Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովի արգելոցի ճանապարհի ընդլայնումով անտառը «ոտի տակ կտան»

Հուլիս 19,2012 15:24

Հուլիսի 4-ին Խոսրովի արգելոցից դեպի «ՀավուսԹառ» վանք տանող ճանապարհը, որը բավականին նեղլիկ արահետ էր, բուլդոզերներով ընդլայնվել է, ինչին անմիջապես արձագանքել էին բնապահպանները: Երեկ մի խումբ բնապահպաններ եւ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը  մեկնել էին «դեպքի վայր»` տեղում պարզելու իրավիճակը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն այսօր «Ելակետ» ակումբում կարծիք հայտնեց, որ նման լայն ճանապարհը ռիսկային է եւ մեծ հնարավորություն է ստեղծում մարդկանց անցուդարձի համար, ինչը նշանակում է՝ մարդիկ կարող են մեքենաներով անարգել մուտք գործել արգելոցի տարածք`«քեֆ» անել, վնասել բնությունը եւ այլն:

Բնապահպանները տեղում նկատել են քարե մանղալ, որը փոխնախարարի հրամանով տեղում քանդվել է: Տիկին Դանիելյանի խոսքերով` ճանապարհի ընդլայնման պատճառը, ըստ ոլորտի պետական պատասխանատուների, հրշեջ մեքենաների համար են ճանապարհ բացում, քանի որ այդտեղ հրդեհներ հաճախ են լինում: Մինչդեռ հրդեհների` ոչ հրշեջ մեքենաների օգնությամբ, մարման այլ եղանակներ կան, որը տեղական մասնագետներին սվորեցրել են եվրոպական փորձագետները: Այս մասին վստահեցրեց «Էկոլոգիական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը: Նրա ներկայացմամբ` Խոսրովի արգելոցը բնական թանգարան է`այնպիսի եզակի կենդանական ու բուսականության տեսակներով, ինչպիսին չկա ոչ մի երկրում. «Եվ բավական է, որքան որ մարդը խառնվել է, արդեն պետք է հանգիստ թողնել»:

Տիկին Ադամյանի ներկայացմամբ` բնապահպանները դեմ չեն էկոտուրիզմի զարգացմանը, սակայն այդ ուղղությամբ չկա պետական կառավարման ճիշտ մեխանիզմ: Երեկ քննարկվել է նաեւ այս թեման, ինչպես վստահեցրեց Սիլվա Ադամյանը,  քննարկման ընթացքում տեսակետ է հնչել, որ Խոսրովի արգելոցում պետք է հատուկ տարածքներ ընտրվեն, որտեղով մարդուն թույլատրելի լինի տեղաշարժվել, սակայն դրանք բուֆերային գոտիներ պետք է լինեն, ինչը որ չկա Խոսրովում:

Ասուլիսին ներկա բնապահպանական մեկնաբան-լրագրող Գալուստ Նանյանն էլ, տեսակետ հայտնեց, որ միջազգային պրակտիկայում էկոտուրիզմը գործում է ոչ թե արգելոցներում, այլ ազգային պարկերում:

Երեկ Խոսրովում բնապահպանների եւ նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել է նաեւ Գիլանի արգելոցում դեռեւս 2 տարի առաջ կառուցվող եւ ներկայումս կիսակառույց վիճակում գտնվող զվարճանքի օբյեկտի խնդիրը: Բնապահպանների կարծիքով, քանի որ այն արդեն 1 տարուց էլ ավել է չի քանդվում, ուրեմն` հնարավոր է մի օր այն վերջնականապես կառուցվի եւ դառնա հյուրանոցա-ռեստորանային համալիր:

Երեկ Խոսրովի արգելոցում կայացած քննարկման արդյունքում, որոշվել է ստեղծել խորհուրդ` մասնագետների կազմով, որը կզբաղվի հատուկ պահպանվող տարածքների խնդիրներով: Իսկ Խոսրովի արգելոց-ՀավուսԹառ տանող ճանպարհի լայնացումը, թեեւ վնասել է էկոհամակարգը, սակայն որոշվել է արգելափակոց տեղադրել վերահսկողություն սահմանել եւ տեսախցիկներ տեղադրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031