Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ դեպքերում ՀԱԿ-ը մաքրվում է»

Հուլիս 19,2012 13:09

Կարծում է ՍԴՀԿ ատենապետը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ից հեռացումները, չկոնկրետացնելով, թե հատկապես որ դեպքերում:

Հայ ազգային կոնգրեսում քննարկումներ չեն եղել, թե հատկապես ո՞ր ուժերի հետ են տեսնում նախագահական ընտրություններից առաջ միավորումը: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԱԿ-ն արդեն կհստակեցնի այս առիթով իր մոտեցումները: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդած շրջանում քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ անընդհատ խոսում են նախագահական ընտրություններում ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին, թեպետ միավորման մասին տարբեր պատկերացումներ ունեն, եւ արդեն իսկ ոչ պաշտոնապես, սակայն շրջանառվում են թեկնածուների անուններ, որոնց շուրջ ընդդիմադիր տարբեր ուժերը պատկերացնում են միավորումը: Անդրադառնալով շրջանառվող թեկնածուներին եւ տեսակետներին՝ տիկին Սարգսյանն ասաց. «Կարծիքներ են, որոնք գոյության իրավունք ունեն: ՍԴՀԿ-ն նույնպես գտնում է, որ լավագույն տարբերակը կլինի ընդդիմադիր դաշտի միավորումը նախագահական ընտրություններից առաջ: Բայց խնդիրն այն է, թե ամեն մի ուժ ի՞նչ նպատակ է դնում միավորման մեջ: Ես կարծում եմ՝ եթե բոլորիս նպատակը լինի մեկը՝ ազատվել ավազակապետական ռեժիմից եւ ժողովրդին հնարավորություն տալ ազատ, անկաշկանդ ընտրություն կատարելու, երկրի համար լեգիտիմ իշխանություն ապահովելու՝ ի դեմս նախագահի, կարելի է հաղթահարել ամբիցիաները եւ համախմբել ողջ դաշտը»: Իր ձեւավորման հիմքում դեռ ՀԱԿ-ը դրել էր Լյուդմիլա Սարգսյանի բարձրաձայնած սկզբունքները, բայց տարիներ հետո առանձին քաղաքական ուժեր եւ գործիչներ լքեցին ՀԱԿ-ը՝ պատճառաբանությամբ, թե Կոնգրեսը շեղվել է իր հռչակած հիմնական սկզբունքներից, մինչդեռ Լյուդմիլա Սարգսյանը պնդում է, որ ՀԱԿ-ը հավատարիմ է մնում իր սկզբունքներին՝ «Առավոտի» դիտարկմանը ՍԴՀԿ ատենապետը հակադարձեց. «Հռչակագրում մենք ամրագրել ենք այն կարեւոր կետը, որը հրատապ լուծում է պահանջում, եւ առանց որի իրագործման մեր երկրում բարեփոխումներ իրականացնել անհնար է: Ես պնդում եմ, որ ՀԱԿ-ը միանշանակ հավատարիմ է մնացել  երկիրը ավազակապետական ռեժիմից ազատելու խնդրին: Մարտավարությունը, մեթոդները այլ հարցեր են եւ ժամանակի ընթացքում, միգուցե, վերանայման կարիք ունենում են, մենք էլ, ժամանակ առ ժամանակ, ելնելով իրավիճակից, վերանայում ենք: Բայց հռչակագրում ամրագրված այդ կետը մեզ համար առաջնային է մնում: Դրա իրագործումից հետո միայն կարելի է մտածել, թե ի՞նչ ճանապարհով կարելի է երկրում բարեփոխումներ իրականացնել, արտաքին, ներքաղաքական զարգացման եւ առկա խնդիրների լուծման ի՞նչ ճանապարհներ կարող է որդեգրել երկիրը»:

ՍԴՀԿ ատենապետին հիշեցրեցինք, որ անգամ ՀԱԿ-ը վերջերս լքած Դավիթ Շահնազարյանը, ով առաջին նախագահի հետ նաեւ բարեկամական հարաբերություններ ունի, ասաց, որ Կոնգրեսը ետ է կանգնել իր հռչակած հիմնական սկզբունքներից: Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Շատ հարգելով Դավիթ Շահնազարյանին՝ չեմ ուզում մեկնաբանել, թե ինչի՞ց դրդված է նա նման կարծիք արտահայտել: Բայց ես, համենայնդեպս, այն կարծիքին եմ, որ բոլոր այն ուժերը, առանձին քաղաքական գործիչներ, որոնք ինչ-որ «փոփոխությունների», «շեղումների» պատճառով լքում են ՀԱԿ-ը, նրանք դրանով չեն ուժեղացնում համազգային շարժումը: Իսկ այսօր բոլորիս գերխնդիրը պետք է լինի ամուր պահել այդ շարժումը եւ չօժանդակել իշխանություններին այն քայքայման գործընթացում, որ նպատակային փորձում են իրականացնել ՀԱԿ-ում: Կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուրն իրեն հաշիվ տա՝ առանձին-առանձին ի՞նչ ենք ներկայացնում մեզանից եւ ի՞նչ ուժ ենք իրականում, երբ միասնական ենք: Միասնականությունն ամենակարեւորն է, որ պետք է այսօր կարողանանք ապահովել»: «Առավոտը» տիկին Սարգսյանին հիշեցրեց, որ ի հեճուկս իր արտահայտած կարծիքի՝ ՀԱԿ-ից ամեն հեռացող մարդու կամ ուժի հետ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից մեկնաբանություններ են հնչում ինքնամաքրման եւ ՀԱԿ-ի ամրապնդման մասին: ՍԴՀԿ ատենապետը հակադարձեց. «Ինքս երբեւէ նման կարծիք չեմ արտահայտել: Այո, որոշ դեպքերում, չեմ ուզում կոնկրետացնել, թե որ դեպքերում, կարելի է ասել, որ ՀԱԿ-ը մաքրվում է, որոշ դեպքերում ես ցավ եմ ապրում, որ մեր գործընկերները, համենայնդեպս, չկարողացան վեր կանգնել ինչ-որ խնդիրներից եւ միասնական պայքարը շարունակել: Միաժամանակ, հույս ունեմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք նորից միավորվելու եւ միասնական ճակատ ստեղծելու հնարավորություն ենք ունենալու»: Թե հատկապես որ ուժերին եւ որ թեկնածուի շուրջ է համախմբվում տեսնում՝ մեր հարցին ՍԴՀԿ ատենապետն ասաց, որ բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից՝ ոչ մեկին էլ չի բացառում: Ավելին, գտնում է, որ որքան շատ համախոհներ եւ բարեկամներ ունենան այդ պայքարում, այնքան արդյունավետ կլինի. «Չեմ բացառում՝ որոշ ուժեր կհայտարարեն, որ կողմ են, բայց չեն միավորվի. դա էլ առանձին խնդիր կլինի: Ինքս կարծում եմ, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները գոնե ինչ-որ չափով համախմբվելու, միավորվելու հնարավորություններ ունեն»: Հետաքրքրվեցինք՝ «Հարսնաքարի» գործով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության արդյունքներն իր համար հետագա հնարավոր համագործակցության մասով որոշակի հեռանկար ուրվագծեցի՞ն, ի՞նչ է մտածում մեր զրուցակիցն այն մասին, որ ԲՀԿ 37 հոգանոց խմբակցությունից միայն 7-ը ստորագրեցին նախաձեռնության տակ՝ քննադատության թիրախ դարձնելով «Ժառանգությանը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի չստորագրելու համար: «Ես կողմ չեմ այսօր որեւէ մեկին թիրախ դարձնել, որովհետեւ գործընթաց ենք սկսել, որի ընթացքում չարժե ավելորդ եզրակացություններով դա խափանել: Մի դեպքում ստացվում է, մյուս դեպքում չի ստացվում… համենայնդեպս, մենք ձեռնարկեցինք այդ նախաձեռնությունը, իհարկե, ավելի վաղ «Ժառանգությունից» էլ էր կարծիք հնչել նման նախաձեռնության, բայց հետո «Ժառանգությունն» ուղղակի միացավ: Մենք հասկանում ենք, որ հեշտ խնդիր չէ, եւ, իհարկե, մեզ չի գոհացնում այն ստորագրությունների քանակը, ինչն ունեցանք արդյունքում, բայց քանի որ ԲՀԿ կողմից կա հիմնավորում, որ պատգամավորների մեծ մասը երկրում չեն, այս պահին կփորձենք բավարարվել դրանով: Օգոստոսի վերջին նորից կձեռնարկենք ստորագրահավաքը՝ կտեսնենք, թե ի՞նչ քաղաքական ուժեր կմիանան, որքանո՞վ են իրենք պատրաստ շատ հարցերում արմատական լինել: Մնացածը ժամանակը ցույց կտա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031