելիք ունի, եւ այդ պոզիտիվ ասելիքը պետք է իսկապես ընդունելի լինի հասարակության համար: Թե չէ՝ արտագաղթի, օլիգարխների, թիկնապահների, կոռուպցիայի, ինչպես նաեւ կախյալ դատական համակարգի մասին մենք արդեն ամեն ինչ գիտենք՝ հերթական ատելության, չարության ալիքի բարձրացումը ոչ մի արդյունք չի տա:

88-90 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեն հաղթեց ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ընդդիմության միասնական թեկնածուներ էին, այլ՝ որովհետեւ նրանք արտահայտում էին այն ժամանակվա հասարակությանը միավորող գաղափարը՝ ոչ թե միայն ասում էին՝ կոմունիստները չարիք են եւ օր առաջ պետք է հեռանան: Նրանք ներկայացնում էին, թե ինչպիսի երկրում մենք պետք է ապրենք: Իհարկե, չի կարելի պնդել, որ մենք այսօր ապրում ենք հենց այդպիսի երկրում՝ տեսլականն ու իրականությունը միշտ էլ տարբերվում են իրարից, բայց կարեւոր է, որ այն ժամանակ մենք դրան հավատում էինք:

Այսօր այդ միավորող տեսլականի բացակայության պայմաններում ընդդիմադիր միասնական կամ ոչ միասնական թեկնածուի խնդիրը խիստ ժամանակավրեպ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031