Շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
Տիգրան Առաքելյանն իր ճառի ավարտին նշեց, որ ունի քաղաքական հստակ հայացքներ ու հաշվի առնելով, թե ինչ երկրում ենք ապրում, ինչքանով են անկախ դատարանները, այնուամենայնիվ, «ակնկալում եմ արդարացման դատավճիռ, այն ինչպիսին էլ լինի՝ վերաբերում է ՀՀ քաղաքացուն»:
ՀԱԿ ակտիվիստ, ամբաստանյալ Արտակ Կարապետյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ Տիգրանի 15-20 սանտիմետրանոց վզի վնասվածքն ավելի քիչ հետաքրքրեց քննչական մարմիններին, դատախազին, դատավարության ընթացքում, քան ոստիկանի ուսադիրը, որը պոկվել էր: Նրա գնահատմամբ՝ ոստիկան-դատախազ շղթայի մոտ ուղղակի ատելություն կա լեւոնականների նկատմամբ, դրա համար էլ իր ստացած մարմնական վնասվածքները՝ ոտքի ու գլխի կապտուկներն էլ անտեսվեցին, անտեսվեցին, որ Տիգրան Առաքելյանը համարյա խեղդամահ էր լինում:
Կարդացեք նաև
Արտակ Կարապետյանը իր ճառում հիշատակեց նաեւ Ռուբեն Հայրապետյանին ու «Հարսնաքարի» միջադեպը, նշելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Այն երիտասարդները, որոնց ուզում եք դատել, յուրաքանչյուրն ուզում են, որ երեխաներն ապրեն ազատ ու արդար Հայաստանում ու ոչինչ չի կարող շեղել իրենց իրենց ուղուց»:
Ճառից հետո ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը սկսեց ծափահարել, նրան միացան նաեւ դահլիճում մյուս ներկաները: Դատավորը սաստեց՝ ասելով, որ դուք վիրավորում եք ամբաստանյալներին, դուք թատրոնում չեք գտնվում, սա ներկայացում չէ, որ ծափահարում եք: Ի պատասխան՝ Արամ Մանուկյանը նշեց. «Եթե դուք արդար վճիռ կայացնեք՝ պատրաստ ենք ձեզ էլ ծափահարել»: Դատավորը սպառնաց շարունակելու դեպքում Արամ Մանուկյանին դուրս հրավիրել դահլիճից, վերջինս չշարունակեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ