Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն էր: Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին իրենց աջակցությունը հայտնելու համար դատարանում հարազատների հետ ներկա էին նաեւ ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ժամանակ պաշտպան Ստեփան Ոսկանյանը ներկայացրեց պաշտպանական ճառը: Ըստ նրա, այն, որ ըստ մեղադրող կողմի, ոստիկանները ընդամենը դիտողություն են արել առանց դնչկալի շանը ման տվող քաղաքացուն, որի ժամանակ վրա են հասել ՀԱԿ ակտիվիստները, հրմշտել ոստիկաններին՝ շինծու վարկած է. «Շան վարկածը հորինվեց, ոստիկանության ապօրինի գործողությունները պարտակելու համար, որովհետեւ կատարվել էր ապօրինի հետախուզում: Իսկ շան վարկածի վրա հետագայում կազմվեց մեղադրական ճառը»:
Նա ներկայացրեց, որ որեւէ միջադեպ տեղի չէր ունենա, եթե ոստիկանությունը չսահմանափակեր իր պաշտպանյալների իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել հանցանք կատարած անձանց, ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել այլ կերպ՝ քան օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով: Բերման ենթարկել կասկածյալին կարող է զուգորդվել անձի իրավունքների սահմանափակմամբ, ինչը եւ կատարվել է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ: Պաշտպանի դիտարկմամբ՝ ոստիկանների գործողությունններն անօրինական են եղել, ապօրինաբար են իրականացել պաշտպանյալների՝ բերման ենթարկելու գործողությունները: «Իմ պաշտպանյալները բերման ենթարկելու պահին զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բերման ենթարկող ոստիկանները չեն գործել իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում»:
Կարդացեք նաև
Նիստը շարունակվում է: Պաշտպանը շարունակում է ներկայացնել ապացույցներ, թե ինչու էին ապօրինի ոստիկանության գործողությունները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ