Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտարկված ադրբեջանցի ակտիվիստը պնդում է, որ իրեն խոշտանգել են

Հուլիս 19,2012 13:21

Իլհամ Ամիրասլանովը պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել եւ հարկադրել վկայություն տալ, երբ փորձել է պարզել, թե ինչպես են ծախսվում ջրհեղեղի հետեւանքների վերացման համար հատկացված պետական միջոցները:

Ադրբեջանցի իրավապաշտպան ակտիվիստը մեղադրում է ոստիկանության աշխատակիցներին իրեն ծեծի ենթարկելու մեջ, որի հետեւանքով նրա ականջների թմբկաթաղանթները վնասվել են. Ամիրասլանովի խոսքերով, իրենից բռնի կերպով փորձել են խոստովանություն կորզել զենքերի հետ կապված հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանքով:

Իլհամ Ամիրասլանովը 2010թ. Ադրբեջանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքների վերացման համար հատկացված միջոցների վերահսկմամբ զբաղվող «Kura» քաղաքացիական միության անդամներից է:

2012 թվականի մարտի դրությամբ, շուրջ 350 միլիոն մանաթ (440 միլիոն  դոլար) է հատկացվել ջրհեղեղի պատճառած ավերածությունները վերացնելու համար, սակայն ակտիվիստները պնդում են, որ պարզ չէ, թե ինչպես են հատկացված միջոցները ծախսվել:

Մարտի 29-ին, երբ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ եւս 50 միլիոն մանաթ է հատկացվելու վերականգնողական աշխատանքների համար, «Kura» քաղաքացիական միության ակտիվիստները պահանջեցին, որպեսզի քաղաքացիական շարժումները վերահսկեն հատկացված միջոցների ծախսերը, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չստացան:

Հունիսի 3-ին Ամիրասլանովը սպառնացել էր, որ պատրաստվում է Սաբիրաբադ քաղաքից երթ կազմակերպել`բողոքելով հատկացված ֆինանսական միջոցների ծախսման ոչ թափանցիկ գործընթացի դեմ:

Նախատեսված բողոքի ցույցի մասին լուրերն արագորեն տարածվել էին սոցիալական ցանցերում եւ ընդդիմադիր մամուլում, եւ հաջորդ օրն իսկ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովը համաձայնվել էր հանդիպել ջրհեղեղից տուժածների հետ:

Ամիրասլանովի եղբայր Յաքուբալիի խոսքերով`տեղացիների հետ հանդիպման ժամանակ նախարար Հեյդարովը հազիվ էր զսպում զայրույթը:

«Դուք չցանկացաք հեռանալ ձեր թաղամասերից, այդ պատճառով մենք վերակառուցել ենք ձեր տները իրենց նախկին տեղերում: Ուրիշ ի՞նչ եք ուզում», – մեջբերում է Յաքուբալի Ամիրասլանովը արտակարգ իրավիճակների նախարարի խոսքերը:

Նախարարի հետ հանդիպմանը ներկա գտնվողները եւ Իլհամ Ամիրասլանովը փորձել էին բացատրել Հեյդարովին, որ վերականգնողական աշխատանքները խիստ դանդաղ էին ընթանում, եւ ոմանք շարունակում էին անօթեւան մնալ:

Չորս օր անց`հունիսի 8-ին, Ամիրասլանովը կալանավորվեց:

Հետագայում իր բանտախցում գրված բաց նամակում Ամիրասլանովը նկարագրում է, թե ինչպես են իրեն տարել Սաբիրաբադում գտնվող սպորտային դահլիճ, կապել աթոռին եւ հարվածել դեմքին ու գլխին: Նա նշում է, որ ոստիկանները նրա դեմքին պարկ էին հագցրել, որպեսզի նա չկարողանա շնչել:

Ոստիկաններն իրենց հերթին նկարահանել էին, թե ինչպես են իրենք վերադաս պաշտոնատար անձի ներկայությամբ Ամիրասլանովի ավտոմեքենայում հայտնաբերել «Մակարով» տեսակի ատրճանակը:

Նրանք պահանջել էին, որպեսզի Ամիրասլանովը խոստովանի, որ ատրճանակը եղբորից է ստացել:

«Երբ ես հրաժարվեցի դա անել ու ասացի, որ ատրճանակն ավտոմեքենայում էր հայտնվել Սայիդ անունով մարդու ձեռքով [ներկա գտնվող ոստիկաններից մեկը], սա ավելի բարկացրեց վերջինիս, եւ նրանք սկսեցին ավելի ուժգին ինձ ծեծել», – գրում է Ամիրասլանովը նամակում:

Ոստիկանության աշխատակիցներն այնուհետեւ բերման էին ենթարկել ակտիվիստին Սաբիրաբադի փոխոստիկանապետ Ռաուֆ Մաջիդովի մոտ, որտեղ նրան հարցաքննության էին ենթարկել ատրճանակի վերաբերյալ եւ կրկին ծեծել: Ոստիկանները սպառնացել էին Ամիրասլանովին «շշի վրա նստեցնել» [այսպես են սովորաբար կտտանքների ենթարկում Ադրբեջանի այս շրջանում], եթե վերջինս չխոստովանի կատարած հանցանքը:

Ի վերջո, նրան բռնի կերպով ստիպել էին խոստովանություն գրել, որ ինքն ատրճանակը գտել էր 2 ամիս առաջ տավարի հոտը քշելիս, չնայած Ամիրասլանովը երբեք անասնաբուծությամբ չի զբաղվել:

Այնուհետեւ ակտիվիստին տարել էին տուն, որտեղ ոստիկանությունը նկարահանել էր, թե ինչպես է նա հինգ փամփուշտ գտել իր տան նկուղում. Ամիրասլանովը պնդում է, որ փամփուշտները դիտավորյալ են իր տանը թաքցրել:

Իր նամակում ակտիվիստը նաեւ նշում է, որ ստացած հարվածների հետեւանքով վնասվել են նրա ականջների թմբկաթաղանթները, եւ այժմ նա վատ է լսում:

«Կրծքավանդակիս շրջանում նույնպես սուր ցավեր ունեմ», – գրել է նա`պահանջելով, որպեսզի իրեն բժշկական փորձաքննության ենթարկեն եւ հաստատվի, որ իր ստացած վնասվածքները ծեծի հետեւանք են:

Ամիրասլանովի պաշտպան Սամիր Իսաեւը հաստատել է, որ իր պաշտպանյալի լսողությունը վնասվել է:

Սակայն ոստիկանությունը հերքում է Ամիրասլանովին վնասելու վերաբերյալ մեղադրանքները: Ոստիկանության աշխատակիցները նաեւ նշում են, որ վերջինս իրավապաշտպան ակտիվիստ չէ ու երկու դատվածություն ունի`1997-ին դասալքության եւ 2002-ին hափշտակության մեղադրանքներով:

«Սխալ է երկու դատվածություն ունեցող անձնավորությանը մարդու իրավունքների ակտիվիստ անվանել», – հայտարարել է ոստիկանության մամլո խոսնակ Էհսան Զահիդովը`հավելելով, որ Ամիրասլանովը դատարանի առջեւ է կանգնելու ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար:

Ամիրասլանովի կողմից նշված Մաջիդով ազգանունով փոխոստիկանապետը չարձագանքեց IWPR-ին հարցազրույց տալու խնդրանքին:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության եւ դատախազության մամլո քարտուղարությունները նույնպես հրաժարվել են պատասխանել IWPR-ի հարցերին Ամիրասլանովի նկատմամբ կիրառված ենթադրյալ բռնության վերաբերյալ`հայտարարելով, որ նրանք համապատասխան տեղեկատվություն չունեն:

Ամիրասլանովը «Kura» քաղաքացիական միության ակտիվիստներից առաջինը չէ, որի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրում եւ ձերբակալում:

Օգտայ Գուլալիեւը 12-օրյա ազատազրկման էր դատապարտվել, երբ ապրիլի 8-ին ձերբակալվել էր հասարակական կարգը խախտելու համար: Այնուհետեւ նրա դեմ ավելի լուրջ մեղադրանք էր առաջադրվել`«բռնությունների հրահրում», որի համաձայն`այժմ նրան մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում:

Գուլալիեւը ձերբակալվել է Սաբիրաբադի շրջանի Մինբաշի գյուղում`տեղացիների հետ հանդիպման ժամանակ, երբ բնակիչները պահանջել էին պատշաճ ուսումնասիրություն անցկացնել, թե ինչպես են ծախսվել ջրհեղեղի պատճառած վնասների վերացման համար հատկացված միջոցները:

Նա ազատ է արձակվել հուլիսի 3-ին, սակայն նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

Գուլալիեւը տեղեկացրել է IWPR-ին, որ նամակ է հղել նախագահի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովին`հանդիպում խնդրելով: Այդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, որի ընթացքում քննարկվել է Ամիրասլանովի հարցը:

«Ալի Հասանովն ասաց, որ իրավապաշտպան ակտիվիստ Իլհամ Ամիրասլանովի խնդիրը քննարկվելու է բարձր մակարդակով», -հանդիպումից հետո ասել է Գուլալիեւը:

Ամիրասլանովը դեռեւս կալանքի տակ է եւ գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում:

«Kura» քաղաքացիական միության անդամներն իրենց հերթին նամակ են ուղղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային`իրենց անհանգստությունը հայտնելով Ամիրասլանովի առողջական վիճակի կապակցությամբ:

Սակայն քննչական ծառայություններն անպատասխան են թողել Ամիրասլանովի`բժշկական փորձաքննություն անցկացնելու խնդրանքը:

Հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, 90-ականների սկզբին Ադրբեջանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Փանահ Հուսեյնի համար միանգամայն պարզ է, թե ինչ է կատարվում:

«Նրանք օգտագործում են այս ձերբակալությունները հասարակությանն ահաբեկելու նպատակով, որպեսզի ոչ ոք չմիջամտի այն գործերին, որոնց պետք չէ խառնվել ու որպեսզի պաշտոնյաները յուրացնեն ջրհեղեղի պատճառած վնասների հատուցման համար նախատեսված գումարները: Երկու տարի է անցել ջրհեղեղից, բայց հազարավոր մարդիկ դեռեւս իրենց նոր բնակարաններին են սպասում: Սակայն հասարակությունը կպաշտպանի այս ակտիվիստներին, որոնց լռեցնում են ձերբակալությունների միջոցով», – նշում է նա:

«Kura» քաղաքացիական միության նախագահ Մեհման Ալիեւը հայտարարել է, որ չնայած այս ամենին, իր ղեկավարած շարժումը շարունակելու է իր գործունեությունը:

«Ակտիվիստների ձերբակալությունը եւ նրանց դեմ քրեական գործերի հարուցումն իշխանությունների կողմից գործադրված ճնշման արտացոլումն է, որի նպատակն է կոծկել ջրհեղեղի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքի իրական ծավալները եւ այն փաստը, որ գումարի մեծ մասն այլ նպատակներով է օգտագործվել», – ասում է նա:

Երբ 2010 թվականին Քուռ գետը վարարեց`դուրս գալով իր ափերից, 100 հազար հեկտարից ավելի հողատարածքներ եւ 20 հազար տներ անցան ջրի տակ: «Kura» քաղաքացիական միության ուսումնասիրությունների համաձայն`չնայած կես միլիարդ դոլարից ավելի գումար է ծախսվել վերականգնողական աշխատանքների վրա, շուրջ 10 հազար ընտանիքներ դեռեւս սպասում են իրենց նոր բնակարաններին կամ հին կացարանների վերանորոգմանը:

Քաղաքացիական միությունը ներկայում պատրաստվում է հրապարակել կառուցված տների եւ ջրհեղեղից տուժածներին հատկացված փոխհատուցման գումարների ցանկը, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել, թե որքան գումար է առ այսօր ծախսվել:

 

Ազեր Իսմայիլ, Կովկաս 

Կովկասյան լրատու # 650

13-ը հուլիսի, 2012թ.    

Ազեր Իսմայիլը ազատ լրագրող է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից: (www.iwpr.net)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031