Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների նկատմամբ հարուցած քրգործով նիստը:
Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը:
Վ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Ալվարդ Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով, վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ալվարդ Աբրահամյանին, իսկ նրա միջոցով նաեւ վերջինիս մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին եւ Ազգանուշ Սրապյանին խաբելով՝ հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երեւանում:
Վաղարշակ Աբաջյանը, վերջիններիս վստահությունը չարաշահելով, Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել եւ Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից՝ 12. 000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից՝ 10 000 ԱՄՆ դոլար գումար՝ ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 9. 936.000 ՀՀ դրամին համարժեք 27. 000 ԱՄՆ դոլար գումար:
Կարդացեք նաև
Իսկ Հակոբ Աբաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հոր՝ Վաղարշակ Աբաջյանի կողմից 2011թ. ամռանն Ալվարդ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը՝ խարդախությունը թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով հափշտակած գումարը տնօրինելու նպատակով կատարված խարդախության մասին կասկածներ ունեցող Ալվարդ Աբրահամյանին եւ նրա ամուսնուն՝ Յուրիկ Սրաբյանին առեւանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու եւ նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել Վաղարշակ Աբաջյանի հետ, որից հետո օգոստոսի 31-ին, ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ՝ Սեւանա լճից խեցգետնի որս եւ առեւտուր կազմակերպելու պատրվակով, Երեւանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրաբյանին առեւանգել եւ տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի՝ Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Նշված շինությունում Հակոբ եւ Վաղարշակ Աբաջյանները հարվածելու եւ ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Յուրիկ Սրաբյանին, որից հետո Հակոբ Աբաջյանը, ստուգելով եւ համոզվելով, որ Յուրիկ Սրաբյանը սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրաբյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ եւ քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երեւան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:
«Առավոտ» օրաթերթ