Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի չորս դրդապատճառները

Հուլիս 19,2012 12:50

Հարցազրույց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ

– Ասում են` «Ով երկրից գնալու հնարավորություն ունի` գնում է»: 

– Տպավորություն է ստեղծվում, որ առնվազն գերակշիռ մասը երկրից գնում է կամ գնալու ցանկություն ունի: Ցանկացած անձ, ընդհանրապես, ինքն է որոշում իր բնակության վայրը: Եթե մարդուն անհրաժեշտ պահանջմունքները բավարարված չեն լինում, նա որոշում է իր պահանջմունքները բավարարել ճամփորդության միջոցով, մի ուրիշ վայրում: Սա միայն հայերին բնորոշ ֆենոմեն չէ, այլ մարդկությանը բնորոշ հանգամանք է: Մի տեղ, որտեղ մարդը մտածում է, որ կարող է առավել հեշտ ապրել` մեկնում է այդ վայրը: Մարդը փորձում է այդ նոր վայրում պահպանել իր գոյությունը: Սա միայն հայկական երեւույթ չէ: Ամբողջ մարդկությանն է սա վերաբերում: Անգամ Անգլիայի նման կայուն, բարեկեցիկ երկրում, երբ հարցում էին կատարում, բնակչության 50 տոկոսից ավելին ասում էր, որ մտադրություն ունի փոխել բնակության վայրը:

– Հայաստանում առավել հաճախ իրենց բնակության վայրերը փոխում են գյուղաբնակնե՞րը, թե՞ քաղաքաբնակները:

– Վերջին շրջանում կատարված նմանատիպ հարցումներ մենք չունենք: 2008թ. կատարված հարցման համաձայն, պարզվել է, որ գյուղական համայնքներից են առավել շատ մեկնել: Դրա բացատրությունն այն էր, որ քաղաքում տնտեսական գործունեությամբ զբաղվելու գործունեությունները, կամ անձի կողմից իրացվելու հնարավորությունները ավելի շատ են, քան գյուղական բնակավայրերում: 2008թ. հետազոտության ընթացքում արձանագրվել էր, որ ընդհանուր ծավալները չէին փոխվել, ուղղակի ծանրության կենտրոնը քաղաքից առավել շատ տեղափոխվել էր գյուղական բնակավայրեր: Էմիգրացիոն հոսքերի ընդհանուր ծավալները մնացել էին նույնը:

– Ի՞նչ կասեք Ռուսաստան մեկնելու հնարավորություն տվող «Հայրենակիցներ» ծրագրի մասին:

– Պետությունը ոչ մի առնչություն չունի այդ ծրագրի հետ: Դա Ռուսաստանի Դաշնության կողմից հաստատված ծրագիր է: Այն նախատեսում էր բնակչություն տեղափոխել ոչ միայն Սիբիր, այլեւ Ռուսաստանի շատ այլ տեղամասեր, եւ ոչ միայն` հայերի, այլ տարբեր ազգերի ներկայացուցիչների նույնպես: Դա նման էր 1946թ.-ին, երբ մենք հայրենադարձություն կազմակերպեցինք, Սփյուռքում ապրող մեր ազգի ներկայացուցիչներին հրավիրեցինք Հայաստան` ապահովելով որոշակի պայմաններ: Ֆրանսիայի կամ Հունաստանի կառավարությունները այդ ծրագրի հետ առնչություն չունեին, դա Խորհրդային Միության կողմից իրականացվող ծրագիր էր, որն ուղված էր հայերին Հայաստան բերելուն: Անգամ մեկ անձը եթե լքում է երկիրը` միգրացիայի տեսակ է: Որպեսզի միագրացիա չլինի, պետք է միգրացիան առաջացնող պատճառները վերացնել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ մեկնում են հիմնականում աշխատանքային դրդապատճառներով: Չորս դրդապատճառներ կան, որոնք գերակշռում են մեկնողների շրջանում. կամ աշխատանք չկա, կամ բավարար վարձատրություն, կամ մասնագիտությամբ համապատասխան աշխատանք չեն գտնում, կամ էլ գործարարությամբ զբաղվողների համար դժվարություններ կան: Չորս մեկնողներից երեքը նշված պատճառներն են բերում: Այլ պատճառներ էլ կան անշուշտ: Կա կայունության, ապագայի նկատմամբ վստահության պակաս, կա բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիր: Եթե այս պատճառները չլինեն` չի լինի նաեւ միգրացիա: Դա նշանակում է` աշխատատեղերի ստեղծում, գրավիչ պայմանների ապահովում:

– Հաճախ է խոսվում արտագաղթի ծավալների ավելացման մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այդ գնահատականներին:

– Այդպիսի գնահատականների հանդիպելիս` փորձում եմ հասկանալ, թե նա, ով նման գնահատական է տալիս, ի՞նչ աղբյուրի հիման վրա է դա ասում: Եթե հարցում չի կատարվել, ապա ի՞նչ աղբյուրներից ելնելով է տվյալ անձը այդ թվերը հրապարակում: Չի բացառվում, որ կենցաղային խոսակցությունների մակարդակով են դատողություններ արվում: Շատ հաճախ որոշ մարդիկ այս ամենը օգտագործում են իրենց շահերի համար: Որոշ մարդկանց համար` քաղաքական որոշ նպատակներին ծառայեցնելու համար հարմար նյութ է սա: Դրա համար են հնչեցնում նման մեծ թվեր: Ես տիրապետում եմ թվերի, որոնք ոչ պետական մարմինների կողմից արված սոցիոլոգիական ուսումնասիրությունների վրա են հիմնված: Մինչեւ 1988-2001թթ. ներառյալ` փորձագետները գնահատել են մեկնողների թիվը մոտավորապես 1-1.100 մլն: Հաջորդ հետազոտությունը, որ տեղի է ունեցել 2008թ.` 2002-2007 թվականների համար է: Այս 6 տարիների համար արձանագրել են 150.000 արտագաղթի ծավալ: 2008թ. ի վեր այդպիսի հետազոտություններ չեն արվել: Երբ այս տարի 2011թ. մարդահամարի տվյալները հրապարակվեցին, մեզ հնարավորություն տրվեց գնահատել միգրացիոն, էմիգրացիոն ծավալները 2001-2011թթ. համար: 2001թ. մարդահամարի ժամանակ առկա բնակչության թիվը կազմում էր 3,5 մլն, այս անգամ արձանագրվել էր մի փոքր ավելի` 3,87մլն: Տարբերությունը` առկա բնակչության, 2001-2011թթ. 131.000 անձով պակասել էր: Պարզ է, որ սա հիմնականում արտագաղթի պատճառով է նվազել: Բայց սա ամբողջ արտագաղթի ծավալը չէ, արտագաղթի ծավալն ավելի մեծ է, որովհետեւ այդ տարիներին նաեւ բնական աճ է եղել, եւ այդ աճի շնորհիվ բնակչության թիվը չի ավելացել: 2001-2011թթ. ծնունդների եւ մահերի տարբերությունը կազմել է 126.000 անձ, այսինքն` եթե արտագաղթը չլիներ, այս թիվը պետք է որ ավելացած լիներ, բայց արտագաղթի պատճառով սա էլ չի գրանցվել որպես բնակչության աճ: Բացի դա, այս տարիների ընթացքում ունեցել ենք նաեւ փոքր չափերի ներգաղթ: 10 տարիների ընթացքում եղել է շուրջ 12.000, բայց այս թիվը եւս արտագաղթի պատճառով չի համարվել բնակչության թվաքանակի աճ: Այսինքն` տարեկան միջին հաշվով արտագաղթի ծավալը կազմել է 26.000: Այս թվերը անցանկալի եւ անհանգստացնող են, բայց երբ ասում են, որ վերջին տարիներին արտագաղթի ծավալը կտրուկ աճել է, ես ենթադրում եմ, որ 25.000-ը դարձել է 30.000 կամ ավելի, բայց իրողությունն այն է, որ 10 տարիների ընթացքում 260-265.000-ի են հասնում արտագաղթի ծավալները, որից 131.000-ն առկա բնակչության թվաքանակի նվազումն է, 120.000-ը բնական աճն է այդ տարիների եւ 12.000-ը մշտական բնակության նպատակով Հայաստան ներգաղթածների թիվն է: Արտագաղթը այնպիսի երեւույթ չէ, որ գնացողն ասի` ես արտագաղթում եմ, եւ գնա որեւէ մարմնում հաշվառվի: Այդ ամենի մասին կարելի է տեղեկություններ ստանալ ուսումնասիրության, հարցումների միջոցով: Ներգաղթը նման հետազոտությունների կարիք չունի, որովհետեւ ներգաղթողը սահման է հատում եւ կարգավիճակ է ստանում: Դրանով արդեն կարող են իմանալ` քանիսը մշտական կացության կարգավիճակ ստացան: Արտագաղթի պարագայում դա չես կարող անել: Որպես կանոն, անձնագրային հաշվառումից դուրս է գալիս մեկնողների միայն 10-15 տոկոսը, մնացածը շարունակում են հաշվառված մնալ Հայաստանում` որպես բնակիչներ: Ոմանք արտագաղթի մասին խոսելիս` օգտագործում են ուղեւորահոսքերի ցուցանիշները, ասելով, որ դա միգրանտ է: Դա այդպես չէ:

Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ

«168ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031