Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Արտահայտվելու եւ կրոնի կամ համոզմունքի ազատությունը» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Աշխատաժողովը բացեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: Նա կարեւորեց արտահայտման ազատության ոլորտում իրավական զարգացումները աշխարհում, համացանցի կարգավորման խնդիրները: «Արտահայտման ազատությունը ինտերնետում փոփոխությունների է ենթարկվում: Օրինակ, այսօր յուրաքանչյուր մարդ սեփական բլոգի կամ Facebook-ում էջի տեսքով կարող է իր թերթն ունենալ եւ արտահայտվել: Դա ինչ-որ բաներ է ենթադրում»,- ասաց պարոն Դանիելյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ու մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ընդհանուր դրույթներ ներկայացրին արտահայտվելու եւ կրոնի կամ համոզմունքի ազատության մասին՝ վկայակոչելով ՀՀ օրենսդրությունն ու միջազգային չափորոշիչները:
Պարոն Իշխանյանը մանրամասնեց՝ ինչ ասել է մարդու իրավունքների խախտում, բերելով կոնկրետ օրինակներ, ապա հավելեց, որ մարդու իրավունքները, այսպես ասած՝ ուղղահայաց հարաբերությունների համատեքստում պետք է դիտարկել: Նրա ձեւակերպմամբ՝ երբ, օրինակ, անհավատն ու Եհովայի վկան վիճում են եւ առաջինը հարվածում է երկրորդին, դա մարդու իրավունքների խախտում չէ, այլ է պատկերը, երբ տնօրենը կրոնական հողի վրա ուսուցիչ է հեռացնում:
Կարդացեք նաև
Իշխանյանը գտնում է, որ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե լինի 4 բաղադրիչ. ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, համապատասխան օրենսդրություն, քաղաքացիական հասարակություն: Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը:
Նա մի օրինակ բերեց, թե ինչպես տարիներ առաջ դատարանի որոշմամբ Մեծ Բրիտանիայի արքայադուստրը տուգանվեց 800 ֆունտ ստեռլինգով, երբ նրա շունը այգում կծել էր ինչ-որ մեկին: Քննարկման ժամանակ խոսք գնաց նաեւ այն մասին, որ մարդու ոչ բոլոր իրավունքներն են բացարձակ: Օրինակ, առանց խոշտանգումների ապրելու իրավունքը բացարձակ է: Մարդուն չի կարելի պարտադրել հրաժարվել սեփական համոզմունքներից, բայց մյուս կողմից խղճի ազատությունը որոշ դեպքերում կարող է սահմանափակվել, եթե խոսքը վերաբերում է տոտալիտար, քայքայիչ կրոնական կազմակերպություններին: Ավելի ուշ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը կխոսի պետություն-եկեղեցի հարաբերությունների, իսկ իրավաբան Արա Ղազարյանը՝ կրոնի կամ համոզմունքի եւ ազատության միջազգային չափորոշիչների, ՄԻԵԴ նախագծերի մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ