Իշխանությունները կորցնում են վերահսկողությունը երկրի արտաքին սահմանների վրա։
Հինգշաբթի օրը Սիրիայի պետական հեռուստաընկերությունը լուսանկարներ է ցուցադրել, որտեղ պաշտպանության նորանշանակ նախարարը հավատարմության երդում է տալիս նախագահ Բաշար ալ-Ասադին։ Վերջինս հաջողություն է մաղթել նոր նախարարին։ Սակայն պարզ չէ, թե որտեղ է տեղի ունեցել նոր նախարարի երդմնակալության արարողությունը։
Հաղորդումը, հավանաբար, նպատակ ուներ ցույց տալ, որ Բաշար ալ-Ասադը ողջ եւ առողջ է, նշում է Associated Press լրատվական գործակալությունը։
Հուլիսի 18-ից` Սիրիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ իրականացված հարձակումից հետո երկրի նախագահի, նրա կնոջ եւ երեք երեխաների գտնվելու վայրի մասին որեւէ լուր չկար։
Կարդացեք նաև
Արդեն հինգերորդ օրն է` մարտեր են ընթանում մայրաքաղաք Դամասկոսում։
«Այստեղ պատերազմ է ընթանում` բառի բուն իմաստով պատերազմ», – Associated Press-ին ասել է Դամասկոսի 25-ամյա մի բնակչուհի։ Նրա խոսքերով` ամբողջ գիշեր հրաձգություն է լսել։
Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ հեռանում են մայրաքաղաքից։ Սիրիայի անվտանգության ուժերի պաշտոնյան France Press լրատվական գործակալությանը ասել է, թե բնակիչներին 48 ժամ են տվել հեռանալու համար, որպեսզի մինչեւ ուրբաթ օրը, երբ սկսվելու է մահմեդականների համար տոնական Ռամադան ամիսը, Դամասկոսը մաքրեն «ահաբեկիչներից»։
Հինգշաբթի երեկոյան միջազգային գործակալությունների հաղորդագրություները ցույց էին տալիս, որ Սիրիայի իշխանությունները կորցնում են վերահսկողությունը երկրի արտաքին սահմանների վրա։
Իրաքի ներքին գործերի նախարարի տեղակալ Ադնան ալ-Ասադին France Press-ին ասել է, թե Սիրիայի ապստամբների ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սիրիա – Իրաք ամբողջ սահմանը։ Նրա պատմելով` իրաքցի սահմանապահները տեսել են, թե ինչպես են ապստամբները գրավում սահմանային անցակետերից մեկը եւ սպանում այնտեղ գտնվող զինվորներին ու հրամանատարին։
Սիրիայի ապստամբների ուժերը հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել նաեւ Սիրիա – Թուրքիա սահմանի գլխավոր` Բաբ ալ-Հավա անցակետը։ Նրանք հանել են սիրիական կողմում տեղադրված` Բաշար ալ-Ասադի եւ նրա հոր` Հաֆեզ ալ-Ասադի մեծ դիմանկարները եւ տրորել դրանք։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մոտավորապես 20 հազար մարդ Սիրիայից փախել է Լիբանան։ Լիբանանի սոցիալական հարցերով նախարար Վաիլ Աբու Ֆաուրը լրագրողներին ասել է, որ կառավարությունը բացում է դպրոցների շենքերը` փախստականներին ապաստան տալու համար։
Լիբանանի անվտանգության ուժերը հայտնել են, որ փախստականների մեջ օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ կան։
Սիրիայի հիմնական ընդդիմադիր կառույցներից մեկի` Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Աբդել Բասեթ Սայդան հինգշաբթի օրը Հռոմում ասել է, թե Սիրիայի ռեժիմի վերջին օրերն են, եւ զգուշացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի եւ Չինաստանի վետոն կարող է աղետալի հետեւանքներ ունենալ։
Հրաչ Մելքումյան
«Ազատություն» ռադիոկայան