Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ ակնկալիք ունի դատարանի որոշումից՝ ՀԱԿ ակտիվիստների գործի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Ես ոչ մի ակնկալիք էլ դատական նիստից չունեմ: Մենք գիտենք, որ երկրում արդարադատություն չի մնացել: Մենք գիտենք, որ սա մի երկիր է, որտեղ արդարադատությունը չի պատժում մեղավորներիյն, ինչպես դա եղավ Նեմեց Ռուբոյի դեպքում եւ շատ մնացածների դեպքում: Գործում է մի արդարադատություն, որը պատժում է անմեղներին՝ այն մարդկանց, ովքեր, ուղղակի օգտվելով իրենց սահմանադրական իրավունքներից, պայքարում են ռեժիմի դեմ, ազատորեն արտահայտում են իրենց քաղաքական հայացքները, փորձում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, ազատ հավաքներ անցկացնել եւ այլն: Այսինքն՝ մենք այս արդարադատությունից ոչ մի սպասելիք չունենք, կուզեն՝ մեղք կվերցնեն իրենց վրա՝ կդատեն, կուզեն՝ ելնելով իրավիճակից՝ այնուամենայնիվ չեն դատի: Միեւնույնն է, մենք մեր գործը շարունակելու ենք: Այդ գործը շարունակելու ենք մենք, այդ գործը շարունակելու են մարդիկ, որոնց այսօր նստեցրել են մեղադրյալի աթոռին, այն մարդիկ, որոնք բանտում են: Բոլոր այդ մարդիկ, մի րոպե չկասկածեք, շարունակելու են այս գործը: Այդ գործի հիմնական իմաստը այդ է, որ Հայաստան վերադառնա արդարադատություն»:
Մեր հարցին՝ Դուք հիմա եկել եք հոգեբանական աջակցությո՞ւն տրամադրելու ՀԱԿ ակտիվիստներին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բա բնական է, մի հատ Տիգրանին հաղթանակի նշան ցույց չտա՞նք, չոգեւորե՞նք, թեեւ ինքը ոգեւորվելու կարիք էլ չունի: Ինքը այն ոգու տեր մարդն է, որ առանց մեր ոգեւորելու էլ պատրաստ է պայքարել իր քաղաքացիական իրավունքների համար»:
Հարցին՝ Տիգրանն այդքան վտանգավո՞ր է, որ դատախազը պահանջել է նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Մամուլն էլ է դրա մասին ասել, որ մարդ սպանած Կուկուին բանտ անգամ չնստեցրին, անգամ մեղադրյալի աթոռին չեն նստեցրել, իսկ մի մարդ, որը արդարության համար պայքարում է Հայաստանում, այսօր կարող են 6 տարի ազատազրկել՝ իր չարած, չգործած մեղքերի համար: Ավելին, մի էպիզոդի համար, որտեղ իրեն են ծեծել ու իր վրա են ապօրինի գործողություն կիրառել»:
Եթե, այնուամենայնիվ, Տիգրանին ու ՀԱԿ մյուս ակտիվիստներին ազատազրկեն, պարոն Զուրաբյանը խոստացավ. «Մենք բոլոր միջոցներն օգտագործելու ենք, որ նրանց ազատենք: Ես մի բան էլ ասեմ՝ եթե մեր քաղաքացիական հասարակությունը մեծ եռանդով պայքարում է նրա համար, որ պատժվի հանցագործը, ինչը ես համարում եմ շատ արդարացի, կրկնակի կամ եռակի եռանդով պիտի պայքարի նրա համար, որ չպատժվեն անմեղ մարդիկ: Մարդիկ, որոնք պայքարել են նույն այդ մարդկանց ազատության համար: Ես օրինակ կուզեի, որ այստեղ լիներ 3 անգամ ավելի շատ մարդ, քան այն ակցիաների, որովհետեւ դա դասական ճշմարտություն է: Անմեղի չպատժվելն ավելի բարձր արժեք է, քան մեղավորներին պատժելը»:
Կարդացեք նաև
Վաղը դատավորը հրապարակելու է իր վճիռը: Դատական նիստից հետո այսօր Արամ Մանուկյանը կոնգրեսականներին հորդորեց, որ վաղն ամեն մեկն իր հետ մեկական մարդ բերի, ապահովեն հրապարակայնությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ