Կասկածներ կան, որ ձերբակալությունները քաղաքական բնույթ են կրում
Ադրբեջանցի երկու երիտասարդ բանաստեղծների ձերբակալությունն Իրանում ավելի կսրի Բաքվի եւ Թեհրանի`առանց այն էլ բարդ հարաբերությունները`հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանցի պաշտոնյաները չեն շտապում բացահայտել ձերբակալության պատճառը:
Ադրբեջանում կասկածներ են հնչում, որ 23-ամյա Ֆարիդ Հուսեյնզադեն եւ 21-ամյա Շահրիյար Հաջիզադեն դարձել են երկու հարեւան երկրների`օրըստօրե սրվող դիվանագիտական հարաբերությունների զոհը:
Բանաստեղծները ձերբակալվել են մայիսի 3-ին Թավրիզում, երբ ավտոբուսով վերադառնում էին իրանական Մարագա քաղաքում կայացած պոեզիայի փառատոնից:
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 5 պաշտոնական հայտագիր է հղել Թեհրան`բացատրություն պահանջելով, սակայն իրանական կողմը միայն պատասխանել է, որ բանաստեղծները մեղադրվում են «հանցագործություն» կատարելու մեջ:
«Իրանը կցկտուր պատասխան է տվել: Չի բացատրվում, թե ինչ հանցագործություն են նրանք կատարել», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլլաեւը:
Իրենց հարազատներին զանգահարելով`Հուսեյնզադեն ու Հաջիզադեն պատմել են, որ մեղադրվում են երկիր ապօրինի կերպով մուտք գործելու համար, մինչդեռ իրանական լրատվամիջոցներում շրջանառվում է այն վարկածը, որ հնարավոր է`ադրբեջանցի երիտասարդները լրտեսություն էին անում Իսրայելի օգտին:
Սակայն բանաստեղծների ընկերներն ու բարեկամները պնդում են, որ նրանց կողմից կատարված լրտեսության կամ այլ հանցագործության մասին ենթադրություններն անհիմն են:
«Իմ որդին բանաստեղծ է, նա գրում է սիրո եւ հայրենիքի մասին, իսկ Իրանի հետ դա կապ չունի: Ինչպե՞ս կարող է նա հանցագործ կամ լրտես լինել: Բացի այդ, ինչպես է իմ որդին մուտք գործել Իրան, եթե իրանցիները որոշել են միջոցներ ձեռնարկել այն դեպքում, երբ նրանք արդեն պատրաստվում էին հեռանալ այդ երկրից», – տարակուսում է Ֆարիդ Հուսեյնզադեի մայրը`Թահիրան:
Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, բացառությամբ լրագրողների, կարող են մեկնել Իրան առանց մուտքի արտոնագրի: Իրանական դեսպանատան կայքում նշված չէ, որ բանաստեղծներն ու գրողները պետք է մուտքի արտոնագիր ունենան`Իրանում տեղի ունեցող գրական միջոցառումներին մասնակցելու համար:
Ադրբեջանցի երկու երիտասարդները Բաքվի սլավոնական համալսարանի գրական ստեղծագործության ֆակուլտետի ուսանողներ են, եւ համալսարանի ռեկտոր Քամալ Աբդուլլան կոչ է արել ազատ արձակել նրանց:
«Քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող անձինք չպետք է քաղաքական խաղերի մեջ ներքաշվեն», – ասում է նա:
Աբդուլլան միակը չէ, ով կարծում է, թե երիտասարդ բանաստեղծները քաղաքական խաղերի զոհ են դարձել:
Ադրբեջանում Եվրոպական շարժման ղեկավար Ռամին Հաջիլին իր հերթին այն կարծիքին է, որ բանաստեղծների կալանքը Թեհրանի պատասխանն է Բաքվում իսլամական հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի եւ իրանական հեռուստաալիքի լրագրողի ձերբակալություններին:
«Իրանը փորձում է հետեւյալ բովանդակությամբ ուղերձ հղել. Ադրբեջանում իրանամետ անձինք են ձերբակալվել եւ պետք է նրանց ազատ արձակել», – ասում է նա:
Այս տարի իրանա-ադրբեջանական հարաբերություններում ավելի մեծ լարվածություն է նկատվում. Բաքուն պնդում է, որ Իրանն Ադրբեջանում ահաբեկչական հարձակումներ էր ծրագրել, իսկ Թեհրանը մեղադրում է Ադրբեջանին Իսրայելին սատարելու համար:
Հունվարին եւ մարտին Ադրբեջանում ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել`Իսրայելի դեսպանին եւ մի շարք հրեա պաշտոնյաներին սպանելու մտադրության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպանատների վրա հարձակում ծրագրելու կասկածանքով:
Անցյալ տարի Ադրբեջանում գործող իրանամետ Իսլամական կուսակցության նախագահ Մովսում Սամեդովը ձերբակալվել էր զինված հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով:
Սամեդովը, որն իր ելույթի ժամանակ կոչ էր արել մարդկանց պայքարել իշխանությունների դեմ, մեղադրվում էր ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ եւ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:
Հունիսի 11-ին ադրբեջանական դատարանը իրանական «Sahar» հեռուստաընկերության ադրբեջանցի լրագրող Անար Բայրամլիին դատապարտեց 2 տարվա ազատազրկման թմրանյութերի հետ կապված հանցագործություն կատարելու մեղադրանքով, որը հերքվում է լրագրողի կողմից:
Միաժամանակ, Թեհրանը շարունակում է պատասխան մեղադրանքներ ներկայացնել`հայտարարելով, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը որպես հենակետ`Իրանում գաղտնի գործունեություն իրականացնելու համար: (Տե´ս «Ադրբեջանը ժխտում է «Մոսսադ»-ի հետ ունեցած կապի վերաբերյալ մեղադրանքները» հոդվածը):
Փոխադարձ մեղադրանքների տարափը չշրջանցեց անգամ «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը, Թեհրանի կարծիքով, անբարոյական էր, եւ մահմեդական պետությանը հարիր չէր այն անցկացնել: Այս ամենին հետեւեց երկու երկրների դեսպանների հետկանչը, այնուհետեւ Իրանի գլխավոր հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի անձնական ներկայացուցիչ Ֆարիդ Ասիրիին Բաքվի օդանավակայանում թույլ չտվեցին մուտք գործել երկիր (տե´ս «Իրանը եւ Ադրբեջանը մեղադրանքներ են փոխանակում» հոդվածը):
«Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստան Օրուջլուն այն կարծիքին է, որ երկու երիտասարդ բանաստեղծների ձերբակալությունը իրանա-ադրբեջանական`ավելի ու ավելի վատթարացող հարաբերությունների անմիջական հետեւանքն է:
Նա համոզված է, որ երիտասարդների դեմ առաջադրված, սակայն դեռեւս չհաստատված մեղադրանքներն արտացոլում են ադրբեջանական կողմի`վերջին քրեական գործերի կապակցությամբ ներկայացրած մեղադրանքները:
«Այս բանաստեղծների դեմ ներկայացված մեղադրանքները, իհարկե, անհիմն են, սակայն նրանք ուղերձ են պարունակում Ադրբեջանի համար», – նշում է նա:
Ադրբեջանի գրողների միության անդամ Սեյման Արուզը, իր հերթին կարծիք է հայտնել, որ ձերբակալության պատճառները կարող են ավելի բարդ լինել:
Հաջիզադեն եւ Հուսեյնզադեն հրավիրվել էին Մարագայում կայացած պոեզիայի փառատոնին Անկախ գրողների եւ բանաստեղծների իրանական կենտրոնի կողմից, որը նպաստում է Իրանի տարածքում բնակվող էթնիկական ադրբեջանցիների մայրենի լեզվի պահպանմանը:
«Բանաստեղծներն ադրբեջանցիներ են, ովքեր այցելում են ադրբեջանական լեզվի պահպանման աջակցության կենտրոն, ինչը, այսպես թե այնպես, զայրացնում է Իրանի իշխանություններին: Բացի այդ, սա տեղի է ունեցել Եվրատեսիլի ընթացքում, երբ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի սրվեցին», – նշում է նա:
Սեյման Արուզը համոզված է, որ ձերբակալությունները նաեւ որպես նախազգուշացում են ծառայում Իրան այցելող ադրբեջանցիների համար, որպեսզի վերջիններս խուսափեն այն ամենից, ինչը դուր չի գալիս Թեհրանին:
«Կան մարդիկ, ովքեր արդեն վախենում են Իրան ճամփորդելուց, եւ այսուհետ նրանց թիվն աստիճանաբար կմեծանա», – նշում է նա:
Շահլա Սուլթանովա, Կովկաս
Կովկասյան լրատու # 650
13-ը հուլիսի, 2012թ.
Շահլա Սուլթանովան ազատ լրագրող է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից: www.iwpr.net