Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Պետրոսյանը հերքում է, որ ինքը Կոնգրեսից դուրս գալու մտադրություն ունի, բայց հաստատում է, որ Էրեբունիի ՀԱԿ-ի շտաբը փակվել է

Հուլիս 19,2012 23:12

Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո լուրեր են շրջանառվում, որ հիմա էլ Տիգրան Տեր-Պետրոսյանն է դուրս եկել ՀԱԿ-ից, փակել Էրեբունիում իրենց գրասենյակը եւ Դուբայում է: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի կողմից առաջադրվել էր թիվ 12 ընտրատարածքում, որտեղ հաղթող ճանաչվեց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ Էրեբունիի գրասենյակը չի կարող փակվել. «Առիթ չկա փակելու: Բացառված է, դա գիտեք ումն է՝ Տիգրան Տեր-Պետրոսյանինն է»: Ինչ վերաբերում է նրա՝ Կոնգրեսից դուրս գալուն, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, բացառվում է: Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ երեկ եմ հանդիպել, միասին մի տեղ ենք եղել ամբողջ Կոնգրեսով, բացառվում է դա: Նման բան իրոք չկա: Ուղղակի այնքան շատ  են Կոնգրեսի  շուրջ խոսակցութունները, որ ամեն մի ստից առիթ համարում են ինչ-որ բան՝ Կոնգրեսի անդամության դադարում»: Մենք ճշտեցինք՝ բայց եղե՞լ է Տիգրանի հետ որեւէ խնդիր ընդհանրապես՝ Լյուդմիլա Սարգսյանը հավաստիացրեց, որ չի եղել, ինքը  ընդհանրապես է խոսում՝ վերջին շրջանի իրադարձություններից ելնելով:

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Էրեբունիի ՀԱԿ-ի շտաբն իսկապես ժամանակավորապես փակվել է: Երբ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պատճառով, նա պատասխանեց. «Տեխնիկական»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով դա կապ ունի Տիգրան Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսից հեռանալու մտադրության հետ, պարոն Զուրաբյանը նույնպես վստահեցրեց, որ բացարձակ նման բան չկա. «Տիգրան Տեր-Պետրոսյանը երեկ մի քանի ժամ անցկացրել է Կոնգրեսի գրասենյակում ու լուրջ հարցեր են քննարկվել»: Ապացուցելու համար, որ Տիգրանը նման մտադրություն չունի՝ պարոն Զուրաբյանը տեղում զանգահարեց նրան. «Տիգրան, «Առավոտի» լրագրողն ինձ հարց է տալիս՝ ճի՞շտ է, որ Տիգրանը Կոնգրեսից դուրս է եկել, ես ասում եմ՝ չէ, նման բան չկա, ինքն ասում է՝ կա»:

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը Կոնգրեսում է ու այնտեղից դուրս գալու ցանկություն չունի: Նրա խոսքերով՝ «Ընդհանրապես չի եղել իմ՝ Կոնգրեսից դուրս գալ-չգալու հարց»: Նա բացատրեց, որ Էրեբունիի շտաբի տարածքը իրենք փակել են, որովհետեւ շատ մեծ տարածք է եւ այս պահին իմաստ չունի այն օգտագործել. «Ավելի հարմար տարածք ենք գտել, դա շատ մեծ էր, 400 քմ մենակ շտաբն օգտագործելու համար անիմաստ է այս պահին: Երբ Կոնգրեսի հետ կապված միջոցառումներ էինք կազմակերպում՝ այդ շտաբում էինք անում: Բայց հիմա ուրիշ տեղ ենք անում այդ միջոցառումները, դրա համար անիմաստ էր պահել: Մտածում էինք փոքրացնել, մի փոքր մասն այդ տարածքի օգտագործենք, թե չէ 400 քմ, այն էլ ոչ կենտրոնական շտաբ իմաստ չուներ օգտագործել: Դիմացն ընտրական փուլ է, 2007-ից դա պահել ենք, 6 ամիս հետո էլ ընտրական փուլ է, բայց քանի որ մենք մի քանի շտաբ ունենք Էրեբունիում, ինչո՞ւ են հենց այդ մեկը նկատել, որ փակվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031