Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոշտանգված կնոջ գործ. «Չգիտեմ՝ դատարանը ի՞նչ որոշում կկայացնի, բայց մենք դեմ ենք դատարանի որոշմանը» (Տեսանյութ)

Հուլիս 19,2012 16:33

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի առջև ցույց էր: Դատարանում Մարիամ Գևորգյանի գործով հերթական քննությունն էր: Դատական նիստը դռնփակ էր: Դատարանի բակում բողոքի ձայն էին եկել բարձրացնելու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան եւ Մարիամի գործով մտահոգված քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Մարիամը Դ. Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Դատարանի դիմաց կանգնածները բղավում էին «ամոթ», նրանց հակադարձում էին Մարիամի սկեսրոջ եւ ամուսնուն պաշտպանելու եկած քաղաքացիները՝ բղավելով՝ «ազատ, ազատություն»:

Մարիամ Գեւորգյանի համար հավաքվածները պնդում էին՝ նրանք եկել են արդար դատավարություն պահանջելու, նրանց մեծամասնությունը Մարիամի բարեկամներն ու հարեւաններն են, գիտեն՝ աղջիկը խելացի, համեստ ընտանիքից է եղել. «Էրեխուն տարել են, խոշտանգել: Չգիտեմ՝ դատարանը ի՞նչ որոշում կկայացնի, բայց մենք դեմ ենք դատարանի որոշմանը: Բոլոր փաստերը կան, ինչի՞ են էսքան ձգձգում դատավարությունը»,- ասում էր հավաքվածներից մեկը:

Մարիամին պաշտպանողները դժգոհում էին դատական անարդարությունից եւ մատնանշում դիմացի հավաքվածներին. «Ամոթ էլ չեն անում, էրեխեքի են փող տվել, որ գան պլակատ բռնեն, գոռան: Որ գնաք, հարցնեք, մեկը նրանցից հարազատ չի լինի»,- ասում էին նրանք:

Դիմացի մայթին հավաքվածներն էլ ներկայանում էին որպես պատասխանող կողմի ընկերներ եւ բարեկամներ: «էդ լրատվական կայքերը սաղ սխալ են գրում: Ոչ մեկը ապացույց չունի, որ հարսին ծեծել են, ու՞ր են ապացույցները, բոլորն էլ սուտ են խոսում: Փաստեր չկան: Ոչ մեկդ էլ ճշմարտությունը չգիտի»,- հավատացնում էր Հայկանուշ Մելիքյանին բարեկամ ներկայացող մի կին:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031