Ընտրությունների մասին իրենց տեսակետն արտահայտելու համար երեկ մենք դիմեցինք ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԼՂՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող ընդդիմադիր ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ Հրանտ Բագրատյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ինքը եղել է Մարտակերտի շրջանի չորս գյուղերում՝ Վանք, Դրմբոն, Կիչան, Չլդրան։ «Ես կարող եմ ասել, որ այդ գյուղերում որեւէ խախտում կամ բողոք չի արձանագրվել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ում ղեկավարած կուսակցությունն ընտրություններից մի քանի օր առաջ հանդես էր եկել նախագահի թեկնածուներից մեկին՝ Բակո Սահակյանին պաշտպանող հայտարարությամբ, ասաց. «Միանշանակ կարող եմ պնդել, որ իմ կողմից այցելած տեղամասերում ոչ մեկի կողմից բողոքներ չեն եղել։ Քանի որ ընտրություններն արդեն ավարտվել են, անկախ արդյունքներից, կարող եմ ասել, որ արցախցին կարողացավ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ձեւավորել իշխանություն, որը կարող է միանգամայն լեգիտիմ ներկայացնել Արցախի եւ նրա ժողովրդի իրավունքներն արցախյաև խնդրի կարգավորման բանակցություններում։ Մենք ընտրատեղամասեր այցելելիս հանդիպել ենք միջազգային դիտորդների հետ, եւ նրանք եւս կիսում են մեր տեսակետները»։ Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի շտաբի կողմից տարածված տեղեկություններին՝ մի քանի ընտրատեղամասերում վստահված անձանց նկատմամբ կիրառված բռնությունների մասին, Քոքոբելյանն ասաց, որ Ստեփանակերտի եւ շրջանների այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք են եղել, զրուցել են նաեւ մրցակից թեկնածուների վստահված անձանց հետ, եւ նրանց կողմից որեւէ բողոք, իրենց նկատմամբ կիրառված ճնշման կամ բռնության մասին ոչինչ չեն լսել։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Հրապարակ»