Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր լուսավոր դարում

Հուլիս 19,2012 13:03

Շատ լավ հիշում եմ, թե ինչ տանջանք էր իմ պատանեկության տարիներին ինքնաթիռի տոմս գնելը, մանավանդ ամռանը: Դրամարկղերը, եթե հիշում եք, գտնվում էին Թամանյանի արձանի կողքը: Այդ նեղլիկ տարածքում հավաքվում էր մի քանի տասնյակ մարդ, որոնք հերթ էին կանգնում, բնականաբար, հայավարի, այսինքն՝ ամբոխի տեսքով: 4-5 դրամարկղի շուրջը անկանոն կուտակված այդ զանգվածի մեջ մի քանի ժամից տոմս առնելը մեծ հաջողություն էր համարվում: Այսօր դուք գնում եք բազմաթիվ դրամարկղերից մեկը, զով սենյակում նստում եք բազկաթոռին, իսկ բարետես աղջիկը համբերատար բացատրում է, թե որ տարբերակն է ձեզ համար ավելի գերադասելի: Իհարկե, հիմնական պատճառն այն է, որ, ասենք, Մոսկվայի տոմսն այն ժամանակ արժեր 36 ռուբլի, որը սովորական աշխատավարձի մեկ քառորդն էր, իսկ հիմա՝ 100 հազար դրամ, որը, ընդունենք, միջին աշխատավարձի չափ է կամ ավելի քիչ: Սա իրողություն է, որն ունի իր դրական եւ բացասական կողմերը: Իմ կարծիքով՝ առաջիններն ավելի շատ են, բայց այդ խոսակցությունը մեզ հեռու կտանի:

Այլ բանի մասին է խոսքը: Ինչո՞ւ է օդանավի տոմս վաճառելը բիզնես, իսկ, ենթադրենք, նոտարական ծառայություններ մատուցելը՝ ոչ: Դուք երբեւէ եղե՞լ եք ԿԸՀ-ի կողքը գտնվող «Կենտրոն» նոտարական գրասենյակում: Ով չի եղել, նկարագրեմ: Պատկերացրեք մեկ սենյականոց բնակարան՝ պատշգամբով, վերջինս բաժանված է երկու կեսի: Սենյակում հավաքվում է դարձյալ մի քանի տասնյակ մարդ, որոնք դարձյալ հերթ են կանգնում հայկական ձեւով՝ գումարած քսերոքս անող աղջիկները: Պատշգամբի երկու խցերում նստած են նոտարները, որոնք, հավանաբար, շատ ամուր նյարդեր ունեն՝ այդ քաոսում աշխատելու համար: Իսկ աշխատանքն էլ հիմնականում կայանում է նրանում, որ քաղաքացիներին ասվի՝ «այս թուղթը պակաս է, գնա բեր, այս քսերոսքը այնտեղ արա, այն մուծումն՝ այստեղ»: Եվ ահա ես մտածում եմ՝ արդյոք հնարավորություն չկա՞ մեր լուսավոր դարում այս ամբողջ տանջանքից խուսափելու:

Ենթադրենք, դուք ուզում եք տուն վաճառել կամ գնել: Հիմա դուք պարտավոր եք գնալ վերը նկարագրված նոտարական գրասենյակ, մուծումներ անել, հետո գնալ կադաստր, մուծումներ անել, սպասել երկու օր, ստանալ միասնական տեղեկանք եւ այլն: Բայց եթե նոտարների այդպիսի պահանջարկ կա, ապա դրանք պիտի լինեն տասն անգամ ավելի շատ եւ, ինչպես փաստաբանները, ունենան բազմաթիվ մասնավոր գրասենյակներ: Այդ գրասենյակները պիտի ինտերնետային կապ ունենան կադաստրի բաժանմունքների հետ, եւ բոլոր տեսակի տեղեկանքները գոյություն ունենան վիրտուալ, ոչ թե թղթային տեսքով, որպեսզի քաղաքացին դրանց հետեւից չվազվզի: Այսինքն՝ նոտարը բացի իր համակարգչի համապատասխան էջը եւ տեսնի այդ տեղեկանքը, ինքը մուծումներ վերցնի կադաստրի եւ իր համար ու ճանապարհ դնի հաճախորդին: Իսկ հավելյալ նյութական միջոցներ ունեցող քաղաքացիները կարող են նոտարին հրավիրել տուն, որպեսզի նա գա իր նոութբուքով ու կատարի անհրաժեշտ գործողությունները: Երեւանում եւ մի շարք այլ քաղաքներում դա, համենայնդեպս, տեխնիկապես միանգամայն հնարավոր է:

Եթե ես կարող եմ հարկայինի հետ հարաբերվել հենց այս եղանակով, ապա ինչո՞ւ մնացածների հետ չեմ կարող:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031