Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարիչները՝ դրախտի եւ հավերժության ճանապարհին

Հուլիս 19,2012 13:37

Իտալիայի հյուսիսում գտնվող Պեսարո քաղաքի Centro arti visive Pescheria թանգարանում հայկական ժամանակակից արվեստին սպասել էին մոտ մեկ տարի: Մեկ տարի առաջ Երեւանի Golden Tulip հյուրանոցային համալիրում կայացավ Թենի Վարդանյանի եւ Արա Ալեքյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին հետեւեց «Ռենկո» ընկերության հրավերը՝ ներկայացնելու հայկական ժամանակակից արվեստը Պեսարոյի թանգարանում: Եվ այսպես, վերջերս «Ռենկոն»՝  «Անտիկյան ցուցասրահի» հետ համատեղ Իտալիայի արվեստասերներին առաջարկեց ուշագրավ էքսկուրս՝ դրախտի ճանապարհներով: Հայ հինգ անվանի արվեստագետներ՝ Թենի Վարդանյանը, Արա Ալեքյանը, Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանն ու Սամվել Սաղաթելյանն ստեղծագործությունից ստեղծագործություն դիտողի առաջ բացում էին իրենց հոգու դրախտը:

Սամվել Սաղաթելյանի կարծիքով՝ մարդուն բնորոշ է դրախտ փնտրել օտար ափերում, երբեմն մոռանալով, որ մեր դրախտը կերտողը հենց մենք ենք՝ մեր ապրելակերպով, արվեստով, հավերժության ու բնության հետ կերտած կապով: Արարատ Սարգսյանն ունի դրախտի որոնման իր բանաձեւը. «Երեսիդ քրտինքով հաց ուտես, մինչեւ որ հետ դառնաս երկիրը, որից առնվեցար»: Թենի Վարդանյանի համար դրախտը նկարելու պրոցեսն է, քաթանի ողորկ մակերեսը գրունտով պատելուց մինչեւ վերջին վրձնահարվածը: Այսինքն՝ լիքը պատմություններ իր եւ մարդկանց մասին, որոնք սկսվում են, վերջանում, հետո նորից սկսվում… Սարգիս Համալբաշյանի համար դրախտը բնության, տիեզերքի ու հավերժության կապն է, որը պահպանելու համար պետք է պայքարել, ուրեմն եւ ստեղծագործել: Արա Ալեքյանը երկաթե թափոններից ծնված իր քանդակներով է ստեղծում սիրո, ներդաշնակության իր աշխարհը ու հետո դրախտի դռները բացում արվեստի երկրպագուների առաջ:

Հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված հայկական արվեստի հաղթարշավը Իտալիայում շարունակվեց մեկ ամիս՝ կառուցելով մշակութային նոր կամուրջ արվեստապաշտ երկու ժողովուրդների միջեւ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031