Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի 2 թեկնածուները՝ քվեարկությունից հետո

Հուլիս 19,2012 15:20

Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանը այսօր քվեարկեց Ասկերան քաղաքում, որտեղ բնակվում է: Նա ընտրության էր եկել տիկնոջ եւ հարսի հետ։

Բալասանյանը հայտարարեց, որ քվեարկել է «հանուն Ղարաբաղի ապագայի, հանուն մեր անկախության եւ մեր գերնպատակի՝ մեկ հայկական հանրապետության համար»:

«Համոզված եմ, որ բոլորս միասին կգտնենք մեր մեջ այն ուժը եւ կանենք ամենակարեւորը, որպեսզի Ղարաբաղի իմիջն ավելի բարձրանա, սկզբունքը՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ», – ասաց Ղարաբաղի նախագահի թեկնածուն։

Ամենահրատապ խնդիրը, որը պետք է ավարտին հասցնել, ըստ նրա` Ղարաբաղի անկախության եւ բանակցային գործընթացին մասնակցության հարցն է, այնուհետեւ` «սոցիալ-տնտեսական, տնտեսության մեջ աճի, նորամուծության եւ նոր տեխնոլոգիաների կիրառման»:

«Առաջին քայլը ընտրվելու դեպքում` նախ կհայտարարեմ, որ բոլորի նախագահն եմ, ընդհանրապես որեւէ հետապնդումներ չեն լինելու՝ թե՛ անկախ մարդկանց հայացքներից, թե՛ կուսակցական պատկանելիությունից», – ասաց Բալասանյանը։

«Իսկ չընտրվելու դեպքում՝ մեր պայքարը կշարունակվի, մենք արդեն մինիմում խնդիրները կատարել ենք այս պահի դրությամբ, եւ Ղարաբաղը նոր զարթոնք է ապրելու: Եվ, իհարկե, միանշանակ հայտարարելու եմ ընդդիմության մասին», – վստահեցրեց Ղարաբաղի նախագահի թեկնածուն։

Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանն այսօր քվեարկելիս առավել քան երբեւէ հուզված էր. նախագահական ընտրությունների արդյունքներից բացի նա նաեւ թոռնիկի ծնունդին է սպասում, ով մի քանի ժամից լույս աշխարհ կգա:

Սողոմոնյանը հայտարարեց, որ չընտրվելու դեպքում եւս քաղաքական պայքարը շարունակելու է:

«Ես միշտ լինելու եմ պետականամետ գործիչ. ես չեմ ընդունում, որ մարդ ընտրություններում պարտվում է, միանգամից անցնում է ընդդիմության շարքերը, կամ երբ մարդուն պետական պաշտոն են տալիս, անցնում է դիմության կողմը: Կարծում եմ` այն հարցերի լուծման հարցում, որոնք սխալ են դրված երկրում, ես ընդդիմություն եմ լինում, իսկ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում է մեր պետականության ամրապնդմանը, ես պաշտպանելու եմ», – Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո հայտարարեց Սողոմոնյանը:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031