Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում հանդես եկող «Միհր» թատրոնը հիմնադրվել է 2003թ-ին` Ցոլակ և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանների կողմից: Թատերախումբն աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով. այն միաձուլել է արվեստը, նկարչությունը և պարը:
«Միհր» թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում `արժանանալով բազմաթիվ մրցանակների: Իսկ նոյեմբերին թատերախումբը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու պարային թատրոնների միջազգային կինոփառատոնին. հրավերի առաջարկ ստացել են հունիսին, երբ Պերմում մասնակցում էին բացօթյա թատրոնների միջազգային փառատոնին:
Բոլոր ներկայացումների հեղինակ Ցոլակ Մլքե-Գալստյանն ասում է, որ ներկայացումներում շոշափվում են սիրո, ատելության, տառապանքի, սարսափի ու մխիթարանքի թեմաները: «Միհր» թատրոնի բոլոր ներկայացումները ծնվում են այն ժամանակ, երբ գեղարվեստական ղեկավարը որևէ բանի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել. գրում է պիեսը, որից հետո տեղի է ունենում դերաբաշխում, և ներկայացումը պատրաստ է: «Ներկայացումները շատ են. «Մտքերի երկխոսություն», «Կոմիտասի 10 պատվիրաններ» , «Գույներ», «Երազներ», «Սև ամրոց, որոնցով թատերախումբը սահմանահատեց և դուրս եկավ միջազգաին շուկա»,-ասում է Մլքե-Գալստյանը` հավելելով, որ պարային խմբում գործում են կանոններ, համաձայն որոնց՝ այս խմբի յուրաքանչյուր անդամ չի կարող խաղալ սերիալներում ու նկարահանվել գովազդներում:
Թատերախումբն ունի չլուծված մի շարք խնդիրեր. նախ` եկամտի որևէ աղբյուր չունի, երկրորդ`փորձատարածք չունենալու պատճառով խումբը պարապմունքները անցկացնում է «այստեղ, այնտեղ և ամենուր»: «Ճիշտ է, հովանավոր խումբը դեռ չունի, բայց կան տարբեր կառույցներ, անհատներ, որոնց հետ մենք համագործակցում ենք, սակայն միայն նրանց ցուցաբերած օգնությունը բավական չէ »,-համոզմունք է հայտնում Մլքե-Գալստյանը` հույս հայտնելով, որ խնդիրները համատեղ ջանքերով, մոտ ապագայում անպայման կլուծվեն:
Մլքե-Գալստյանը տեղեկացրեց նաև, որ «Միհր» թատրոնը հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին, Կիրովի այգում հանդես կգա ներկայացումների ցուցադրությամբ: «Մուտքն ազատ է: Կարող են ներկա գտնվել բոլորը`առանց տարիքային սահմանափակման»,-ընդգծեց նա:
Պերճուհի Գևորգյան