Նրանք խուսափում են անգամ անանուն հարցաթերթիկում իրենց հուզող խնդիրների մասին խոսել
Հայ գործարարների 50%-ը տգետ եւ վախկոտ է: Մոտ 2 տարի առաջ լրատվամիջոցներից մեկին նման կարծիք էր հայտնել Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հաշվի առնելով, որ հարկային եւ բիզնես-միջավայրում որոշակի բարեփոխումներ են կատարվել եւ կատարվում, «Առավոտը» պարոն Մակարյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս 2 տարիների ընթացքում որեւէ փոփոխություն չի՞ նկատել գործարարների եւ գործարարության ոլորտում: «Կա փոփոխություն, բայց, ցավոք, դեպի վատը»,- այսպես պատասխանեց միության նախագահն ու մեկնաբանեց, թե ինչի հիման վրա է նման կարծիք ձեւավորվել:
Կարդացեք նաև
Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքերով՝ «Երբ ժամանակին ասել եմ, որ բիզնեսմենները վախկոտ են կամ չափից ավելի տգետ, ես նկատի ունեմ ընդհանուր իրենց մտածելակերպն ու վարքագիծը, իսկ ավելի շատ՝ հենց մտածելակերպը: Նույն երեւույթը կա ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ բիզնեսի մեջ: Նրանց մոտ անընդհատ կա վախկոտություն, նրանք ինքնավստահ չեն, որովհետեւ ենթադրում են, որ տեսչական մարմիններն իրենց կարող են որոշակի ճնշումների ենթարկել: Այսինքն՝ տեսչական մարմիններում դեռեւս կան մարդիկ, որոնք կարող են հետապնդող կամ շահեկան նպատակներով հետեւներից ընկնել: Շատ բիզնեսմեններ ասում են՝ երբ մենք արտահայտվում ենք վատի մասին կամ ելույթ ենք ունենում, հետո դրա համար պատժվում ենք, այսինքն՝ կան տեսուչներ կամ բաժնի պետեր, որ հին ոճով են աշխատում»: Իսկ թե ինչո՞ւ է մեր գործարարների մի մասը վախկոտ, ըստ պարոն Մակարյանի՝ դրա հիմնական պատճառը ՀՀ օրենքներին ծանոթ չլինելն ու ընդհանուր առմամբ անտեղյակությունն է: Եվ որպեսզի նման գործարարներն իրենց անհաջողությունները չբարդեն երկրի կամ ինչ-որ երեւույթի վրա, միության նախագահը խորհուրդ է տալիս ընդամենը կարդալ ու ծանոթանալ օրենքներին, ինչը գործարարին հնարավորություն կտա իրենց իրավունքներին տեր կանգնել ու պաշտպանել:
Գագիկ Մակարյանի խոսքերով՝ անգամ տարրական խնդիրներում՝ նամակ գրել, ինչ-որ բան հաշվարկել՝ հասկանալու համար երեւույթի հետագա քայլերը, կամ կադրերի նկատմամբ ուշադրությունը, դրսի մարդկանց հետ հաղորդակցվելու մակարդակը շատ ցածր է. «Որոշ ընկերություններ փորձել են այս թերությունը շտկել, բայց հիմնականում ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ բիզնեսի մեջ այդ երեւույթը կա, հատկապես՝ փոքրի: Իսկ փոքր բիզնեսն այնքան է ահաբեկված տարբեր երեւույթներից, որ նույնիսկ վախենում են ամենահասարակ հարցի մասին կարծիք հայտնել: Մեր միությունը բազմաթիվ հարցաշարեր է ուղղել տարբեր ընկերությունների եւ խնդրել պատասխանել այդ հարցերին: Այն հարցերի հատվածը, որը կոնկրետ պատասխան է ակնկալում հարկային բեռի կամ վարչարարության, կամ մաքսային օրենքների, կամ աշխատանքային օրենսգրքի մասին, գործարարները, չգիտես ինչու, այդ բաժինը բաց են թողնում, չեն լրացնում. սա ցույց է տալիս, որ վախենում են իրենց կարծիքը հայտնել՝ նույնիսկ իմանալով, որ իրենց անունը չի հրապարակվելու»: Մյուս խնդիրը, որ միությունը նկատել է գործարարների շրջանում, նրանց զգուշավորությունն է. եթե որեւէ հարցի պետք է կոնկրետ պատասխան տալ՝ որեւէ երեւույթի լավ կամ վատ լինելու մասին, ապա ընտրում են միջինը եւ դրանով չեզոք դիրք ընդունում: «Սրանով արդեն գնահատում ենք, թե այսպիսի գործարարներն ինչպիսի հոգեբանական վիճակում են գտնվում: Նրանք շատ զգուշավոր եւ պարփակված են դարձել»,- նկատեց պարոն Մակարյանը: Նրա դիտարկմամբ՝ շատ գործարարներ չեն ուզում ռեսուրսներ ծախսել լավ կադր ունենալու, իրենց եղած մասնագետին վերապատրաստելու համար. «Որովհետեւ նրանց թվում է, որ ինքն այն ուղիով կգնա, որը մինչ այսօր օգտագործել է, իսկ դա ստվերայինն է՝ մի բան չասի, մի տեղից թաքցնի կամ էլ կաշառք տա: Իրենց թվում է՝ եթե ամեն անգամ նման խնդիր առաջանա, նշված եղանակով հարցերը կլուծեն: Դրա համար շատ կարեւոր է, որ մեր պետության կողմից իրականացվող տեսչական ստուգումների առումով բարեփոխումներն էլ թափանցիկ լինեն, որպեսզի գործարարը զգա դրանց արդյունքը»: Բացի այս, պարոն Մակարյանը նկատեց, որ կառավարությանը կից բազմաթիվ խորհուրդներ են գործում, որոնք գլխավորում է հենց վարչապետը, իսկ այդ խորհուրդներից շատերը զբաղվում են գործարար միջավայրի բարեփոխումների կամ մաքսային-հարկային վարչարարության բարեփոխումներով, ուստի այդ խորհուրդներն էլ պետք է թափանցիկ աշխատեն եւ դրանց հաշվետվություններն, այսպես ասած՝ բոլորի աչքի առաջ լինեն, թե չէ՝ այդպես էլ պարզ չէ, թե ինչով են իրականում զբաղվում այդ խորհուրդները. «Իսկ մեր միությանը պարբերաբար մերժում են մասնակցել կառավարության նիստերին, մշտապես անհիմն պատաճառաբանություններով մերժում են, թեեւ օրենքով մենք դրա իրավունքն ունենք»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ