Ուղեւորները իրար գլուխ ջարդելով՝ «խցկվում» են միկրոավտոբուս
Տոն օրերից առաջ Երեւանից Վանաձոր հասնել փորձող մարդիկ կանգնում են մեծ խնդրի առաջ: Երթուղայինները չեն բավականացնում ուղեւորներին: Խնդիրն առկա է տարիներ շարունակ, եւ հիմնականում անհարմարություններ կրողը Երեւան-Վանաձոր երթուղու մշտական ուղեւորներն են: 40-60 րոպե սպասելուց հետո ուղեւորները մոռանում են սեռ, տարիք, հարգանք ու միմյանց տրորելով՝ ուղղակի ներխուժում են երթուղային՝ վիրավորելով ու հարվածելով միմյանց: Բոլորն էլ փորձում են «խցկվել», քանի որ հաջորդ միկրոավտոբուսը մոտ մեկ ժամից է շարժվելու:
Մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում ավելի թանկ վճարել ու տաքսիով գնալ Վանաձոր: Մի քանի ուղեւոր հավաքվում են, որպեսզի տաքսու ուղեվարձը կիսվի բոլորի մեջ ու համեմատաբար էժան նստի նրանց գրպանին:
Ուղեւորների բողոքներին ի պատասխան՝ Երեւան-Վանաձոր երթուղու «դիսպետչերը» ոչ մի բացատրություն չի տալիս՝ միայն ասում է, որ փորձում են հավելյալ միկրոավտոբուսներ ներգրավել, սակայն դրանք այդպես էլ տեղ չեն հասնում: Նշենք, որ վերջերս էլ այս երթուղու ուղեվարձը թանկացել է: Եթե նախկինում մարդիկ վճարում էին 1200 դրամ, այժմ 1400 են նրանցից պահանջում:
Կարդացեք նաև
Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինչ քանակությամբ մրցույթը շահում է տնտեսվարողը, այդքան մեքենաներով էլ սպասարկում է եւ ավելի կամ պակաս ավտոմեքենաներով իրավունք չունի գիծ սպասարկել. «Միգուցե ուղեւորների հոսքը ճիշտ չի հաշվարկվել, այդ պատճառով էլ որոշ խնդիրներ են առաջանում: Եկող նոյեմբերին նոր մրցույթ է հայտարարվելու գծի համար, եւ նոր ուսումնասիրություններ կարվեն»:
Պաշտոնյան նաեւ խորհուրդ տվեց այս խնդրի կապակցությամբ պաշտոնական նամակ գրել կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալին: «Դուք որպես քաղաքացի կարող եք ահազանգել: Ուսումնասիրություններ կարվեն, եւ եթե Ձեր ասածը համապատասխանի իրականությանը, քայլեր կձեռնարկվեն»:
Այժմ երթուղին սպասարկում են «Գասուռ» եւ «Ոսկեթեւ» ՍՊ ընկերությունները: Իսկ երթուղիների սպասարկման որակը վերահսկվում է կամ պետք է վերահսկվի ՀՀ տրանսպորտային վարչության կողմից:
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ