Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Կարևոր է թե՛ Ղարաբաղում, թե՛ հաջորդ տարի Հայաստանում ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունների անցկացումը»

Հուլիս 19,2012 14:24

Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում այսօր գրել է. «Արցախում այսօր նախագահական ընտրություններ են: Լավ է, որ ընտրությունները ձևական չեն, և կա բավական լուրջ ընդդիմադիր թեկնածու: Հուսանք, որ կոպիտ խախտումներ և ընտրակեղծիքներ չեն լինի:

Ճիշտ է՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի որոշվում, բայց ընտրությունները հասարակության և միջազգայաին հանրության համար ժողովրդավարության մակարդակի ամենատեսանելի և շոշափելի ցուցիչն են:

Դժբախտաբար, այսօր արդեն միջազգային ընկալման մեջ, ինչպես ցույց է տալիս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, Արցախն ու Ադրբեջանը նույն մակարդակում են հայտնվել՝ ոչ ազատ երկրների շարքում: Արցախին վերաբերող ցուցիչի փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ 2010թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել: Հայաստանը նույն այդ զեկույցներում անկախության սկզբներից դասվել է մասամբ ազատ երկրների շարքում, բայց վերջին տարիներին իր հավաքած բալերի տեսանկյունից անընդհատ նահանջ է արձանագրել և հասել է արդեն ոչ ազատ երկրների դասակարգման նախաշեմին:

Ինչու է այս ամենը կարևոր: Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում Freedom House-ի և այլ միջազգային կազմակերպությունների գնահատականներին, փաստ է, որ խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թե մեր իշխանությունների հայտարարություններով և տեղական հեռուստատեսությունների ռեպորտաժներով, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ու գնահատականներով:

Այսօր նաև փաստ է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը փակուղում է: Բայցևայնպես, բանակցությունների հիմքում հաջողվել է ամրագրել հայկական կողմի համար մի շատ կարևոր սկզբունք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Փակուղային նման իրավիճակները վտանգ են պարունակում, որ փակուղուց դուրս գալու ելքեր փնտրելիս միջազգային հանրությունը գնա այնպիսի ճանապարհով, որը կարող է սպառնալ այդ սկզբունքի գոյությանը: Հայկական դիվանագիտությունը ինքը փակուղուց դուրս գալու նախաձեռնությունը պետք է վերցնի՝ նպատակ ունենալով ոչ միայն պահպանել այդ սկզբունքի գոյությունը, այլև այն դնել նոր հարթության վրա:

Իրոք, այսօր մեր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից նրա՝ արդեն ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչման հասնելը: Դա անելու կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Արցախը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:

Ահա նաև ինչու է այսքան կարևոր թե՛ Ղարաբաղում, թե՛ հաջորդ տարի Հայաստանում ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունների անցկացումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031