Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ համարժեք քայլերը հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս

Հուլիս 20,2012 11:46

«Հարսնաքար»-ի դեպքերից հետո Ռուբեն Հայրապետյանի դեմ սկսված արշավը որոշ իշխանամերձ վերլուծաբաններ փորձեցին ներկայացնել իբրեւ կոնկրետ ՀՀԿ-ի դեմ ուղղված շարժում, որի տարբեր դերակատարներ այսպես ասենք՝ աջակցություն են ստանում ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդների եւ անձամբ Ռուբեն Հայրապետյանի թշնամիների կողմից։ Պետք է նշել, որ նման պնդման համար որոշ հիմքեր կան՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուբեն Հայրապետյանն ամենեւին էլ միակ օլիգարխը չէ, ում սափրագլուխները մարդկանց «դաստիարակում» են՝ հասցնելով մահվան դուռը։ Օրինակները շատ են, եւ նման դեպքերի մասին գրել է նաեւ «Ժողովուրդ»-ը։ Սակայն մամուլի բազմաթիվ հրապարակումները մինչեւ Վահե Ավետյանի մահն անցնում էին անհետեւանք, ինչպես տեղի ունեցավ ընդամենը երկու ամիս առաջ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ղեկավարի՝ Էդոյի կողմից մի վարորդի դաժանաբար ծեծելու դեպքում։ Այդ ժամանակ ոչ միայն տարբեր քաղաքացիական ակտիվիստական խմբեր լռեցին, այլեւ ամենաթողության ու բռնության կիրառման այդ կոնկրետ դեպքի դեմ գոնե մեկ՝ ասենք Տիգրան Խզմալյանի նման մտավորական չխոսեց։ Ինչեւէ։ «Հարսնաքար»-ի դեպքից հետո տեղի ունեցավ եւս երկու դեպք, որոնց առանցքում կրկին ԱԺ ՀՀԿ-ական մականունավոր պատգամավորների հարազատներն էին։ Առաջին դեպքում Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի քրոջ որդին էր, որը շատ արագ կալանավորվեց սպանության կասկածանքով, իսկ մյուսը կրկին դեպքի հաջորդ օրը կալանավորված Նովոյի՝ Նահապետ Գեւորգյանի որդին էր, որը զենքի սպառնալիքով մեքենա էր առեւանգել։ Եվ ահա այս դեպքերի հանրայնացումն ու դրանցում չներգրավված պատգամավորների հարազատների նկատմամբ իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ եւ կարծես թե առայժմ համարժեք քայլերը հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Մի կողմից կարելի է մտածել, որ դրա պատճառը «Հարսնաքար»-ի դեպքից հետո ծայր առած քաղաքացիական շարժման ճնշումն է, որը ստիպեց իշխանություններին հերթական անգամ աչք չփակել մականունավոր ՀՀԿ-ականների մերձավորների հանցագործությունների վրա։ Մյուս կողմից, սակայն, դրանով անուղղակիորեն եւս մեկ անգամ շեշտվեց, որ հատկապես ՀՀԿ-ի շարքերն ավելի քան հարուստ են քրեաօլիգարխիկ տարրերով, որոնց շրջապատում տարիներով ձեւավորված հղփացածության եւ անպատժելիության մթնոլորտը չի փոխվում անգամ «Հարսնաքար»-ից հետո։ Եվ այստեղ կարող է թվալ, թե հանձնարարելով համարժեք կերպով արձագանքել այս վերջին դեպքերին, ՀՀԿ առաջնորդը որոշակիորեն վնասում է սեփական կուսակցության հեղինակությունը եւ տեղիք տալիս, որպեսզի իրենց քաղաքական հակառակորդներն օլիգարխների ամենաթողությունն էլ ավելի նույնականացնեն ՀՀԿ-ի հետ։ Իրականում, սակայն, տեղի է ունենում հակառակը, պետականները սկսում են հասկանալ, որ իրենք այլեւս օրենքից վեր չեն լինելու, իսկ դա հանգեցնելու է ՀՀԿ-ի շարքերի ինքնամաքրմանն ու որպես քաղաքական ուժ՝ էլ ավելի ամրացմանը։ Եթե իհարկե, այս ամենը զուտ ժամանակավոր շոու չլինի:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031