Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյանն առաջարկում է փախստական սիրիահայերին Արցախում բնակեցնել

Հուլիս 19,2012 14:06

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների երեկվա հայտարարությանը, որով վերջիններս դատապարտել էին Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցող նախագահական ընտրությունները, «Տեսակետ» մամուլի ակումբում, այսօր «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում իշխանությունները կազմվում են ընտրությունների արդյունքում, այլ ոչ թե ժառանգական, չափազանց կարեւոր փաստարկ է ե’ւ Հայաստանի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար` բանակցային գործընթացում: Եվրամիությունը միգուցե այդ իրավական ռամկաները չի ճանաչում, որի հիման վրա տեղի են ունեցել ընտրությունները, բայց ոչ մի խոսք չի գնում բուն ընտրությունների մասին: Ես կարծում եմ՝ ո’չ Եվրոպան, ո’չ էլ արեւմտյան երկրները կասկածի տակ չեն կարող դնել այն փաստը եւ այն անհրաժեշտությունը, որ ԼՂՀ-ում իշխանությունները կազմվում են ընտրությունների արդյունքում: Դա բավականին ուշագրավ եւ լուրջ նշան էր ե’ւ Ադրբեջանի, ե’ւ այլ երկրների համար, այդ ընտրությունները հերթական անգամ ամրապնդում են ստատուս քվոն: Բաքուն այդքան էլ ուրախ չէ այդ փաստից: Ադրբեջանից ու Թուրքիայից նման հայտարարություն սպասելի էր, իսկ որոշ արտաքին ուժերի հայտարարությունը նաեւ հիմնված է այն փաստի վրա, որ հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կարող են ստեղծվել Ադրբեջանի համար բանակցությունների ընթացքում, որովհետեւ ե’ւ Հայաստանի, ե’ւ ԼՂՀ-ի, ե’ւ միջազգային հանրության գլխավոր նպատակներից մեկը խաղաղության պահպանումն է եւ թույլ չտալ, որ Ադրբեջանը դուրս գա բանակցային գործընթացից»: Սերգեյ Մինասյանի համոզմամբ, երեկվա հայտարարությունը իրականում լուրջ ազդեցություն չի ունենա այն քաղաքական իրողության վրա, որը ստեղծվել է ԼՂՀ-ում եւ որը շարունակվում է 20 տարիների ընթացքում. «Պարզապես ընտրությունների փաստը ոչ պակաս գրծոն է ԼՂՀ-ի գոյատեւման համար, քան ԼՂՀ-ի պաշտպանության բանակը եւ այնտեղ ապրող բնակչության քանակը»:

Խոսելով Տարածաշրջանային վերջին զարգացումներից՝ քաղաքագետն ասաց. «Մինսկի խմբին ավելի շատ հետաքրքրում է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում լարվածության նվազումը, սակայն Ադրբեջանը չի գնում այդ քայլին, քանի որ դա բանակցային գործընթացում նրա վերջին ճնշման միջոցներից է»:

Ըստ նրա, կարեւոր հանգամանք էր նաեւ Մինսկի խմբի այն հայտարարությունը, որը կապված էր Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ, այն է` քաղաքացիական օդանավները չպետք է թիրախ լինեն:

Խոսելով Սիրիայի պատերազմի մասին՝ Սերգեյ Մինասյանն ասաց. «ՀՀ-ին ձեռք չի տալիս, որ Սիրիայի մեծաքանակ հայ համայնքը դատարկվի, իսկ Ասադի ռեժիմի տապալումը եւ այդ երկրում անկանխատեսելի իրավիճակի ստեղծումը կարող է արագացնել հայ համայնքի արտագաղթը Սիրիայից»:

Իսկ այդքան փախստականի ներգաղթն, ըստ քաղաքագետի, լուրջ սոցիալական խնդիրներ կառաջացնի, եթե ՀՀ-ն՝ մեր երկիրը նախապես չպատրաստվի, ուստի նպատակահարմար է, որ սիրիահայերը բնակեցվեն Արցախում, ինչը պարոն Մինասյանի կարծիքով, կլուծի նաեւ ԼՂՀ-ի ժողովրդագրական խնդիրը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031