Հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է` ստանալով 47 հազար 85 ձայն կամ քվեների 66.70 տոկոսը։
Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանի օգտին է քվեարկել 22 հազար 966 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.50 տոկոսը, իսկ գիտաշխատող Արկադի Սողոմոնյանի օգտին` 594 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 0.84 տոկոսը։
Լեռնային Ղարաբաղի հինգերորդ նախագահական ընտրություններին մասնակցել է 72 հազար 833 մարդ կամ ընտրական իրավունք ունեցող անձանց 73.43 տոկոսը։
Ընտրություններին հետեւող տեղական եւ միջազգային դիտորդները հինգշաբթի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տեղեկացրեցին, որ քվեարկության ընթացքը եղել է նորմալ, եւ խախտումներ չեն նկատել։
Կարդացեք նաև
Երեկվա դրությամբ, ընտրությունների ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել` բացի երկու մասնավոր դեպքերից, որոնց Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը արձագանքել է եւ մանրամասները կհրապարակի այսօր։
Բակո Սահակյանը առաջին անգամ Ղարաբաղի նախագահ է ընտրվել հինգ տարի առաջ նույն օրը` հուլիսի 19-ին։
Լուսինե Մուսայելյան
«Ազատություն» ռադիոկայան