Գրանցված լինելով սոցիալական կայքերում՝ գրեթե բոլորն են ուշադրություն դարձնում իրենց էջի գլխավոր նկարին: Սակայն հաճախ հանդիպում են դեպքեր, երբ դրանք նույնն են` թե թեմատիկ իմաստով, թե հենց նկարով: Օրինակ`ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության օրը, մարդիկ իրենց նկարները համապատասխանեցնում են օրվան: Ճիշտ է` հնարավոր է, որ նկարները նույնը չեն, բայց թեման է նույնը: Իսկ ահա «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, երբ մահացավ Վահե Ավետյանը, շատ օգտատերեր դրել էին Վահեի լուսանկարը: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը վերջին թվարկածի մասին ասում է, որ դա իրազեկող բնույթ ունի։ Շատերը նկատում են, որ իրենց ընկերները նույն նկարն են դնում, սկսում են հետաքրքրվել։ Բացի դրանից՝ֆեյսբուքում գլխավոր նկար փոխելը մթնոլորտ է ստեղծում, թեման էլ դարձնում է անընդհատ ընկալելի:
«Փոխելով իրենց էջի նկարներ՝ մարդիկ իրենց ներգրավվածությունն են ցուցաբերում, զորակցությունը եւ այլն։ Ցույցի ժամանակ անհատական պաստառի պես բան է»,- ասում է մասնագետը: Ինքն էջի նկար փոխել է նախկինում, այն էլ ֆորումներում, երբ ակտիվ գրել է, բայց ասում է` այնտեղ մարդիկ ներկայացված են կեղծանուններով, եւ սեփական լուսանկրներ չեն դնում, այլ, այսպես կոչված, ավատարներ: Ֆեյսբուքում իր լուսանկարը չի փոխում, քանի որ համարում է` այն պետք է համապատասխանի անվանը։
Օգտատերերի որոշ մասի պնդմամբ՝ իրենք նկարները փոխում են, երբ վատ դեպք է պատահում: Սամվել Մարտիրոսյանը դրա հետ համաձայն չէ. «Օրինակ՝ Բանակի օրը, Անկախության օրը մարդիկ նորից փոխում են։ Վատ առիթները պարզապես ավելի լավ են հիշվում»:
Արամ Արարատյան