ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը վաղը մեկնում է Լոնդոն` Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի (նա արդեն Լոնդոնում է) հետ միասին նախապատրաստելու ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում մեր երկրի պատվիրակության անդամների դիմավորումը:
Այսօր Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Aravot.am-ի հարցին, թե 25 վարկանիշը, նկատի առնելով, որ երկու լողորդ օլիմպիական խաղեր մեկնում են, այսպես կոչված, «սպիտակ քարտով», բավարարո՞ւմ է, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը պատասխանեց. « Եթե ասեմ այո, ճիշտ չի լինի, քանի որ մենք բոլորս էլ ձգտում էինք հնարավորին չափ շատ ուղեգիր ունենալ: Սակայն կարծում եմ, որ այդ թիվն օպտիմալ տարբերակն է: Ավելի վաղ ասել ու հիմա էլ կրկնում եմ` մեր միակ ֆիասկոն եղել է ըմբիշ Ռոման Ամոյանի բացակայությունն օլիմպիական հավաքականում: Բայց այն, որ մեր 23 մարզիկներ օլիմպիական ուղեգրեր նվաճել են վարկանիշային մրցաշարերի պայքարում, դա է ամենակարեւորը: Թե չէ, «սպիտակ քարտով» այդ թիվը կարելի էր հասցնել մինչեւ 30: Մենք հույս ունեինք, որ ուղեգիր կարող էր ձեռք բերել նաեւ 800 մետր վազորդ Ամալյա Շառոյանը, սակայն երեկ տեղեկացանք, որ դա նրան չի հաջողվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ