Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանի կողմնակիցներին չեն ճնշել

Հուլիս 20,2012 12:04

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ծնունդով ղարաբաղցի Արտակ Զաքարյանը հպարտությամբ էր խոսում այն ամենի մասին, ինչ այդ օրը տեսել էր իր փոքրիկ հայրենիքում։ Նա տեղեկացրեց, որ ընտրություններն անցնում են քաղաքացիական բարձր ակտիվությամբ ու գիտակցությամբ, եւ որ այդ ժամին ավելի քան յոթանասուն տոկոս մասնակցություն կար, եւ էականն ամենեւին էլ թեկնածուներից որեւէ մեկի նախընտրությունը չէր, այլ արցախցու վերաբերմունքն իր անկախ հայրենիքի նկատմամբ։

Ինչ վերաբերում էր ընտրական բուն գործընթացին, Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ որեւէ խախտման դեպք չեն գրանցել ո՛չ իրենք, ո՛չ այն տեղամասային հանձնաժողովները, ուր իրենք եղել են (իսկ եղել էին արդեն մեկ տասնյակ տեղամասերում եւ դեռ մի հինգում էլ կլինեին), խոսել են բոլոր երեք թեկնածուների վստահված անձանց հետ. նրանք նույնպես խախտումներ չեն արձանագրել։

Հո սովետական օրերում չե՞նք ապրում, որ որեւէ խախտում չեք գրանցել, դիտորդները նո՞ւյնպես չեն գրանցել՝ հակադարձեցինք մենք։ «Առ այս պահը դիտորդները նույնպես նման դեպքեր չեն արձանագրել։ Դիտորդներն Արցախում, ի դեպ, հետաքրքրված են ամեն ինչով՝ սկսած քաղաքացիական իրավունքի, սոցիալական, անվտանգության խնդիրներից, վերջացրած ժողովրդավարական հաստատությունների վիճակով, եւ նրանց ընդհանուր տպավորությունը բավականին դրական է»։

Ի դեպ, Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ հո չե՞ն «ճնշում» Վիտալի Բալասանյանի կողմնակիցներին, վերջինս բավականին ընդդիմադիր դիրքերից հանդես եկավ ընտրական ողջ գործընթացում։ «Իհարկե՝ ոչ։ Ընտրական պրոցեսն անցնում է սպասվածից ազատ, ինչը հաստատում էին նաեւ մեզ հետ զրուցող Վ Բալասանյանի վստահված անձինք։ Կարծում եմ՝ այս ընտրական պրոցեսները շատ լավ հնարավորություն էին, թեկուզ առայժմ չճանաչված՝ անկախ երկիր Ղարաբաղի համար, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, որ տեղի են ունենում բացառապես ժողովրդավարական գործընթացներ, եւ Ղարաբաղում իշխանությունները ձեւավորվում են քաղաքացիական կանոններին համապատասխան։ Այս ընտրությունները հնարավորություն էին տալիս ասելու նրանց, ովքեր հետաքրքրված են Ղարաբաղով, որ արդեն իսկ փաստացի կայացած պետության հետ գործ ունեն, որն ունի ձեւավորված քաղաքացիական հասարակություն՝ պետական ինստիտուտներով հանդերձ»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031