Լրահոս
Օրվա լրահոսը

Շիկահող գյուղի նախկին աշխուժությունից քիչ բան է մնացել

Հուլիս 19,2012 16:55

Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Շիկահող գյուղում երիտասարդ ընտանիքներ գրեթե չեն մնացել, երբեմնի մարդաշատ գյուղից այժմ շատ քիչ բան է մնացել:

Շիկահողը տարածաշրջանում հայտնի է որպես ազատագրական պայքարներին խիզախորեն մարտնչող ու սահմանապաշտպան գյուղերից մեկը: Շիկահողցիները ակտիվ մասնակցել են ինչպես Դավիթբեկի ազատագրական պայքարին, այնպես էլ Զանգեզուրի 1918-20թթ. գոյամարտին, իսկ 1991-93թթ.՝ սահմանների պաշտպանությանը։

Գյուղը դարասկզբին ունեցել է մոտ հազար բնակիչ, և տարածաշրջանի ամենախոշոր ու բարեկարգ բնակավայրերից էր։ Ներկայումս գյուղում նախկին աշխուժությունը, ակտիվ կյանքը չկա, արյան գնով պահպանված ու խաղաղություն հաստատած գյուղում նորմալ պայմաններ չկան ապրելու, ընտանիքներ ստեղծելու, գյուղը զարգացնելու ու ապագա կառուցելու համար: Ուստի գյուղացիները կամաց-կամաց թողնում են գյուղը:

«Երբեմնի 200 տնտեսությունից մնացել է 60-ը: 2002թ.-ին 5 ընտանիք դուրս է եկել գյուղից, երիտասարդ ընտանիքներ գրեթե չկան, մահ կա` ծնունդ չկա: Գյուղացիներն անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում, բայց անշահավետ, անարդյունք: Բնակլիմայական պայմաններն էնպիսին են, որ նորմալ բերք չի ստացվում, ոռոգման ջուր չկա, Խորհրդային միության տարիներին կար, իսկ անկախացումից հետո ոռոգման համակարգ այլեւս չգործեց: Դրա համար ո’չ ցանում ենք, ո’չ էլ ոռոգում, միայն տնամերձ հողակտորներն ենք մշակում, դրանք էլ խմելու ջրով ոռոգում» , -ասում է 220 բնակչություն ունեցող Շիկահող գյուղի նախկին գյուղապետ Անդրանիկ Մարգարյանը, ով 10 տարի ղեկավարել է համայնքը եւ քաջ ծանոթ է գյուղի կենսագրությանն ու համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրներին:

Շիկահողցի Նորա Հովսեփյանը գյուղի մշտական բնակիչներից է: Ինքն արմատներով Շիկահողից է, ամուսնացել է համագյուղացու հետ, ընտանիք կազմել, 3 երեխա ունեցել, այժմ էլ ընտանիքով գյուղում է ապրում, դասվար աշխատում գյուղի միջնակարգ դպրոցում, երեխաներն էլ նույն կրթօջախում են ուսում ստանում:

Նորան գյուղում, բացի իր հիմանական գործից, ուրց եւ երիցուկ է հավաքում, չորացնում եւ տանում Կապանում վաճառում վերավաճառողներին: «Նաեւ լինում են դեպքեր, երբ ուզում են հենց գյուղից շատ էժան ու տոննաներով գնել, բայց մեր գյուղում այդքան չկա, իսկ իրենց առաջարկած գինն էլ շատ էժան է ու ոչ ձեռնտու մեզ: Ես տոպրակը վաճառում եմ 500 դրամով, բայց տարբեր գործարաններից առաջարկում են 1կգ 180 դրամ, ընդամենը պետք է մի մեշոկ չորացնեմ, որ մի կգ դառնա ու 180 դրամ գումար աշխատեմ, իսկ ես ընդամենը մի տոպրակ ուրցից 500 դրամ փող եմ արդեն աշխատում` քաղաք տանելով ու վաճառելով» , -ասում է Նորան:

Գյուղական կյանքին բնորոշ գրեթե նույն խնդիրներն են առկա նաեւ հարեւան Սրաշեն գյուղում: Այստեղ նույնպես գյուղացիական կյանքի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ չկան: «Քաղաքից հեռու է գյուղը, ծայրամասային տեղ ենք ապրում, ապրանք չենք կարողանում իրացնել, ով ինչ գյուղում արտադրում ա, չի կարողանում հետո վաճառել, ամեն ինչ մշակող կա, բայց եթե շուկան մոտիկ լիներ հնարավոր կլիներ իրացնել ստացված գյուղմթերքները, թեեւ ոռոգման ջուր չկա, բայց մարդիկ խմելու ջրով էլի եղած տարածքները մշակում են: Երիտասարդները գյուղ՝ տատիկ-պապիկների մոտ հիմնականում ամառն են գալիս, մնացած ժամանակ քաղաքում են ապրում, գյուղի երեսը տարեկան մեկ կամ երկու անգամ են տեսնում»,- ասում է գյուղում մեզ հանդիպած Վահրամ պապը` հիշելով ու երանի տալով անցած հին ու ուրախ օրերը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031