Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոբիզնեսից հասկացող է պետք

Հուլիս 19,2012 17:24

Անցած շաբաթ` հուլիսի 8-15-ը, Երևանի կենտրոնում բավականին աշխույժ  մթնոլորտ էր տիրում, քանի որ բացի զբոսաշրջիկներից, որոնք եկել էին Երևանի գեղեցկությունը դիտելու, մեկնարկեց նաև «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը` իր շուրջը համախմբելով տարբեր երկրների կինոգործիչներին, լրագրողներին և արվեստագետներին: Ցանկանալով ամփոփել տեղի ունեցածն ու հասկանալ` ինչպե՞ս անցավ փառատոնը, զրուցեցինք այդ նույն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ, որը մեծ սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը Հայաստանի կարևոր փառատոներից է, ուստի ո՞րն է հաջորդ քայլը և ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան փառատոնի շրջանակներում:

Դեռ չգիտենք` ինչ փոփոխություններ են լինելու, բայց կարծում եմ, որ 10-րդ փառատոնի ժամանակ կավարտենք մի փուլ, որը կոչված է Հայաստանում ծանոթացնել համաշխարհային լավագույն ֆիլմերի հետ, երիտասարդներին դասավանդել նոր մշակույթով, նոր կինոյի լեզվով, որի միջոցները հնարավոր կլինեն ներմուծել կինո: Այսօր կարող ենք ասել, որ առաջին տարիների 2-3 ֆիլմերի փոխարեն փառատոնում կա մի քանի հայկական ֆիլմ, որն արդեն հաջողություն է մեզ համար: Մյուս քայլը լինելու է հայկական կինոյի «նոր ալիքը», որը մեծ մասամբ ևս կախված է երիտասարդների ակտիվությունից ու ներգրավվածությունից:

Արդյոք արդարացրե՞ց 2012 թվականի փառատոնի կազմակերպչական մասը, թե՞ կային որոշ դժգոհություններ կամ թերացումներ:

Ինչ խոսք, ինչը որ լավ էր, լավ էր, չեմ կարող հերքել: Սակայն կան նաև որոշ դժգոհություններ կապված այն փաստի հետ, որ մեզ մոտ կինոթատրոնները քիչ են և այն ֆիլմերը, որոնք բերվել են աշխարհի տարբեր անկյուններից պետք է դիտվեն: Բայց ինչպե՞ս:  Մարդիկ չեն կարողանում գալ կենտրոն` ֆիլմեր նայելու, ապա հարկ է կառուցել կինոթատրոններ Երևանի տարբեր անկյուններում: Ուստի դժգոհությունս մասնավորապես կապված է կինոթատրոնների գրեթե բացակայության հետ:

Ո՞րն է այդ խնդրի հիմնական պատճառը:

Հայերս շատ զարմանալի ժողովուրդ ենք: Միշտ նայում ենք, թե ինչ են անում ուրիշները և կրկնում այն: Օրինակ` եթե որևէ մեկը հանրախանութ կամ սրճարան է կառուցում, մյուսն էլ է նույնն անում: Բայց ցավոք չկա այն մեկը, որը հասկանա և սովորի, հետևաբար` սովորեցնի կինոբիզնեսն իր բոլոր բաղադրիչներով, որն, ի դեպ, շատ լավ բիզնես է և մեծ եկամուտներ կարող է բերել:

 

Մյուս տարի դարձյալ կկազմակերպվե՞ն կինոգործիչների ու արվեստի այլ մասնագետների համար վարպետության օգտակար դասընթացներ:

Հնարավոր է: Ինչ վերաբերում է այդ դասընթացների մասնակիցների մասնակցությանը, ապա դա կախված է իրենց ցանկությունից, այսինքն` մենք նրանց չենք պարտադրում: Պատահում է, երբ նույն մասնակիցներն են գալիս, սակայն որոշ ժամանակ` մի քանի տարի անց այլևս չեն շարունակում:

Հայկական կինոբիզնեսի վերաբերյալ որոշ դժգոհություններ արտահայտեց նաև նույն փառատոնին մասնակցած ամստերդամցի կինոքննադատ Փիթր Վան Բուերենը, որի խորին համոզմամբ հայկական ֆիլմերն այնքան էլ չեն հասնում միջազգային կինոարվեստի մակարդակին: «Հայերն ուրախանում են իրենց իսկ արտադրած ֆիլմերից և կուշտ փորով ծիծաղում, սակայն դեռ շատ անելիք ունեն»,- ասաց նա: Իսկ այն հարցին, թե ո՞րն է այդ ամենի պատճառը, նա կտրուկ պատասխանեց. «Հիմար մտածելակերպը»:

Հայ կինոյի մասին կարծիքները կարող են տարբեր լինել` երբեմն արժանանալով ոմանց ոգևորությանն ու ողջույններին, ոմանց` առհամարհանքին, բայց մի բան հստակ է. ոչ միայն կինոարվեստում, այլ նաև կյանքի մնացած բնագավառներում. հարկավոր է գնալ առաջ և զարգանալ, եթե իհարկե չենք ցանկանում ետ մնալ այլ պետությունների առագընթաց քայլերից:

Ելենա Չոբանյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031