Այնուհետեւ, քաղաքական բառերից Տեղեկատուի մէջ չեն տրուած ասամբլեա եւ կոնֆերանս օտար բառեզրերի հայերէն համարժէքները, իսկ ֆորում եզրոյթի համար առաջարկում է համաժողով բառեզրը: Ֆորում լատին բառը նշանակել է մի բաց տեղ, ուր հաւաքւում եւ քննարկում էին հասարակական հարցեր (ինչպէս՝ Հռոմում): Հետեւաբար, կարծում ենք, սրա համարժէքը կարող է լինել հաւաք բառեզրը, օրինակ երիտասարդական հաւաք (այժմ ունենք նաեւ հանրահաւաք տարբերակը): Իսկ համաժողով բառեզրը աւելի համապատասխան է կոնֆերանս եզրոյթին, որովհետեւ համա– նախածանցի համարժէքը լատինական կոն (con) մասնիկն է, ինչպէս՝ կոնֆեդերացիա- համադաշնութիւն, կոնսենսուս-համաձայնութիւն, կոնվենցիա-համաձայնագիր, կոնցեպցիա-համադրոյթ, կոնդոմինիում-համատիրութիւն, կոնգրուենտ-համընկելի: Ասամբլեա բառի համարժէքը կարող է լինել համագումարը (տես՝ Ամերիկայի Հայկական Համագումար-Armenian Assembly of America): Ժողովների միւս տեսակներից սփիւռքում ստեղծուել է կոնգրես-վեհաժողով՝ ղեկավար կառոյցների կամ մամինների ժողովի դէպքում եւ Summit (սամմիթ)– գագաթաժողով՝ պետութիւնների բարձրագոյն ղեկավարների ժողովի դէպքում: Արդէն գործածական են սիմպոզիում-գիտաժողով եւ սեմինար-աշխատաժողով համարժէք բառեզրերը. ինչպէս նաեւ կարճատեւ ժողովների (briefing) դեպքում՝ թռուցկաժողովը: Այս առիթով անդրադառնանք նաեւ իմաստով միմեանց մօտ, նուրբ տարբերութեամբ համախումբ այլ բառերի, ինչպէս օրինակ՝ արդէն Տեղեկատուի մէջ տրուածներն են՝ ատեստատ-վկայական, դիպլոմ-վկայագիր, սերտեֆիկատ-հաւաստագիր բառախումբը: Առաջարկում ենք նոյն օրինակով կարեւորել նրբին տարբերութիւններով հետեւեալ համախումբ բառերի՝ գործածման համար լայնօրէն տարածելը. լիմիտ-չափաքանակ (կամ՝ չափասահման), լիմիտաւորում-չափասահմանում (տարբերել չափորոշում-ստանդարտացում բառեզրից), նորմա-չափաբաժին, նորմաւորում-չափաբերում, պորցիա (portion)-բաժնեմաս (այս բառեզրի՝ մասնաբաժին արտայայտելու իմաստը նուրբ տարբերութիւն ունի ռուս-անգլ. բառարանում տրուած բաժին թարգմանութիւնից, ինչը ճիշտ է թուրքերէնից վերցրած ռուսական պայ (փայ) բառը բաժին թարգմանելու դէպքում եւ պետք է խուսափել պորցիան նոյնպես բաժին թարգմանելուց: Կարեւոր ենք համարում նաեւ սփիւռքում ստեղծուած, հետեւեալ բառերի ներառումը Խորհրդի բառեզրաբանական աշխատանքում: Ահա մի քանի օրինակներ, որոնց համարժէքները չկային Տեղեկատուի մէջ. Փախլաւա -թերթանոյշ (շեշտում է բազմաթերթ անուշեղեն լինելը), կալորիա-ջերմոյժ, էներգիա-եռանդոյժ (ռուսերէն էներգիչնի- եռանդուն), կատարակտ-ակնաքող, ասթմա-շնչարգելք, սքենինգ (scanning)- ըստ Տեղեկատուի՝ տեսամուտ (թերեւս՝ տեսատիպ կամ զննախոյզ): Վերջին մէկ տարուայ ընթացքում հայրենի մամուլում ուշադրութիւն գրաւեց հետեւեալ երկու բառեզրային փնտրտուքների հարցը. հայկական կոնեակի անուանման պատենտի խնդրի պատճառով մամուլում հրապարակայնօրէն խնդրւում էր առաջարկել նոր անուն եւ ահա արդիւնքում «գտան» կոնեակ բառը փոխարինող արբունի բառեզրը՝ արբել արմատից: Մինչդեռ կոնեակի եւ օղիի հումքը նոյն ալկոհոլային սպիրտն է, միայն թէ կոնեակը պահելով կաղնու փայտի տակառում, վերցնում է կաղնու փայտի գոյնն ու բուրմունքը: Հետեւաբար պէտք էր շրջանառութեան մէջ դնել կոնեակին համարժէք բարկօղի բառեզրը (տես՝ բարկ արեւ): Վերջերս «Մեդիամաքս»-ի մէջ բանավէճի կարգով կարծիքներ յայտնուեցին, թէ մեր երկրում սեռական դաստիարակութիւնը անտեսուած է եւ իբր նոյնիսկ Sex եւ Sexual բառերի հարազատ հայկական տարբերակները չունենք: Սեքսի հայերէն մի համարժէքը սեռն է (տեսակը, նաեւ մարդու տեսակը՝ արու -էգ), իսկ համատեղ սեռական կեանքի՝ սեքս օտար եզրոյթի համար ունենք հեշտ արմատով բառեր (Հայկազեանը ունի 56 բառ), ինչի շնորհիւ գրաւոր խօսքում կարող ենք կիրթ ձեւով արտայայտել սեռական (սեքսուալ) հարաբերութիւնները: Ելնելով հեշտոց (կնոջ սեռական անդամը) արմատից ունենք՝ հեշտանք-սեքս (սեռական գործողութիւն) եւ հեշտասիրական (հեշտալի)-սեքսուալ համարժէքները: Ունենք աւելին՝ հեշտասէր, հեշտամոլ, վաւաշոտ եւ ուրիշ բառեր: Սրանք պէտք է Տեղեկատուի մէջ լինեն: Այս առիթով յիշենք նաեւ Միսաք Մեծարենցի տողը՝
Գիշերն անուշ էր, գիշերն հեշտագին…
Երկու խօսք՝ ուղղագրական ցուցմունքների վերաբերեալ: Անունների հարցում Տեղեկատուն ռուսականի հիմքով յանձնարարում է, օրինակ, գրել Ասյա, Վոլոդյա, Լյուսյա (դրանք ռուսերէնում գրւում են յա-ով), բայց նաեւ՝ Եւդոկիա, Լիդիա, Մարիա, Ազարիա (ռուս. Իյա,), թէեւ այս կանոնները յաճախ չեն պահպանւում: 50-ականներին գրում էինք Մելանիա, Ամալիա, Վիկտորիա, այսօր՝ Մելանյա, Ամալյա, Վիկտորյա: Հետեւաբար գրենք նաեւ Ֆրանսյա, Իտալյա, Սիրյա: Ո՞րն է տրամաբանութիւնը: Նմանապէս անհասկանալի է, երբ իրաւացիօրէն Տեղեկատուն խորհուրդ է տալիս գրել Ուիլսոն, Ուոլտեր եւ ոչ թէ՝ Վիլսոն, Վալտեր, (W-Ու-ն չդարձնել V-Վ), բայց նոյն կանոնով չի արգելում գրել Վաշինգտոն, Վիլյամ, վիսկի, երբ անգլերէնում նոյնպէս W-ով է, ոչ թէ V-ով (Washington, William, whisky):
Վերջացնելուց առաջ, հետեւելով Տեղեկատուի խորհուրդներին, ամփոփենք մեր նպատակը: Նոր բառեզրերի իւրացումը վարժութեան հարց է: Բայց նաեւ կայ հակառակը: Եթէ վարժուենք օտար բառերը գործածել առանց հայերէնում եղած կամ ստեղծուած համարժէքների, մեր լեզուն չի զարգանայ, իսկ մեր լեզուի մէջ սեփական բառերը աստիճանաբար կը կազմեն բառային ֆոնդի աւելի քիչ մասը (ինչպէս է անգլերէնում եւ ռուսերէնում): Եւ իրաւացի էր Խ. Աբովեանը, ասելով թէ՝ ծծմօր կաթը աւելի լաւ չէ հարազատ մօր կաթից: Աւարտենք Արեւմտահայ բանաստեղծ, օտարաբանութիւնը մերժող Ռուբէն Որբերեանի հետեւեալ խօսքերով. «Լեզուն պէտք է լինի զուտ տոհմիկ… Մոտայի համար լեզու ստեղծողները պատասխանատու են ապագային»:
ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
«Մեսրոպեան Ուխտ»
լեզուապահպանական միութիւն
ՌՈՏ-ԱՅԼԸՆՏ, Ապրիլ-Մայիս 2012
«Առավոտ» օրաթերթ