Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին կիսամյակ. իրավական խճանկար

Հուլիս 19,2012 13:33

Գողություն ոչ միայն գրադարանից, այլ նաեւ՝ զինապահեստից

2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ընդ որում՝ 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ (14-ը՝ պաշտոնատար անձ), մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատի տրված 14 պաշտոնատար անձանցից 13-ը եղել են ոստիկանության աշխատակիցներ, իսկ 1-ը՝ ԵՊՀ գրադարանի բաժնի վարիչ:

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերի վերլուծությունը վկայում է, որ օպերատիվ մարմիններն առավել արդյունավետ աշխատում են իրենց իսկ ներսում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Նկատենք, որ առաջին կիսամյակում դատարան ուղարկված գործերի խճանկարը խիստ բազմազան է:

Դիրքի չարաշահում եւ ապացույցների կեղծում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Պողոսյանի եւ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Վահան Խանզադյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական գործը, որն անջատվել է առանձին վարույթ, ավարտվել եւ ուղարկվել է դատարան՝ Վռամ Բաղդասարյանի կողմից ապօրինի կրած հրազենով Խաչիկ Մկրտչյանին սպանելու, Դավիթ Սանդալջյանի ու մյուսների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական գործից:

Նախաքննական մարմինը համոզված է, որ քննչական ճիշտ տակտիկայի ընտրության քննչական մեծածավալ, բազմապիսի գործողությունների շնորհիվ վերականգնվեց արդարությունը, պարզվեց եւ հիմնավորվեց սպանությունն իրականում կատարած անձի ինքնությունը, որը մինչ այդ վերագրվել էր մի այլ անձի: Դատական ատյանները հիմնավորված են համարել առաջադրված մեղադրանքները:

Զինապահեստից՝  գրադարան

Հունիսի վերջերին դատարան ուղարկվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի՝ տեխնիկայի եւ սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանի կողմից զենքի՝ «Ֆագոտ» տեսակի հրթիռների ու հրթիռանետերի հափշտակության վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է իր պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ ՀՀ ոստիկանության զորքերին պատկանող գույք, ռազմամթերք յուրացման եղանակով հափշտակելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ շուրջ 10 դրվագով կատարած հանցագործությունների համար: Նկատենք, որ Վ. Մանուկյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը, իսկ դատավարությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դռնփակ:

Մեկ այլ գործով՝ ոստիկանության ՊՊՎ գնդի ոստիկաններ Երվանդ եւ Դավիթ Ղամբարյաններն ու մյուսները մեղադրվում են Հայաստանի ազգային գրադարանից առանձնապես խոշոր չափերի գրքերի գողություն կատարելու մեջ: Սա, կարելի է ասել, միջազգային գործ է, քանզի մեղադրյալներից մեկը վրացի է, ում նախաձեռնությամբ էլ կատարվել են գրքերի գողությունները: Գործում ներգրավված է նաեւ փաստաբան՝ Վրաստանից:

Կաշառք, խարդախություն

Բացահայտված կաշառքի դրսեւորումները տարբեր են՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ինչպես նաեւ զբաղեցրած դիրքի օգտագործում եւ խարդախության իրականացում, սակայն նպատակը մեկն է՝ սեփական բարեկեցության ապահովում:

ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ Արսեն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել վարորդական իրավունքի վկայական տալու համար քաղ. Կարեն Աբրահամյանից 150.000 դրամ կաշառք պահանջելու եւ ստանալու համար: Իսկ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Արթուր Հովսեփյանն էլ քաղաքացի Հարություն Մինասյանից 500 դոլար է պահանջել ու ստացել՝ նրա վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար: ԱԱԾ օպերլիազոր Արտաշես Աղասյանն էլ Բենիկ Ղահրամանյանի հետ նախնական համաձայնությամբ, քաղաքացիներ Գ. Հարությունյանից եւ Ա. Հասրաթյանից խաբեությամբ վերցրել է 1900 ԱՄՆ դոլար՝ կաշառք տալու պատրվակով:

Հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար տարբեր գերատեսչություններ ուղարկվել է 12 միջնորդագիր: Իսկ ավարտված քրեական գործերով պատճառված վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 76.4 տոկոսը:

Հաջորդ կիսամյակը,

կարելի է ասել,

մաքսավորներինն է

Մեր ունեցած տեղեկություններով, նախորդ կիսամյակ հարուցված եւ ներկայումս նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի թվում են մի քանի հետաքրքիր գործեր, որոնցով շոշափվում են մաքսային ծառայության աշխատակիցների անուններ: Օրինակ՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության պետ Միքայել Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու կամ Բագրատաշենի եւ Գոգավանի մաքսատների առանձին աշխատակիցների կողմից ՀՀ ներկրված ավտոմեքենաների հետ կապված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիքներ կատարելու վերաբերյալ քրեական գործերը:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ դեռեւս շարունակվում է «Գապբնակշին» եւ «Նարեկ-Դավիթ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնակի բարդությունը, մեծածավալ լինելը, կատարվելիք քննչական ու դատավարական գործողությունների քանակը՝ քրեական գործով կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ ոստիկանության քննիչներ:

Քրեական գործով հարցաքննվել է շուրջ 350 տուժող եւ վկա, կատարվել են բազմաթիվ այլ քննչական գործողություններ՝ առերեսումներ, խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել են մասնագիտական ստուգումներ, փորձաքննություններ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031