ՀԱԿ ակտիվիստների դատավարության ընթացքում Սարգիս Գեւորգյանը պաշտպանական ճառը կարդալու ընթացքում մի պահ կանգ առավ, սկսեց թղթերի մեջ փնտրել իր ճառի շարունակությունը: Պարզվեց՝ ճառի մի էջը կորել էր: Մինչ Սարգիսը փոձում էր թղթերի մեջ կողմնորոշվել, դատավորը ժպիտով հետեւում էր ու ուրախանում: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, որը եկել էր աջակցելու ՀԱԿ ակտիվիստներին, միջամտեց. «Մի ուրախացեք, հարգելի դատավոր, տղան ընդամենը շփոթել է»: Դատավորը պատգամավորին հակադարձեց՝ չեմ ուրախանում, կարող եմ նույնիսկ թույլ տալ, որ դրա հեղինակը նրան օգնություն ցույց տա, ակնարկելով, որ ՀԱԿ ակտիվիստի ճառի հեղինակը հենց պատգամավորն է: Սարգիս Գեւորգյանը վստահեցրեց, որ իր ճառի հեղինակը ինքն է, ի տարբերություն ոստիկանների ցուցմունքների, որոնց հեղինակն իրենք չէին: Դատավորը Սարգիսին թույլ չտվեց շարունակել կարդալ մեղադրական ճառը՝ ասելով, որ այն ըստ էության ցուցմունք է, եւ պաշտպանական ճառ չէ:
ՀԱԿ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանն էլ փաստեց, որ «տուժող ոստիկան Միրիջանյանը հարցին, թե ինչպես է եղել դեպքը, դատարանի դահլիճում պատասխանել է, որ չեմ հիշում, ցուրտ էր, բուշլատով էինք: Ալեքս Միրզոյանը, որը հայերեն չգիտեր, սփյուռքահայ էր, իր նախաքննական ցուցմունքում այնպիսի բառ էր գրել, օրինակ, կրպակ բառը, չգիտեր այդ բառն ինչ է նշանակում: Ընդհանուր ցուցմունքները կեղծ եւ շինծու էին»: Նա դատարանից խնդրեց արդարացնել իրեն ու իր ընկերներին:
Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, անդրադառնալով պաշտպան Ստեփան Ոսկանյանի ճառին, ասաց. «Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ այլ ասելիք չունեիք, ուղղղակի ուզում էիք ինչ-որ բան ասել մեղադրողի ճառի վերաբերյալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև